Հայերեն   English   Русский  

​Օրգանիզմը հուշում է


  
դիտումներ: 1412

Օրգանիզմը ջրի կարիք ունի, և անհրաժեշտ քանակն օրական առնվազն 6-8 բաժակ է: Ջուրը հարկավոր է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար, իսկ դրա անբավարարությունը զանազան խանգարումներ է առաջ բերում: Ահա դրանցից ամենատարածվածները:

1. Չորությունը բերանում

Շատերն են անտեսում այս ախտանշանը, երբեմն էլ ոչ ալկոհոլային ըմպելիքներով են փորձում դա վերացնել: Այնինչ, երբ բերանում չորության զգացում եք ունենում, ուրեմն պետք է ջուր խմել. դա հենց այն է, ինչ այդ պահին պետք է օրգանիզմին:

2. Չոր մաշկ

Մաշկը մարմնի ամենամեծ օրգանն է, ու եթե անբավարար քանակությամբ եք ջուր գործածում, ապա դա անմիջապես արտահայտվում է մաշկի վրա, այն կնճռոտում է, թոշնում:

3. Չորություն աչքերում

Երբ օրգանիզմում ջուրն անբավարար է, ապա դա ազդում է մարմնի բոլոր մասերի ու նաև աչքերի վրա: Հիշեք, հարբելուց հետո արթնանում ենք ոչ միայն գլխացավով, այլև կարմրած աչքերով: Ինչու՞: Որովհետև ալկոհոլը ջրազրկում է օրգանիզմը:

4. Մուգ գույնի մեզ

Եթե բավարար քանակությամբ ջուր եք խմում, ուրեմն մեզի գույնն էլ պետք է բաց դեղնավուն կամ գրեթե անգույն լինի: Իսկ մեզի մուգ գույնը խոսում է օրգանիզմում ջրի անբավարար քանակի մասին:

5. Փորկապություն

Փորկապությունը կամ պինդ կղանքը դարձյալ խոսում է օրգանիզմում անբավարար ջրի քանակի մասին: Եթե բավարար քանակությամբ եք ջուր խմում, ապա կղանքը փափուկ է լինում:

6. Հոդացավ

Հոդերը 80% հեղուկից են կազմված ու բնականաբար օրգանիզմում հեղուկի անբավարար քանակությունը հոդացավի պատճառ կարող է դառնալ:

7. Քաղց

Երբեմն քաղցը նույնպես կարող է օրգանիզմում անբավարար քանակությամբ ջրի ախտանշան լինել: Գիտական ամսագրերից մեկում այս տարօրինակ երևույթը բացատրվում է հետևյալ կերպ. ջրազրկման դեպքում օրգանիզմն ուղեղ է ուղարկում ազդանշաններ ու ստիպում մտածել, որ քաղցած եք: Այնպես որ, եթե հանկարծ ուտելու անզուսպ ցանկություն եք ունենում, սկզբում մեծ բաժակ ջուր խմեք:

8. Տևական հիվանդություններ

Եթե նկատում եք, որ հիվանդությունը երկարաձգվում է, ապա շատ ջուր խմեք: Հեղուկն օգնում է օրգանիզմից դուրս բերելու թույները, ահա թե ինչու են մասնագետները հիվանդության ժամանակ խորհուրդ տալիս մեծ քանակությամբ հեղուկ ընդունել:

9. Գլխապտույտ

Գլխապտույտը կարող է տարբեր պատճառներով առաջանալ, և ջրազրկումը դրանցից մեկն է: Եթե ծարավ եք զգում ու գլխապտույտ ունեք, ապա դա ամենայն հավանականությամբ ջրի անբավարարությունից է: Եթե մարզումներից հետո կամ արևի տակ երկար ժամանակ անցկացնելուց հետո գլխապտույտ է առաջանում, ուրեմն ջուր խմեք:

10. Եթե ընդհանուր թուլություն ու հոգնածություն եք զգում, ապա դա նույնպես կարող է ջրի անբավարար քանակի հետևանք լինել:

Կարևոր է իմանալ, որ ջրազրկման հետևանք կարող են լինել՝

- խիստ ծարավը,

- ուշ-ուշ միզելը,

- մեզի մուգ գույնը,

- հոգնածությունը,

- գլխապտույտը,

- շփոթմունքի զգացումը:

Չի կարելի անտեսել այս ախտանշանները, քանի որ օրգանիզմի ջրազրկման հետևանքով առողջական լուրջ խնդիրներ կարող են առաջանալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: