Հայերեն   English   Русский  

​«Խավարի ու ցրտի տարիներ էին, սով էր, բայց որևէ օր հուսահատություն չի եղել, քանի որ գիտեի, թե այդ զրկանքներն ինչի համար եմ կրում»


  
դիտումներ: 5328

Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ «Անկախի» հետ զրույցում շարժման անցուդարձն է վերհիշում լրագրող, առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը։ Նա եղել է Ղարաբաղյան շարժման ակտիվիստ ուսանողներից։

Մասնակցությունը շարժմանը

Մասնակցությունս սկսվել է բնապահպանական ցույցերից, բայց չեմ հիշում, թե ինչպես եմ միացել այդ ցույցերին։ Հիշում եմ իմ մասնակցությունը նստացույցին։ Բանասիրական ֆակուլտետում Ղարաբաղի հետ կապված հերթական քննարկումն էր։ Ուսանողությունն ակտիվորեն ներգրավված էր թե՛ բնապահպանական ցույցերին, թե՛ արդեն Ղարաբաղյան շարժմանը։ ԼՂԻՄ-ի Մարզխորհուրդն արդեն դիմել էր Հայաստանի Գերագույն սովետին ՀԽՍՀ կազմում ընդգրկվելու հարցով, սակայն մեր Գերագույն սովետը չէր արձագանքում։ Դահլիճի բեմ դուրս եկավ Նաիրի Հունանյանը և ասաց. «Ես հենց հիմա գնում եմ նստեմ Թատերական հրապարակում և այնտեղից չեմ հեռանա, քանի դեռ մեր պահանջը չի կատարվի և Գերագույն սովետը չի քննարկի ԼՂԻՄ-ի հարցը։ Ովքե՞ր են գալիս ինձ հետ»։ Խմբով գնացինք ու նստեցինք հրապարակում և մնացինք այնտեղ, մինչև Գերագույն սովետը քննարկեց ու բավարարեց ԼՂԻՄ-ի դիմումը։

Երկար տարիներ հպարտանում էի, որ մեր ուսանողական նստացույցը եղել է միակ շարժումը, որը հստակ պահանջ է դրել, որն իրականացվել է, և միայն դրանից հետո է դադարեցրել պայքարը։ Հետագա տարիներին տեսանք, թե օրինակ՝ որքան «անժամկետ» հացադուլներ եղան, որոնք դադարեցվեցին տարբեր մարդկանց խնդրանքով, թեև ոչ մեկի պահանջն էլ չէր կատարվել։ «100 դրամ» և «Էլեկտրիկ Երևան» շարժումները վերջին տարիներին փոխեցին իրավիճակը։

Խոչընդոտները

Աննա Իսրայելյան

Ամեն անգամ, երբ ուսանողներով ինչ-որ բան էինք նախաձեռնում, խոչընդոտներ կային։ Օրինակ՝ ապրիլի 24-ին որոշել էինք, որ երթով պետք է գնանք Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, մեզ փորձում էին ավտոբուսները խցկել՝ թույլ չտալով երթով գնալ։

Անկախության մասին մեր առաջին կոչերից հետո ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանն ասում էր՝ հասկանո՞ւմ ենք արդյոք, թե անկախության կոչեր հնչեցնելով՝ Հայաստանն ինչ վտանգի առաջ ենք կանգնեցնում։

Ուսանողական շարժման շատ գործիչներ նաև վարչական կալանքի էին ենթարկվում։ Մենք էլ դասադուլ էինք անում՝ պահանջելով, որ մեր դասընկերներին ազատեն։

Ճնշումներ շատ կային, անընդհատ փորձում էին խանգարել։ Բայց ամենամեծ ճնշումները տանն էին: Չգիտեմ, հիմա կարո՞ղ եք պատկերացնել, թե մայրս ինչպես էր ընդունում այն, որ գիշերները տուն չէի գնում ու մնում էի նստացույցի վայրում։

Այդ հոգեբանական ճնշումն ինձ համար ավելի սարսափելի էր, քան օրինակ՝ զանազան ակցիաների ժամանակ հարձակման ենթարկվելու, ծեծվելու վտանգը, ինչպես եղավ «Փակել բոլոր քիմիական գործարանները» գրությունը մայիսի 1-ի շքերթին բարձրացնելու ժամանակ։

Շարժումը, ստեղծված իրավիճակը նոր երևույթներ էին։ Հետո մարդիկ հասկացան, որ Սովետական Միությունը փլուզվում է։ Բայց այն ժամանակ անորոշ էր, և մեր ընտանիքներում չգիտեին, թե հետո ինչ է լինելու։ Եվ ինձ համար ամենածանր բանը դա է եղել. ամեն անգամ, երբ նստացույցի տասնյակ օրերի ընթացքում մի քանի ժամով տուն էի գնում, հետո հազիվ էի դուրս պրծնում։ Այդ դիմադրությունը հաղթահարելն ավելի դժվար էր։

Մոտիվացիան

Գիտակցություն կար, որ ինչ-որ կարևոր բան ենք անում։ Պատահական չէ, որ սկսեցին բանասիրական ֆակուլտետի ուսանողները, հետո միայն միացան այլ ֆակուլտետների և բուհերի ուսանողները։ Մենք տեսնում էինք, թե ինչ է կատարվում մեր լեզվի հետ, մեր դպրոցներում։ Նաև համընդհանուր մթնոլորտն էր այդպիսին։

Հինգերորդ դասարանից շարադրություններս տպագրվում էին «Պիոներ կանչ» թերթում։ Շարադրությունների հեղինակներին այլ աշակերտները շատ էին գրում։ 88-ին, երբ շարժումը սկսվեց, բաժանված հայրենակցին միավորվելու ձգտումն այնքան ուժեղ էր, որ գտա ինձ Ղարաբաղից ուղարկված բոլոր նամակները և բոլորին պատասխանեցի, թեև տասը տարուց ավելի էր անցել։ Հիմա ինքս էլ ժպտում եմ դա հիշելիս։ Այդ ամենը հասկանալու համար պետք է զգալ այն ժամանակվա ոգին։

Աննա Իսրայելյան

«Էլեկտրիկ Երևանի» ժամանակ էլ նման դրսևորում տեսանք, բայց այն ժամանակ դա նորություն էր. անընդհատ ուշադրության կենտրոնում էինք, մեզ համար սնունդ, ծածկոցներ էին բերում, վերջերս մի տեսանյութ գտա, թե ինչպես էր Արթուր Մեսչյանը եկել ու երգում էր մեզ համար։ Բոլորովին այլ մթնոլորտ էր, ազգը բոլորովին այլ որակներով էինք տեսնում։ Այդ որակները դրսևորվեցին նաև 2016-ի ապրիլին։ Ափսոս, միայն բացառիկ դեպքերում է դա արտահայտվում։

Տեսլականը

Մենք երազ, տեսլական ունեինք՝ առաջին հերթին ունենալ ազատ երկիր։ Որքան էլ հիմա կարոտախտով հիշեն սովետական տարիները, այն ժամանակ Հայաստանը ազատ երկիր չէր և բազմաթիվ խնդիրներ ուներ։ Մենք կարծում էինք, որ անկախություն նվաճելու հետ մեկտեղ այդ խնդիրները կլուծվեն։ Օրինակ՝ տեսնում էինք ռայկոմի քարտուղարների պահվածքը, կյանքը և հավատում էինք, որ նոր Հայաստանում դա չի լինելու։

Պահանջ` օրենքի սահմաններում

Ոչ մեկս չէր կարծում, որ այդ ամենը հանգեցնելու է պատերազմի։ Սկզբնական շրջանում հույս կար, որ ինչպես մեկ որոշմամբ Ղարաբաղը հանկարծակի հայտնվել է Ադրբեջանի կազմում, հանգիստ կերպով էլ նման մեկ այլ որոշմամբ կարող է Հայաստանի կազմ վերադարձվել, ուղղակի պետք էր բացատրել որոշում կայացնողներին, ցույց տալ, որ չենք համակերպվի իրավիճակի հետ։

Բայց երբ հասկացանք, որ խնդիրն օրենքով չի լուծվի, որ պատերազմն անխուսափելի է, պայքարի ոգին չկոտրվեց, ուսանողական պայքարի շատ մասնակիցներ կամավորական դարձան ու ռազմաճակատ մեկնեցին։ Որքան էլ ասեն, թե խավարի ու ցրտի տարիներ էին, սով էր, միևնույն է, գեթ մի օր հուսահատություն չի եղել, քանի որ գիտեի, թե այդ զրկանքներն ինչի համար եմ կրում։ Հուսահատությունը շատ-շատ հետո եկավ։

Ինչ էինք ուզում և ինչ ունեցանք

Սկզբնական շրջանում, երբ նախարար Արեգ Գրիգորյանի օրոք որոշվեց, որ հայ երեխան միայն հայկական դպրոց պետք է գնա ու վերահսկողությունը խստացվեց, դա ինձ համար գլխավոր հաղթանակներից մեկն էր։ Տևական ժամանակ նա ինձ համար Հայաստանի լավագույն նախարարն է եղել։ Շարժման շնորհիվ, Ղարաբաղի պատկանելությունը վիճարկելուց բացի, կասեցվեց նաև անկասելի թվացող ռուսաֆիկացիան, որի առաջ գտնվում էր Հայաստանը: Որոշ խնդիրների լուծման իմաստով մենք հաջողության հասել ենք։ Բայց ավելի լավ Հայաստանի, ավելի արդար Հայաստանի չենք հասել։

Աննա Իսրայելյան

Ես ՀՀՇ-ի «Հայք» թերթում էի աշխատում ու մի քանի վարչության նիստ լուսաբանելու հնարավորություն եմ ունեցել։ Տեսնում էի, թե ինչպես են կոմիտեի անդամները անհամաձայնություն հայտնում միմյանց, իրենք էլ էին տեսնում, որ ինչ-որ բան ճիշտ հունով չի ընթանում։

Որտե՞ղ թերացանք

«Ղարաբաղ» կոմիտեի անդամները պետական կառավարման փորձ չունեին։ Բացարձակ իշխանությունն էլ փչացնում է մարդուն։

Մեր Ժողովուրդը, ինչպես պարզվեց, մի վատ սովորություն ունի. անընդհատ ինչ-որ մարդկանց բարձրացնում է, մեծարում, հետո ցած նետում։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին վերաբերվում էին որպես կիսաստվածների։ Բայց երբ պարզվեց, որ սովորական մարդիկ են ու զերծ չեն թուլություններից, սկսվեց կատաղի քննադատությունը։ Սթափ մոտեցումն էր բացակայում եղելությունների հանդեպ։

Վատ դեր ունեցան նաև շարժման ներքին երկպառակությունները, երբ պարզվեց, որ որքան էլ մի միասնություն էին, բայց տարբեր կերպ էին պատկերացնում Հայաստանի ապագան և ուղին: Մինչ օրս չեմ կարող պատկերացնել, որ Ղարաբաղ կոմիտեի ողջ մնացած անդամները կարող են հավաքվել մի տեղում։ Տխուր վերջաբան է նման լուսեղեն ու մինչ այդ աննախադեպ շարժման համար։

Ի՞նչը կփոխեր

Ոչինչ, որովհետև ինձ համար դա իմ կենսագրության մի լուսավոր հատված է, և մեր նորանկախ հանրապետության պատմության շատ սիրուն էջ։ Չէի ուզենա, որ որևէ պահ այլ կերպ ապրվեր, քան եղել է։

Շարժումը՝ հուշերում

Ինձ համար շարժման խորհրդանիշ է Սասուն պապիկը, որը մինչև հիմա էլ մասնակցում է ցույցերին, նաև այն կինը (անունը չեմ հիշում), որի թղթից գլխարկի վրա գրված էր՝ «Անդրանիկ, փրկիր հայերին»։ Չիմացա նրա հետագա ճակատագիրը, բայց շարժման մասին խոսելիս միշտ նրան եմ հիշում։ Նաև լավ հիշում եմ հայտնի պաստառի շուրջ քննարկումները և դրա պատրաստումը. «Պրավդա» թերթի գլխագրերով պաստառի վրա գրել էինք «ЛОЖЬ»։

Մինչև հիմա սիրտս ջերմությամբ է լցվում, երբ հիշում եմ, թե ինչպես Արմեն Դավթյանն ամեն երեկո կորցնում էր իր բաճկոնը և առավոտյան գտնում, նորից խնամքով ծալում ու մի տեղ դնում՝ հուսալով, որ երեկոյան կգտնի ու կհագնի: Չնայած մայիսն էր, բայց ամեն երեկո անձրև էր գալիս, գիշերները ցուրտ էր լինում, իսկ ցերեկվա ժամերին կիզիչ շոգ էր։

Հիշում եմ նաև, թե ինչպես էր գուսան Համազասպը, որին մենք կատակով գուսան Անզուսպ էինք կոչում, մեզ վրա բարկանում էր, թե մի ծիծաղեք, լուրջ եղեք, որ հաղթենք։

Լուսանկարները՝ Աննա Իսրայելյանի ֆեյսբուքյան էջից





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: