Հայերեն   English   Русский  

​Համազասպ Հարությունյան. խորհրդային դիվանագիտության հայ ասպետը


  
դիտումներ: 838

Համազասպ Հարությունյանը Խորհրդային Միության դիվանագիտական պատմության առանցքային դեմքերից է, միակ հայը, որ Ստալինի հետ մասնակցել է Պոտսդամի խաղաղության պատմական գագաթնաժողովին:

Ականավոր դիվանագետը ծնվել է 1902 թ., Բաքվում: Նրա ծնողները բնիկ արցախցի էին: Պատանեկան հասակից մասնակցել է հեղափոխական շարժումներին, ընդունվել բոլշևիկյան կուսակցություն: Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո տեղափոխվել է Թիֆլիս, պատասխանատու պաշտոններ զբաղեցրել կուսակցական կազմակերպություններում: 1922 թ. Հայաստանի նորաստեղծ կառավարության նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով ժամանել է Երևան և նշանակվել կոմերիտմիության Կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, ընտրվել բյուրոյի անդամ: Այնուհետև Մյասնիկյանի խորհրդով ու երաշխավորությամբ մեկնել է Մոսկվա, ընդունվել Մոսկվայի պետհամալսարանի միջազգային բաժին, ապա լուսավորության նախարարության որոշմամբ ընդունվել ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարան՝ ստանալով տնտեսագիտության դոկտորի աստիճան:

1930-1943 թթ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում աշխատելուց հետո Հարությունյանն անցել է դիվանագիտական աշխատանքի:

Փոքր քայլ դեպի մեծ քաղաքականություն

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, որի համար Համազասպ Հարությունյանը դիվանագետի իդեալ է, ծավալուն հոդվածաշար է գրել նրա մասին, որտեղ չափազանց ուշագրավ մի դրվագ կա. «1943 թ. հունվարյան մի ցուրտ երեկո՝ ուշ ժամին, հնչում է Հարությունյանների տան հեռախոսը: Լարի մյուս ծայրից հայտնում են, որ նրա հետ կխոսի արտգործնախարար Վյաչեսլավ Մոլոտովը: Խոսակցությունը կարճ էր. Մոլոտովը նրան հրավիրում էր «կարևոր հարցի շուրջ» զրույցի: Հաջորդ օրը նախարարն առանց առաջաբանի ասում է. «Համո՛ Ակիմովիչ (ռուսները գտել էին նրան դիմելու այդ դյուրին ձևը), նկատի ունենալով Ձեր գիտական և հասարակական աշխատանքի մեծ փորձը, օտար լեզուների իմացությունը՝ նպատակահարմար է դիտվում քննարկել Ձեր արտգործնախարարություն տեղափոխվելու հարցը»:

Այնուհետև Մոլոտովը հայտնում է, որ հակահիտլերյան կոալիցիայի պետությունները բանակցում են մի շարք քաղաքական և տնտեսական սուր հարցերի շուրջ, որոնք երկրագունդը կժառանգի պատերազմի պատճառով. «Խոսքը վերաբերում է պատերազմի հետևանքով երկրների քայքայված արդյունաբերության և գյուղատնտեսության վերականգնմանը, պարենային խնդիրներին, խաղաղության պայմանագրերի կնքմանը: Խորհրդային Միության դերն այստեղ որոշիչ է լինելու: Այդ քաղաքականության իրականացումը դրվում է արտգործնախարարության վրա, և Ձեզ` որպես ճանաչված տնտեսագետ-ամերիկագետի, վստահվում է լինել այդ գործընթացը ղեկավարողներից մեկը»:

Համազասպ Հարությունյան

Այդպես սկսվում է Հարությունյանի երկարամյա պատասխանատու գործունեությունը Խորհրդային Միության դիվանագիտական գերատեսչությունում. 1944-1954 թթ.՝ ԽՍՀՄ արտգործնախարարության տնտեսական հարցերի բաժնի վարիչ, ԽՍՀՄ ներկայացուցիչը ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովում, 1948-1953 թթ՝ ԽՍՀՄ արտգործնախարարության կոլեգիայի անդամ, 1954-1955 թթ.՝ խորհրդական, 1955-1958 թթ.՝ եվրոպական բաժնի վարիչ, ԽՍՀՄ ներկայացուցիչ Աշխատանքի միջազգային կազմակերպության վարչական խորհրդում, 1958-1963 թթ.՝ ԽՍՀՄ դեսպան Կանադայում, 1963-1970 թթ.՝ պատասխանատու աշխատող ԽՍՀՄ արտգործնախարարության կենտրոնական ապարատում։

1945 թ. Հարությունյանը մասնակցում է Պոտսդամի պատմական գագաթնաժողովին ամենևին ոչ երկրորդական դերակատարմամբ: Այդ գագաթնաժողովից հետո ստեղծվում է արտաքին գործերի նախարարների խորհուրդ, որտեղ նա մոսկովյան պատվիրակության ամենաակտիվ անդամներից էր: Հայտնի գագաթնաժողովից նաև պատմական լուսանկար կա. առաջին պլանում Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Խորհրդային Միության ղեկավարներն են՝ Էթլին, Թրումանը և Ստալինը, իսկ երկրորդ շարքում՝ Մոլոտովը, Հարությունյանը և այլք:

Իր գործունեության ընթացքում Հարությունյանը մասնակցել է նաև Թեհրանի, Ղրիմի կոնֆերանսներին, Փարիզի խաղաղության կոնֆերանսին, ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի նստաշրջաններին և միջազգային տարբեր համաժողովների։

Կյանքի վերջին տարիներին դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանում և Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Պարգևատրվել է ԽՍՀՄ պետական բարձրագույն և մի շարք բարձր պարգևներով: Մահացել է 1971 թ.:

«1972 թ. Ֆրանսիայում հրատարակված L’Armeniռ տեղեկագիրն աշխարհի երևելի հայերի` Անաստաս Միկոյանի, Վիկտոր Համբարձումյանի, Արտեմ Ալիխանյանի, Արամ Խաչատրյանի, Անրի Թրուայայի, Վիլյամ Սարոյանի, Գառզուի, Գալուստ Գյուլբենկյանի և կարդինալ Աղաջանյանի կողքին նշում է դիվանագետ Համազասպ Հարությունյանի անունը: Նա դասվում է Չիչերինի, Կարախանի, Կոլոնտայի, Լիտվինովի, Գրոմիկոյի, Վինոգրադովի, Զորինի, Տրոյանովսկու և խորհրդային մյուս ականավոր դիվանագետների շարքը»,- գրում է Նավասարդյանը՝ նշելով, որ նա առաջին մեծության աստղ էր XX դարի խորհրդային դիվանագիտության երկնակամարում:

Ճակատագրական այց Հայաստան

Համազասպ Հարությունյան

«Հարությունյանի կապվածությունը հայրենիքի հետ նոր բովանդակություն ստացավ, երբ նա 30 տարի ընդմիջումից հետո կրկին այցելեց Հայաստան,- իր հոդվածաշարում պատմում է Նավասարդյանը:- Այցելությունը բեկումնային եղավ նրա կյանքում բոլոր իմաստներով: Մոսկվայից ժամանած պատվավոր հյուրին Երևանում ընդունում են ինչպես որ հարկն է. պաշտոնական հրավերներ, հանդիպումներ, այցելություններ: Երևանի հախճապակու գործարանում Հարությունյանին ընծայում են իրենց արտադրած սափորը, որը նրան է հանձնում գլխավոր ինժեներ Անահիտ Թումանյանը` մեծ բանաստեղծի թոռը: Դեռատի կնոջ գեղեցկությունը ցնցում է Հարությունյանին: Հարությունյանը սիրում էր Թումանյանին, անգիր գիտեր նրա ստեղծագործություններից շատերը: Սակայն նա այցելում է Թումանյանի նորաբաց թանգարանը ոչ միայն անմահ բանաստեղծին հարգանքի տուրք մատուցելու համար: ...Այստեղ նա կրկին հանդիպում է Անահիտին և առաջարկում իր սիրտն ու ձեռքը: Վերջինս շփոթված ասում է, որ ինքն ամուսնացած է, ունի երեխա, ինչին հյուրը պատասխանում է ֆրանսերեն երկու բառով. «Coup de Foudre» (բառացի «Կայծակի հարված») և թարգմանում. «Սեր առաջին հայացքից»: Շատ չանցած՝ Անահիտը տեղափոխվում է Մոսկվա, և նրանք ամուսնանում են»:

Ի դեպ, մինչ Անահիտի հետ ամուսնությունը նա պայքարում էր, որ վերանայվի Թումանյանի որդիների գործը, որոնք ստալինյան բռնաճնշումների զոհ էին դարձել: Գործը բողոքարկվում է, և Թումանյանի որդիները հետմահու արդարացվում են:

Ոչ միայն մեծ դիվանագետ, այլև մեծ հայ

Համազասպ Հարությունյան

Համազասպ Հարությունյանը թերևս մեզ համար ընկալվեր իբրև զուտ սովետական անվանի գործիչ, եթե նրա գործունեությունը սահմանափակվեր խորհրդային դիվանագիտական աշխատանքով, թեկուզև՝ փայլուն ու անգնահատելի: Սակայն նրա կերպարը մեզ համար կարևոր ու ամբողջական է դառնում Հայաստանի ու հայ ժողովրդի խնդիրների նկատմամբ նրա մեծ հետաքրքրության ու սրտացավության համատեքստում: Մեծ էր նրա համակրանքը հատկապես Մոսկվայում ուսանող հայ ակտիվ երիտասարդների նկատմամբ, որոնց հետ ամուր ու ընկերական կապեր էր հաստատում, իր փորձն ու գիտելիքները փոխանցում և պատրաստում նրանց իբրև Հայաստանի ապագա քաղաքական ու պետական այրերի:

Այդ երիտասարդներից մեկն էլ հետագայում Հայաստանի անկախության հիմքերը կերտած գործիչներից էր՝ Վազգեն Մանուկյանը: Նա խոստովանում է, որ Համազասպ Հարությունյանին է պարտական իր իբրև քաղաքական գործիչ կայանալու համար:

Մանուկյանի վրա մեծ տպավորություն է թողել Հարությունյանի հետ առաջին հանդիպումը: Մոսկվայում սովորելու տարիներին մի խումբ ուսանողներով որոշել են 1967 թ. ապրիլի 24-ին բողոքի ցույց կազմակերպել Թուրքիայի դեսպանատան առջև, և իրենց խորհուրդ են տվել ցույցը կազմակերպելուց առաջ հանդիպել և խորհրդակցել Համո Ակիմովիչի հետ:

Դժվարությամբ իմանալով նրա տան հասցեն՝ Մանուկյանը երկու ընկերների հետ, առանց նախազգուշացնելու, գնում է Հարությունյանի տուն: Մի քանի բառ տղաների հետ փոխանակելուց հետո դիվանագետը հասկանում է, որ նրանք ոգեշնչված հայրենասերներ են, և կնոջն ասում է, որ տղաների համար սեղան բացի: Ընկերական ու ջերմ մթնոլորտում զրուցելով նրանց հետ, լսելով նրանց մտադրությունը՝ խորհուրդ է տալիս անպայման կազմակերպել ցույցը. «Դա շատ կարևոր է հայ ժողովրդի համար: Ձեզ կարող են և ձերբակալել, բայց ոչինչ, դեռ երիտասարդ եք, մի քիչ էլ կարող եք նստել, բայց ձեր արած գործը կմնա»,- խորհուրդ է տալիս Հարությունյանը, որի համար Հայոց ցեղասպանությունը չափազանց կարևոր ու ցավոտ խնդիր էր:

Տղաներն անակնկալի են գալիս: Խորհրդային Միության դիվանագետից նման բան լսելը, ինչ խոսք, անսպասելի էր: Այդ ժամանակվանից ի վեր Համազասպ Հարությունյանի հետ կապն ամրապնդվում է: Համո Ակիմիչը տղաներին սովորեցնում էր այն ամենը, ինչ որևէ բուհ նրանց տալ չէր կարող: Նա հանձնարարում էր կարդալ որոշակի գրքեր, որոնք վերաբերում էին դիվանագիտությանը, փիլիսոփայությանը, քաղաքագիտությանը և այլն: Անգամ դիվանագիտական արարողակարգային նրբություններն էր տղաներին սովորեցնում: Մի խոսքով, երիտասարդների միջոցով նա ձևավորում էր Հայաստանի ապագա ճանապարհը:

Պատահական չէ, որ Մանուկյանը, Մոսկվայից վերադառնալով Երևան (Թուրքիայի դեսպանատան առջև ցույցը կազմակերպելու պատճառով ստիպված էր թողնել Մոսկվայի համալսարանը), մի խումբ երիտասարդների հետ ԵՊՀ-ում ստեղծում է Հայ մշակույթի ակումբը, որը մշակույթի անվան տակ ծավալում էր գաղտնի գործունեություն Հայաստանի անկախության, Արցախի ազատագրման, ժողովրդավարության և այլ խնդիրների վերհանման ու լուծման ուղղությամբ: Իսկ Համազասպ Հարությունյանը, Երևան այցելելիս, մասնակցում էր ակումբի կազմակերպած քննարկումներին:

«Համազասպ Հարությունյան. դիվանագետի նոթեր»

Համազասպ Հարությունյան

Ս.թ. փետրվարի 6-ին արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ «Համազասպ Հարությունյան. դիվանագետի նոթեր» գրքի շնորհանդեսը, որի համար հիմք են ծառայել Համազասպ Հարությունյանի՝ մի քանի տասնամյակի գրառումներով օրագրերը: Վազգեն Մանուկյանը կարծում է, որ գիրքն արժեքավոր է և ուսանելի, ուստի պետք է տեղ գտնի դիվանագիտական ոլորտի ուսումնական ձեռնարկներում: Բացի մասնագիտական գործունեությանը վերաբերող աշխատանքային գրառումներից, գրքում կան նաև մշակույթին վերաբերող նյութեր, քանի որ նա աներևակայելի սեր ուներ դեպի մշակույթը, դրա մեծ գիտակն էր և բազմաթիվ նշանավոր մշակութային գործիչների ընկերն ու բարեկամը:

Արման Նավասարդյանը պատմում է, որ Հարությունյանը հատկապես գեղանկարչության մեծ սիրահար էր: Երևանում ծանոթանալով Մարտիրոս Սարյանի հետ՝ նա դառնում է հանճարեղ նկարչի մտերիմ ընկերը ամբողջ կյանքում:

Համազասպ Հարությունյան

«Նրա սարյանական կտավների հավաքածուն հասնում էր տասնյակների: Եվ մի առիթով Բաղրամյանը կատակով ասել է. «Այսքան Սարյան շատ է մի ընտանիքի համար,- գրում է Նավասարդյանը և հավելում:- Դժվար է գտնել 50-60-ական թվականների հայաստանյան հայտնի դեմքերից մեկին, որը չիմանար Մոսկվայի Կուտուզովի պողոտայի 37 շենքի թիվ 172 բնակարանը: Հարությունյանների հյուրընկալ օջախը դարձել էր Մոսկվայի և Երևանի քաղաքական գործիչների, մտավորականների և արվեստի մարդկանց հանդիպման վայր, մի տեսակ Հայաստանի մշակույթի տուն` այս վերջինի պաշտոնական բացակայության պայմաններում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: