Հայերեն   English   Русский  

Էրդողանը ցանկանում է ամուսնական դավաճանության համար ազատազրկում սահմանել


  
դիտումներ: 555

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է կրկին վերանայի ամուսնական դավաճանության քրեականացումը, մի հարց, որը ժամանակին աշխարհիկ թուրքերi վրդովմունքի պատճառ է հանդիսացել:

Ըստ Թուրքիայի առաջնորդի` 2004 թ-ին երկրի կառավարությունը սխալ է թույլ տվել` «շնության» և արտաամուսնական սեքսի համար քրեական պատասխանատվություն չսահմանելով և այդ կերպ Եվրոպական միությանն ընդառաջ գնալով:

«Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է կրկին քննարկել «շնության» մասին հարցը, քանի որ մեր հասարակությունը բարոյական արժեքների առումով այլ դրության մեջ է գտնվում: Դա ինքնաքննադատություն է: Պետք է ասեմ, որ Եվրոպական միության գործընթացում (անդամակցության բանակցություններ) մենք սխալ ենք թույլ տվել… Դա շատ հին խնդիր է: Այն պետք է քննարկվի: Այժմ մենք պետք է գնահատենք «շնության» մասին կանոնների ստեղծումը և, հնարավոր է, սեռական ոտնձգության և այլ խնդիրների հետ մեկտեղ դիտարկենք դրանք»,- լրագրողներին հայտնել է Էրդողանը մայրաքաղաք Անկարայում խորհրդարանական հանդիպումից հետո:

Թուրքիայի Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում ամուսնական դավաճանության համար քրեական պատիժը մի քանի անգամ կիրառվել և վերացվել է: Օրինակ` ընդհուպ մինչև 1996 թ-ը, երբ սահմանադրական դատարանը վերացրել է օրենքը, այն անարդարացի կիրառում է ունեցել. տղամարդկանց կարելi էր պատժել, եթե հաստատվեր արտամուսնական հարաբերությունների երկարաժամկետ լինելը, մինչդեռ կանանց հարցում բավարար էր նույնիսկ մեկ անգամ «բռնացնելը»:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ի սկզբանե նման գաղափար առաջ էր քաշել 2004 թ-ին` իշխանության գալուց երկու տարի անց: Առաջարկվող օրենքով նախատեսվում էր պատասխանատվության ենթարկել «շնության» և արտամուսնական սեքսի համար` որպես պատիժ երեք տարի ժամկետով ազատազրկում սահմանելով:

Սակայն այդ առաջարկը բողոքի ալիք է բարձրացրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, հատկապես` եվրոպական պաշտոնյաների շրջանում, ովքեր հայտարարել են, որ առաջարկվող օրինագիծը զգալիորեն վտանգի տակ է դնում Թուրքիայի` Եվրոպական միությանն անդամակցելը: Այդ ժամանակ` 2004 թ-ի սեպտեմբերին, իշխող կուսակցությունը հրաժարվել է այդ օրենքի իրականացման ուղղությամբ հետագա քայլերից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: