Հայերեն   English   Русский  

​Քաղաքացիական դատավարության սկզբունքները


  
դիտումներ: 4566

ՀՀ Սահմանադրության (2015 թ. փոփոխություններով) 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

Քաղաքացիական գործերով մարդկանց իրավունքների դատական պաշտպանությունն իրականացվում է քաղաքացիական դատավարության կարգով։ Քաղաքացիական դատավարությունն իրականացվում է որոշակի սկզբունքներով, որոնք իմանալը կարևոր է քաղաքացիական դատավարության կարգով սեփական իրավունքները պաշտպանելու համար։

Դատավարական որոշ սկզբունքներ ուղղակիորեն շաղկապված են, ավելի ճիշտ՝ բխում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության սկզբունքից, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Այսպիսով, առաջին սկզբունքը դատավորների անկախությունն է և նրանց ենթարկվելը միայն օրենքին:

Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին: Դատավորների անկախության երաշխիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով:

Հավասարությունն օրենքի և դատարանի առջև։ Քաղաքացիական գործերով արդարադատությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև քաղաքացիների ու իրավաբանական անձանց հավասարության սկզբունքների հիման վրա:

Կողմերի մրցակցությունը և իրավահավասարությունը։ Քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Դատավարության լեզուն։ ՀՀ-ում դատավարությունը տարվում է հայերեն:

Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:

Գործերի քննության հրապարակայնությունը: Դատարաններում քաղաքացիական գործերի քննությունը դռնբաց է:

Գործի քննությունը դռնփակ նիստում թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև որդեգրման գաղտնիությունը, քաղաքացիների անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունն ապահովելու, առևտրային կամ այլ գաղտնիք պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից բավարարվելու դեպքում:

Գործը դռնփակ նիստում քննելու մասին կայացվում է որոշում:

Գործը դռնփակ նիստում քննելիս ներկա են գտնվում գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, անհրաժեշտության դեպքում` նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները, որոնցից վերցվում է ստորագրություն` բացահայտված գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և չօգտագործելու մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: