Հայերեն   English   Русский  

​Դրաստամատ Մուրադյան. «Թիմերը պայքարում են մրցանակային տեղ զբաղեցնելու համար»


  
դիտումներ: 1988

Փետրվարի 25-ին Երևանում կայացավ Եվրոպայի 2021 թվականի բասկետբոլի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղը: Բասկետբոլի Հայաստանի հավաքականը 84։65 հաշվով հաղթեց Ալբանիայի ընտրանուն։

«Անկախի» հետ զրույցում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ, ՖԻՄԱ-ի գլխավոր մարզիչ Դրաստամատ Մուրադյանը կարևորեց հավաքականի հաղթանակը, խոսեց Ա լիգայի կանոնավոր առաջնության անցկացման անհրաժեշտության և ՖԻՄԱ-ի ելույթների մասին:

- Ալբանիայի հետ հանդիպումն անչափ կարևոր էր բասկետբոլի հավաքականի համար։ Թիմը շատ լավ հանդես եկավ, թեև առանցքային խաղացողներից մի քանիսը տարբեր պատճառներով հանդես չեկան: Տղաները գրագետ, խելացի և գեղեցիկ խաղ ցուցադրեցին` մեծ առավելությամբ հաղթանակ տոնելով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ալլան Հեսը`վաստակելով 21 միավոր։

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը դարձավ B խմբի առաջատար։ Ուրախալի է, որ Ալբանիայի դեմ խաղում երկրպագուները մեծ աջակցություն ցույց տվեցին մեր հավաքականի տղաներին:

Նախընտրական փուլի վերջին խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 28-ին՝ ուժերը չափելով Դանիայի հավաքականի հետ։ Դանիայի հետ տնային հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականը պարտվեց լրացուցիչ ժամանակում: Տղաները շատ լավ խաղացին, բայց հաղթել չկարողացան: Այս հաղթանակը լրացուցիչ խթան կդառնա Դանիայի հետ խաղի ժամանակ: Մինչ հունիսի 28-ը բավական ժամանակ կա. կարծում եմ՝ առանցքային խաղացողները կվերադառնան թիմ, և հավաքականը հնարավորություն կունենա հաղթելու անգամ մրցակցի հարկի տակ:

- Պարոն Մուրադյան, վերջին շրջանում ազգային հավաքականների բավական հաջող ելույթները հիմք եղան, որ վերսկսվեն բարձրագույն խմբի խաղերը: Առաջնության խաղամակարդակը և Ձեր գլխավորած թիմի` ՖԻՄԱ-ի ելույթներն ինչպե՞ս կգնահատեք:

- ՀՀ բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության 2-րդ շրջանն ավարտվեց: Թիմերից յուրաքանչյուրն անցկացրել է 12 հանդիպում: Նկատելի է, որ փուլից փուլ թիմերն ավելի լավ են սկսում խաղալ: Ուրախալի է, որ նկատվում է խաղի որակի բարձրացում բոլոր թիմերում: Ժամանակի ընթացքում, փորձ ձեռք բերելով, մարզիկներն ավելի հաջող հանդես կգան: Կարևոր է, որ հանդիպումներն անցնում են հետաքրքիր պայքարում: Բոլոր թիմերը պայքարում են մրցանակային տեղ զբաղեցնելու համար:

Նշեմ, որ ՖԻՄԱ-ն համալրված է բացառապես Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողներով, երիտասարդ կազմ ունի: Ա լիգայի կանոնավոր առաջնության առաջին փուլի 2-րդ շրջանում զբաղեցրինք երրորդ տեղը: Մեր առջև նպատակ էինք դրել մտնել լավագույն եռյակ: Խնդիրը հաջողությամբ լուծեցինք: Առաջին քայլը կատարել ենք, կարծում եմ՝ նույն հաջողությամբ կշարունակենք գործել նաև հաջորդ փուլերում:

Շուտով կսկսվեն 1/4 եզրափակչի հանդիպումները: Նույն կազմով ենք շարունակելու պայքարը` առանց համալրումների: Հավատում եմ, որ կարող ենք առաջ գնալ և մրցանակային տեղ զբաղեցնել: ՖԻՄԱ-ն հանդիպելու է «Գրանդ սպորտի» հետ: Ըստ ձևաչափի՝ թիմերը պետք է 3-ական հանդիպում անցկացնեն: 2 հաղթանակ տոնած թիմը կանցնի կիսաեզրափակիչ փուլ: Նույն ձևաչափով կանցկացվի նաև կիսաեզրափակիչը: Փորձելու ենք ամեն ինչ անել կիսաեզրափակիչ դուրս գալու համար:

- Ի՞նչ արդյունք տվեց փետրվարի 15-18-ը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի անցկացրած մրցավարական սեմինարը, որը վարեց իսպանացի մասնագետ Ֆերնանդո Գարսոնը։

- Սեմինարին մասնակցեց 15 մրցավար, որոնք սպասարկում են Ա լիգայի ու Հայաստանի պատանիների առաջնության հանդիպումները։ Ֆերնանդո Գարսոնը` ՖԻԲԱ-ի մրցավարների տեսուչը, 4 օր տեսական ու գործնական գիտելիքներ հաղորդեց հայ մրցավարներին:

Այդ ընթացքում անցկացվեցին Ա լիգայի կանոնավոր առաջնության և մինչև 13 տարեկանների Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները: Իսպանացի մասնագետը գործնականում հնարավորություն ունեցավ հետևելու մրցավարների գործողություններին: Խաղերից հետո նշեց թերություններն ու բացթողումները: Մրցավարների մակարդակը շատ ցածր չէ, բայց նրանք դեռևս աշխատելու տեղ ունեն: Ժամանակին շատ քիչ հանդիպումներ էին անցկացվում, և մրցավարները գործնական փորձ ձեռք բերելու շատ հնարավորություններ չունեին: Առաջնությունների վերսկսումով այդ բացը կլրացվի: Այդ ամենը կնպաստի նաև մրցավարության որակի բարձրացմանը: Մրցավարներն այժմ փորձ ձեռք բերելու, խաղից խաղ կատարելագործվելու հնարավորություն ունեն: Նշեմ նաև, որ ավելացել է մրցավարությամբ զբաղվել ցանկացողների թիվը երիտասարդների շրջանում: Մրցաշրջանը սկսելուց առաջ մրցավարներն այսուհետ քննություն կհանձնեն, ինչպես ընդունված է ողջ աշխարհում: Նրանք կհանձնեն թեստեր և, դրան համապատասխան՝ իրենց որակավորումը կստանան:

- Պարո՛ն Մուրադյան, հավաքականի հաջող ելույթներից, Ա լիգայի կանոնավոր առաջնության վերսկսումից հետո բասկետբոլի զարգացման ի՞նչ հնարավորություններ եք նկատում:

- Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ունեցած տվյալներով՝ մարզաձևով հետաքրքրվողների և զբաղվողների թիվը վերջին շրջանում ավելացել է: Երկրպագուների հոսքն է շատացել մարզադահլիճներում: Նրանք գալիս են երկրպագելու հավաքականին և ակումբներին: Այս ամենը հույս է ներշնչում, որ մարզաձևն օր- օրի ավելի է զարգանում մեր երկրում:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ամեն կերպ օգնեց և աջակցեց կանոնավոր առաջնության նորաստեղծ ակումբներին, որպեսզի առաջնությունը կայանա: Շատ կարևոր է, որ թիմերն այսուհետ ճիշտ քաղաքականություն վարեն: Թեև ֆեդերացիան օգնում է, բայց ակումբները պետք է հովանավորներ գտնեն հետագա աշխատանքներն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու, խաղացողների բացը լրացնելու, մանկապատանեկան խմբեր բացելու համար: Նշեմ նաև, որ մի շարք խնդիրներ կան, որոնք օրակարգային են և առաջնահերթ լուծման կարիք ունեն: Ոչ բոլոր թիմերն ունեն համապատասխան պայմաններով մարզադահլիճներ: Օրինակ՝ Գյումրիի մարզադահլիճում ձմռանը հանդիպումներ անցկացնելը նպատակահարմար չէ: Բացի մի շարք խնդիրներից, այնտեղ լուծված չէ անգամ ջեռուցման հարցը: Այս խնդրին հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել:

Մարզադպրոցների մարզիչները պետք է ակտիվ աշխատեն, բարձրակարգ մարզիկներ պատրաստեն, որոնք կհամալրեն ակումբների, հետագայում, ինչու չէ, նաև հավաքականի կազմերը: Սա մեծ ձեռքբերում կլինի թե՛ մարզիչների, թե՛ մարզիկների, թե՛ ակումբների համար:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: