Հայերեն   English   Русский  

​Գյուղացիները գոհ են սուբսիդավորման ծրագրերից, բայց կարծում են, որ ավելի շատ պետք է լինեն


  
դիտումներ: 3118

Կառավարությունը փետրվարի 22-ի նիստում գյուղատնտեսության ոլորտին վերաբերող երեք ծրագիր հաստատեց: Ինչպես հետո տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը,

մատչելի գներով պարարտանյութի ձեռքբերման ծրագրով Հայաստան կներմուծվի 3000 տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ. «Սուբսիդավորման շնորհիվ գյուղացիները մեկ պարկը կարող են ձեռք բերել 7 հազար դրամով»,- ասաց փոխնախարարը:

Այսինքն՝ ֆոսֆորական պարարտանյութի դեպքում կսուբսիդավորվի մեկ պարկի արժեքից 6000 դրամը, և պարարտանյութը գյուղացիները ձեռք կբերեն 1 պարկը 7 հազար դրամով: Կալիումական պարարտանյութի գնից կսուբսիդավորվի 3500 դրամը, և գյուղացիները պարարտանյութը կգնեն կրկին 1 պարկը 7 հազար դրամով:

Արարատի, Արմավիրի ու Սյունիքի մարզի մի շարք գյուղացիների ու գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ մասնավոր զրույցներից պարզվեց, որ բոլորն էլ պարարտանյութերի սուբսիդավորման ծրագրից գոհ են:

«Հայ գյուղացին էսօր լուրջ պրոբլեմ ունի, եկամուտները ցածր են, ամեն մի կոպեկն էլ մեզ համար նշանակություն ունի: Օրինակ՝ տարբերությունը պարարտանյութերը կամ դիզելային վառելիքը շուկայից ձեռքբերելու դեպքում: Բայց հաշվի առնենք, որ գյուղացին ոչ թե մեկ պարկ պարարտանյութ է ձեռք բերում, այլ միանգամից մի քանի՝ կախված հողի չափից, իր հնարավորություններից և այլն, ոչ թե 1 լիտր դիզվառելիք է ձեռք բերում, այլ 150-200 կամ 300 լիտր: Ու էդ դեպքում մի 20-30-40 հազար խնայողություն է կազմում սուբսիդավորված գնով պարարտանյութ ձեռբերելը ու մի 10-15 հազար էլ՝ դիզվառելիքն էժան գնելը: Ես ասում եմ ու վստահ եմ, որ ոչ միայն մեր, այլ ամբողջ երկրում գյուղացիների 99 տոկոսն էլ նույնը կասի՝ էդ 30-40 հազար դրամն էսօր գյուղացու համար լուրջ գումար է, ու կառավարությունը ոչ թե պիտի մտածի էս ծրագրերը կասեցնելու, այլ ավելի շատ գյուղացուն օգնելու մասին»,- նշում էր գեղանիստցի Ռաֆիկը:

Խաչպարից Շահեն Մարտիրոսյանն էլ վստահեցնում էր՝ պարարտանյութերի, դիզվառելիքի գների սուբսիդավորման ծրագրերն այն եզակիներից են, որոնցից գրեթե բոլորը ցանկանում են օգտվել ու գոհ են:

Ինչ վերաբերում է դիզելային վառելիքի գների սուբսիդավորման հարցին, ապա կառավարությունը մինչ այդ որոշել էր, որ այս տարվանից կասեցնում է այդ ծրագիրը: Եվ 2018 թվականի պետական բյուջեով կառավարությունը դիզելային վառելիքի համար սուբսիդավորում չէր նախատեսում: Բայց քանի որ դիզելային վառելիքի գինը բարձրացել է՝ պայմանավորված հարկային օրենսգրքով ակցիզային հարկի բարձրացմամբ, գործադիրը որոշեց կրկին սուբսիդավորում իրականացնել: Եվ գյուղաջակցության երրորդ ծրագիրը, որ կառավարությունը հաստատեց փետրվարի 22-ի նիստում, դիզվառելիքի սուբսիդավորումն է, որին կտրամադրվի 360 մլն դրամ, ձեռք կբերվի մինչև 6 մլն լիտր դիզվառելիք, սուբսիդավորման գումարը կկազմի մեկ լիտրի հաշվով 60 դրամ: «Մինչև 3 հա հողատարածք ունեցողներին կտրամադրվի մինչև 200 լիտր չափաբաժնով: Դիզելային վառելիքը հողօգտագործողներին կվաճառվի մարզային ղեկավարության վերահսկողության ներքո»,-ասաց Ռոբերտ Մակարյանը:

Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012- 2017 թթ. իրականացվել է դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 16 ծրագիր:

Դիզվառելիքի գների սուբսիդավորման կապակցությամբ Սյունիքից մեխանիզատոր Արման Ամիրխանյանը, սեփական փորձը հաշվի առնելով, նշում էր, որ եթե կառավարությունը դիզվառելիքի գները չսուբսիդավորի՝ գյուղացիները կսկսեն ավելի քիչ հող մշակել: Նրա դիտարկմամբ՝ անգամ սուբսիդավորված գնով էր դիզվառելիքը գյուղացիների համար թանկ, շատերն անգամ ցածր գնով են դժվարանում վառելիք ձեռք բերել: Լիտրի մեջ անգամ 50-60 դրամ տարբերությունը իսկապես էական տարբերություն կարող է թվալ գյուղացիների մեծամասնության համար:

Մյուս ծրագիրը, ինչպես տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարարը, գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրն է, որով նախատեսվում է մինչև 746 մլն 570 հազար դրամ ծախսել: Այս ծրագրով ձեռք կբերվի 2141,5 տոննա սերմ:

Երկրում հացահատիկային և լոբազգի բույսերի կուլտուրաների ինքնապահովման մակարդակը շատ ցածր է: Ըստ ծրագրի նպատակների՝ անհրաժեշտ է բարձրացնել կերի կուլտուրաների ինքնապահովման մակարդակը:

Գյուղատնտես Էդիկ Հակոբյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այս ծրագրերին, նշեց, որ երեքն էլ կարևոր են գյուղացու ու գյուղացիական տնտեսությունների համար: Պարարտանյութի ու դիզվառելիքի գների սուբսիդավորման ծրագրի դրական կողմերն ակնառու են անզեն աչքով. նույն քանակի վառելիքի ու պարարտանյութերի համար գյուղացին ավելի քիչ է վճարում: Ինչ վերաբերում է սերմերի ծրագրին, ապա այն այսօր ծայր անհրաժեշտություն է:

«Հողագործության մեջ կարևոր սկզբունք կա՝ լավ արդյունք ստանալու համար պետք է հողդ լավ մշակես, բոլոր աշխատանքները ճիշտ, ժամանակին ու պատշաճ իրականացնես, բայց գլխավոր դերերից մեկը բաժին է հասնում սերմերին: Եթե բոլոր աշխատանքներդ ճիշտ ու ժամանակին անես, բայց լավ սերմ չցանես, արդյունքդ էլ վատ է ստացվելու: Սերմերն էլ պարբերաբար պետք է թարմացվեն: Որովհետև 2-3 տարի հետո այդ սերմերը, այսպես ասած, «հոգնում են», ու նոր՝ բարձրակարգ սերմեր ձեռք բերելու խնդիր է առաջանում: Բացի այդ, ինչքան ես կարողացա հասկանալ կառավարության ծրագրից, այսօր մենք կերային մշակաբույսերի լուրջ խնդիր ունենք, ու ոլորտը զարգացնելու համար սերմեր են ներկրվում: Սա, իհարկե, ճիշտ քայլ է: Եթե պետությունը տեսնում է, որ ինչ-որ մշակաբույս, որի կարիքը մենք շատ ունենք, կամաց-կամաց ավելի քիչ է մշակվում, ուրեմն պետք է խթանող ծրագրեր անի, շահագրգռի գյուղացիներին ու ֆերմերներին այդ մշակաբույսերը աճեցնելու համար: Այդ ծրագիրը հենց այդ խնդրին է միտված: Իհարկե, միայն սերմերով հարցը չի լուծվի, բայց շատ կարևոր է»,- ասաց Էդիկ Հակոբյանը:

Մի խոսքով, այս տարի ևս սուբսիդավորման ծրագրերը կշարունակվեն, գյուղացիները կկարողանան գոնե մի փոքր ավելի էժան գներով պարարտանյութ, դիզվառելիք կամ սերմեր ձեռք բերել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: