Հայերեն   English   Русский  

Հայաստանի ՏՏ ոլորտի համար լուրջ հնարավորություններ են բացվում


  
դիտումներ: 1672

Այս տարի Հնդկաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) ավարտին Հնդկաստանը հաջորդ համաժողովն անցկացնելու էստաֆետը փոխանցեց Հայաստանին՝ WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքները սկսելու համար:

Ասենք, որ Հնդկաստանում անցկացված համաժողովից մի շարք կարևոր ձեռքբերումներ է ունեցել Հայաստանը, և երկրորդ՝ հաջորդ տարի այդ համաշխարհային հեղինակավոր համաժողովը Հայաստանում անցկացնելու փաստը խիստ կարևոր է մեր երկրի համար: Այդ համաժողովներին մասնակցում են ՏՏ ոլորտում գործող աշխարհի հայտնի ու խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, տարբեր երկրների պատասխանատուներ, նախարարներ, փոխնախարարներ, համալսարանականներ և այլն: Հնդկաստանում, օրինակ, այդ համաժողովին մասնակցել են շուրջ 2500 ընկերությունների ղեկավարներ:

Համաժողովի շրջանակներում հայկական պատվիրակությանը հաջողվեց պայմանագիր կնքել Հնդկաստանի հետ «Արմաթ» լաբորատորիաների ներդրումը հնդկական դպրոցներում իրականացնելու համար, և առաջիկա տարիներին հայկական կողմը Հնդկաստանում կիրականացնի այդ լաբորատորիաների ներդրումը: Սկզբում կիրականացվի փորձնական ծրագիր, այնուհետև մոտ 300 այդպիսի լաբորատորիաներ կներդրվեն, իսկ ընդհանուր առմամբ պայմանագրով նախատեսված է Հնդկաստանում հիմնել 3000 նման լաբորատորիա: Սա ոգևորիչ ու կարևոր իրադարձություն է, քանի որ այդպիսի գիգանտ պետությունը հետաքրքրություն ցուցաբերեց հայկական կրթական ծրագրի նկատմամբ:

Բացի Հնդկաստանից, «Արմաթ» լաբորատորիաներ ցանկանում են հիմնել նաև Ուգանդան ու Եթովպիան, և այդ ուղղությամբ արդեն իսկ հուշագրեր կան: Սա, ինչպես նշում է «Արմաթ» լաբորատորիաների ծրագրի համահեղինակներից «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն, ԻՏՁՄ վարչության անդամ Արման Պողոսյանը, կնպաստի Հայաստանում այս ծրագրի ամբողջական իրագործմանը, քանի որ ստացված միջոցները նաև կուղղվեն Հայաստանում այս ծրագրի զարգացմանն ու շարունակականությանը:

Եվ, վերջապես, չորրորդ ու գլխավոր ձեռքբերումը հենց հաջորդ տարի՝ WCIT 2019 համաժողովը Հայաստանում անցկացնելու հերթափոխը վերցնելն էր:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ համաժողովն, ընդհանուր առմամբ, ուղղված չէ Հայաստանին, այլ ուղղված է համաշխարհային ՏՏ ոլորտի խնդիրների քննարկմանը: Բայց քանի որ այդ համաժողներին մասնակցում են համաշխարհային խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, ընկերություններ, որոնք 150-200 հազար աշխատակից ունեն, նաև այս ոլորտը համակարգող, կառավարող մարմինների ներկայացուցիչներ, սա շատ կարևոր հնարավորություն է ընձեռում Հայաստանին ներկայացնելու մեր ՏՏ պոտենցիալը:

«Այստեղ համատեղվելու են հիմնական երկու խումբ մարդիկ՝ համաշխարհային ՏՏ ինդուստրիայի ոլորտում առաջատար ընկերությունների ղեկավար անձնակազմը, ինչպես մենք տեսանք Հայդարաբադում, այնպես էլ հանրային քաղաքականությամբ զբաղվող մարդիկ՝ նախարարներ, փոխնախարարներ, կարգավորող մարմիններ և այլն: Սա շատ լավ հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար ոչ միայն փորձի փոխանակում իրականացնելու առումով, այլև գործնական բանակցություններ վարելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու տեսանկյունից: Քանի որ Հայաստանն առևտրային հարաբերություններ և մուտք ունի տարբեր միություններում ու երկրներում՝ ԵԱՏՄ, ԵՄ, ԱՄՆ, Իրան և այլն, և քանի որ Հայաստանը տարբեր հարթակներում բազմիցս հիշատակվել է որպես կամուրջ, ապա սա լավագույն հարթակ է, որը կարող ենք օգտագործել ապահովելու համար այլ ընկերությունների հասանելիությունը դեպի այլ շուկաներ, ընդ որում՝ լավագույն տնտեսական պայմաններով»,- «Անկախի» հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատուրյանը:

Իսկ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի դիտարկմամբ՝ միայն նյութական ակնկալիքներ չէ, որ հայկական կողմն ունի համաժողովից: Պետք է մարդկանց իրար հետ շփվելու հնարավորություն ստեղծել և փոխադարձ վստահություն ձևավորել: Եվ եթե հայկական կողմին հաջողվի այդ նեթվորքինգը ճիշտ կազմակերպել, որպեսզի մինչև Հայաստան գալը մարդիկ արդեն շփված լինեն և արդեն կոնգրեսում լուրջ վստահություն լինի, ապա, ըստ Վարդանյանի, դա արդյունք կտա թե՛ համաշխարհային ՏՏ-ին, թե՛ Հայաստանի ՏՏ սեկտորին: Ընդ որում, եթե համաժողովը համաշխարհային ՏՏ-ին կարող է կես տոկոսի արդյունք տալ, ապա Հայաստանի ՏՏ ոլորտի համար կարող է 40-50 տոկոս աճի հնարավորություն ընձեռել:

Կարեն Վարդանյան

«Բայց որպեսզի այդ հնարավորությունը ստանանք, նախ պետք է մեր ենթակառուցվածքները պատրաստենք, երկրորդ՝ մեր ընկերություններին պատրաստենք ճիշտ շփումների, ճիշտ ներկայանալու և ճիշտ մոտեցումների, ինչը այնքան էլ հեշտ չէ: Որովհետև խոշոր ընկերությունների մոտեցումները բոլորովին ուրիշ են, հետևաբար վստահություն ստեղծելու, կապեր ստեղծելու և ռեֆերենսներ ստեղծելու պահն է կարևոր: Օրինակ՝ եթե մեր մի ընկերություն ինչ-որ կապ է ստեղծել խոշոր ընկերության հետ, կարևոր է դրա մասին իմանալ ու հետագայում այդ կապերն օգտագործել նաև այլ ընկերությունների համար: Դրանք նշանակալի երևույթներ են»,- «Անկախին» ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Բացի նյութական հնարավորություններից, ինչպես շեշտեց Կարեն Վարդանյանը, խիստ կարևոր է նաև այս ոլորտի զարգացման փիլիսոփայական կողմը: Նա հիշեց, որ Հնդկաստանում առաջին ելույթ ունեցողը նրանց սան գուրուներից էր՝ հոգևոր առաջնորդներից, որ խոսում էր փիլիսոփայական հարցերի շուրջ, և մեծ հետաքրքրություն կար նրա ելույթի նկատմամբ, որովհետև այսօր շատերը նման համաժողովների մասնակցում են փիլիսոփայական պատասխաններ ստանալու համար:

«Այսօր աշխարհը շատ հակասական է զարգանում, և մարդիկ չեն կարողանում կանխատեսել ոչ միայն տեխնոլոգիական, ոչ միայն գեոքաղաքական, ոչ միայն մարդկային հարաբերությունների, այլև ընդհանրապես բոլոր զարգացումների ընթացքը: Այս ամբողջ կոմպլեքսն այսօր կախված է օդից: Եվ մարդիկ ուզում են գտնել պատասխան, թե ինչպես իրենց կյանքը շարունակեն, քանի որ բոլորը հասկանում են, որ այս կոնստրուկցիան, որն այսօր կա, այսօրվա բարոյական սկզբունքների և այլնի առումով փլվող կոնստրուկցիա է, լինի ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում, Հայաստանում, Ռուսաստանում թե այլուր: Կարծում եմ՝ այսօր ճիշտ կլինի, որ մենք էլ որոշակիորեն ապահովենք տարբեր ռեգիոնների փիլիսոփայական առաջնորդների հանդիպում ու զրույց հենց իմ ասած թեմայով, թե ինչպես շարունակել կյանքը, որովհետև դա այսօր բոլորին է հետաքրքրում և շատ ավելի շատ է հետաքրքրում, քան բիզնես հնարավորությունները, փողը»,- ընդգծեց Կարեն Վարդանյանը:

Ինչպես նշում են ոլորտը համակարգող ու պետական մարմինների ներկայացուցիչները, ստեղծվելիք հնարավորություններից օգտվելը նաև մեր բիզնեսմենների շնորհքի հարցն է, թե ինչպես կկարողանան ամեն ինչ կազմակերպել: Իսկ համաժողովը լուրջ հնարավորություն կտա, որպեսզի այլևս ոչ ոք զրույցը չսկսի հետաքրքրվելով, թե որտեղ է Հայաստանը, ինչ արժեքներ ունի, ինչ տեխնոլոգիական ոլորտ և այլն:

Իհարկե, բիզնես ոլորտի ներկայացուցիչները նույնպես ոգևորված են, որովհետև հազվադեպ է լինում նման հնարավորություն, և նրանք էլ պատրաստվում են այս հնարավորությունն առավելագույնս օգտագործել:

Այս առումով «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը շեշտում է, որ շատ կարևոր է ոչ թե այն, որ իրավիճակը, աշխարհը ու հատկապես ՏՏ ոլորտը շատ արագ են փոխվում, այլ որ այդ փոփոխությունների համատեքստում նաև էթիկական լուրջ հարցեր կան, բարոյականության խնդիրներ: Արագ փոփոխվող աշխարհում դեռ ոչ մի կանոնակարգ չկա, թե ինչպես են լինելու արհեստական ինտելեկտի ու մարդու հարաբերությունները, այն ավելի՞ շատ է կուլ տալու մարդուն, թե՞ օրենքներով է այս դաշտը կարգավորվելու:

«Այստեղ չկա իրավիճակ, որ մենք պետք է ոլորտի առաջատար երկրների օրինակին հետևենք. բոլորի համար հավասար պայմաններ են: Տեխնոլոգիական հեղափոխությունները հանգեցնում են մի վիճակի, երբ դու բոլորից առաջ անցնելու շանս ես ունենում: Ու եթե մենք այստեղ արդեն ամբիցիոզ թեմաներ ունենք, մեկն ապակենտրոնացումն է: Ու ապակենտրոնացումը ոչ միայն տեխնոլոգիաներին, ոչ միայն արտադրությանն է վերաբերում, այլև վերահսկման մեխանիզմների, կառավարման ապակենտրոնացման մասին է խոսքը: Այսինքն՝ բոլոր մոդելները փոխվում են: Հետևաբար քո գործիքներով, քո մշակույթով ու քո միսիայով աշխարհը փոխելու լուրջ շանս կա, ցույց տալու տեղ, որտեղից փոխվում է աշխարհը, այլ ոչ պարզապես բիզնես: Այսինքն՝ չենք ասում՝ մենք էլ ենք բիզնես, մեզ էլ լավ նայեք, մեզ էլ ինչ-որ պատվեր տվեք: Ո՛չ: Խոսքը նրա մասին է, թե ինչպես փոխենք աշխարհը, ինչպես այստեղից փոխենք».- ասում է Արման Պողոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: