Հայերեն   English   Русский  

Մեր գլխավոր նպատակը աշխարհի առաջնությունն է. Փաշիկ Ալավերդյան


  
դիտումներ: 370

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը օգոստոսի 20-ից հետո կարող է մասնակցել միջազգային ֆեդերացիայի օրացուցային ծրագրում ընդգրկված բոլոր մրցումներին.

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Մեր գլխավոր նպատակը, իհարկե, աշխարհի առաջնությունն է, որտեղ խաղարկվելու են օլիմպիական խաղերի վարկանիշեր: Նոր կանոնակարգի համաձայն, օլիմպիական ուղեգրերը լինելու են անհատական: Այսուհետ Խաղերին յուրաքանչյուր երկիր առավելագույնը կարող է ունենալ 4 կին եւ 4 տղամարդ ծանրորդ:

Մինչեւ տարվա գլխավոր ստուգատեսը, մեր մարզիկները կմասնակցեն ուսանողական խաղերին, Եվրոպայի Մ 20 ու Մ 23 տարեկանների առաջնություններին, որպեսզի լիովին պատրաստ մոտենանք աշխարհի առաջնությանը: Ինչպես նաեւ, կունենաք ուսումնամարզական հավաքներ: Հաջորդ ամիս տղամարդիկ հավաք կանցկացնեն Ուկրաինայում, իսկ կանայք՝ Երեւանի Օլիմպավանում»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Այս տարի կարեւոր մրցում է սպասվում պատանիներին: Բուենոս Այրեսի պատանեկան ամառային խաղերին երկիրը կարող է ներկայացնել մեկ տղա եւ մեկ աղջիկ.

«Մեկ ուղեգիր ունենք տղաներից: Դեռեւս չենք որոշել՝ որ ծանրորդը կմեկնի Բուենոս Այրես: Ամեն դեպքում հանդես կգա ուժեղագույնը: Իսկ աղջիկներն օլիմպիական ուղեգիր կփորձեն ձեռք բերել Եվրոպայի առաջնությունում: Դրա համար պետք է թիմային հաշվարկով զբաղեցնել 1-6-րդ հորիզոնականները: Մեծ հնարավորություններ ունի Լիանա Գյուրջյանը»,- նշեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Նախատեսվում է, որ մարտի 26-ին կլինի ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողով, որին կմասնակցնի նաեւ Փաշիկ Ալավերդյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: