Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում կալանավորել են քաղաքական փախստականի եղբորը


  
դիտումներ: 465

Փետրվարի 23-ին Բաքվի Նասիմիի շրջանում քաղաքացիական հագուստով անձինք ձերբակալել են Էլգիզ Սադըխլըին` նրան տանելով Սաբունջիի շրջանային ոստիկանություն:

Ավելի ուշ այդ շրջանի դատավորը Էլգիզին դատապարտել է 30 օրվա կալանքի: Այս մասին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է կալանավորվածի հայրը` Ալովսաթ Սադըգլըն:

Ըստ վերջինիս` իր որդու գտնվելու վայրն անհայտ է: «Սաբունջիի ոստիկանությունում մեզ ասել են, որ որդիս տեղափոխվել է Բինագադի շրջանում գտնվող քննչական մեկուսարան, սակայն մեզ հայտնել են, որ Էլգիզն այնտեղ չէ»,- ասել է Էլգիզի հայրը` հավելելով, որ ինքը չգիտի` ինչում են մեղադրում իր որդուն:

Կայքը հավելում է, որ Էլգիզը քաղաքական փախստական, ներկայումս Գերմանիայում բնակվող և Եվրոպայում անցկացվող հասարակական ակցիաներում Ադրբեջանի իշխանություններին ակտիվորեն քննադատող Թուրալ Սադըգլըի եղբայրն է:

Ավելի վաղ` փետրվարի 18-ին ոստիկանությունը, ձերբակալել էր ակտիվիստի հորը` Ալովսաթ Սադըգլըին և մի քանի օր անց ազատ արձակել: «Ինձ հայտնել էին, որ ձերբակալությունը պայմանավորված է իմ որդու հակապետական գործունեությամբ: Ես առարկել եմ, որ նա կարող է քննադատել իշխանություններին, սակայն հակապետական գործունեությամբ չի զբաղվում»,- ասել է հայրը:

Ալովսաթ Սադըգլըն և իր որդին` Էլգիզը, ձերբակալվել էին նաև 2015 թ-ին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Գերմանիա այցի ընթացքում մի խումբ քաղաքական փախստականներ բողոքի ցույց էին կազմակերպել





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: