Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո կշարունակվեն ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները. Մամեդյարով


  
դիտումներ: 285

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ինտենսիվ բանակցությունները շարունակվելու են Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Մենք որոշել ենք Ղարաբաղյան հակամարտության ինտենսիվ բանակցությունները շարունակել նախագահական ընտրություններից հետո: Այդ մասին մենք տեղեկացրել ենք ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահներին»,- նշել է Էլմար Մամեդյարովը:

Ըստ նախարար Մամեդյարովի՝ ներկայումս հստակեցվում է նաև, թե ինչ մակարդակով է այն անցկացվելու և որտեղ: «Հայաստանում և Ադրբեջանում նոր կառավարությունների ձևավորումից հետո բանակցությունները կշարունակվեն»,- նշել է Ադրբեջանի արտաքին գործերի ղեկավարը:

Ավելի վաղ՝ փետրվարի 7-ին համանման կարծիք է հայտնել նաև Ադրբեջանի արտգործնախարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը՝ ընդգծելով, որ կողմերը համաձայնվել են Ադրբեջանում և Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո հակամարտության շուրջ ինտենսիվ բանակցությունները շարունակվել:

Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը իր հերթին փետրվարի 27-ին թուրքական «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ շփման գծում բախումը կարող է սկսվել յուրաքանչյուր պահի, և այն ցանկացած ժամանակ կարող է վերածվել պատերազմի: Ալի Հասանովը Ղարաբաղյան հակամարտության շփման գծում առկա զինադադարը փխրուն է անվանել:

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները կայանալու են սույն թվականի ապրիլի 11-ին: Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանային 2018 թ-ի հոկտեմբերին: Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահ է 2003 թ-ից: Համաձայն 2016 թ-ին երկրում իրականացված սահմանադրական փոփոխությունների՝ Ադրբեջանի նախագահը երկիրը ղեկավարելու է 7 տարի ժամկետով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: