Հայերեն   English   Русский  

Պոլսի պատրիարքական ընտրություններն ու Գևորգ Զ կաթողիկոսի կոնդակը


  
դիտումներ: 1753

Արդեն մոտ մի տարի է, ինչ Պոլսի հայոց պատրիարքի ընտրության կապակցությամբ ստեղծված ճգնաժամն ավելի ու ավելի է խորանում և առաջացած թնջուկն ավելի ու ավելի է հանգուցվում: Ո՞վ է խճճել այս թնջուկը, ինչու և ինչպես:

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյան

Բանն այն է, որ Թուրքիայում հայ եկեղեցու և համայնքի ղեկավար Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, որ ընտրվել է 1998 թ., ծանր հիվանդության պատճառով 2008-ից ի վեր փաստացի չէր պաշտոնավարում: Պատրիարքական աթոռի ընթացիկ աշխատանքները կատարելու համար 2010 թվականին Հոգևորականաց համագումար ժողովը պատրիարքական ընդհանուր փոխանորդ էր ընտրել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:

Պոլսո պատրիարքարանի պատմության մեջ սա աննախադեպ և ըստ էության՝ Հայ առաքելական եկեղեցու կանոնների խախտում էր, որ կատարվեց երկրի կառավարության միջամտությամբ: Հայ եկեղեցու կանոնների համաձայն՝ պատրիարքի 7 տարվա բացակայությունը թույլ էր տալիս լուծարել պատրիարքական ուխտը և նոր պատրիարք ընտրել:

Վերջապես 2016-ի հոկտեմբերի 26-ին Պատրիարքության Եկեղեցական ընդհանուր համագումար ժողովում որոշում կայացվեց հանգստի կոչել Մեսրոպ Բ. պատրիարքին: Դրանից հետո նրա գահը թափուր էր մնացել:

Արամ Աթեշյան

Անցած տարվա սկզբին ընտրությունների անցկացման շուրջ խնդիր էր ծագել պատրիարքի թեկնածուներից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի միջև: Նույնիսկ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարական հայտնելու մասին գրավոր հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, որ այդ քայլին գնացել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ արք․ Արամ Աթեշյանի պահվածքի պատճառով, քանի որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է պատրիարքի ընտրությունների անցկացումը։ Ի վերջո, կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվեց, որ Եկեղեցական համագումար ժողովն ընտրի տեղապահ՝ այդպիսով դադարեցնելով պատրիարքական փոխանորդի լիազորությունները:

Բեքչյան

2017 թ. մարտի 15-ին Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրվեց Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Այս պաշտոնի համար ևս երկու թեկնածու կար՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Ըստ կարգի՝ տեղապայի ընտրությունից հետո 10-օրյա ժամկետում պետք է ընտրվի Նախաձեռնարկ մարմին, որ վեց ամսվա ընթացքում, տեղապահի գլխավորությամբ, կազմակերպում է պատրիարքի ընտրությունը և բոլոր թեկնածուների ընտրական քարոզչության համար հավասար պայմաններ է ապահովում:

Տեղապահի ընտրությունից անցել է ահա արդեն մեկ տարի, սակայն պատրիարքի ընտրությունը, չնայած քանիցս նշանակված ժամկետին, դեռևս չի կայացել և կայանալու հեռանկարը հետզհետե ավելի ու ավելի աղոտ է դառնում՝ շարունակաբար հուզումների ու բողոքի ալիքներ առաջացնելով Պոլսի հայ համայնքում:

Արամ Աթեշյանը տեղապահի ընտրվելու օրն ևեթ, այսինքն՝ 2017 թ. մարտի 15-ին, պետք է դադարեցներ փոխանորդի պաշտոնի լիազորությունները, և պատրիարքարանի փաստացի ղեկավարը մինչև նոր պատրիարքի ընտրվելը պետք է լիներ Գարեգին Բեքչյանը: Մինչդեռ տեղապահի ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո Արամ Աթեշյանը ներկաներին բաժանել է Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությունը, որում նշվում է, որ պատրիարքական ընտրություններ իրականացնելը իրավականորեն անհնար է։ Իսկ անցած տարվա դեկտեմբերին էլ նա Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ թուրքական պետությունն իրեն է ճանաչում որպես Պոլսի պատրիարքական փոխանորդ։

Պոլսի Հայոց պատրիարքությունն արձագանքեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այդ հայտարարությանը: «Տեղապահի ընտրությունը մեր եկեղեցու ներքին հարցն է և իրականացվում է ըստ կարգի, կանոնների ու ավանդույթների։ Ուստի 2017 թ․ մարտի 15-ի պատրիարքական աթոռի ամենալիազոր մարմնի՝ Եկեղեցական համագումար ժողովի գումարմամբ կայացած ընտրությամբ, որին թեկնածուներից մեկը նաև նա էր, տեղապահն ընտրված է ըստ կանոնի։ Նրա առաջին պարտավորությունն է հարգանքով ընդունել ընտրության արդյունքն ու խուսափել մեր եկեղեցու ներքին հարցը հրապարակային ու խեղաթյուրիչ արտահայտություններով բանավեճի նյութ դարձնելուց։ Մասնավորապես, ժողովի որոշման համաձայն, նա պարտավոր էր հրաժարվել ընդհանուր փոխանորդի պաշտոնից, սակայն նա հրաժարվում է հրաժարական տալ, մի բան, որը մեզ դրել է ամոթալի վիճակի մեջ։ Իր այս վարքագծով նա ստիպում է Եկեղեցական համագումար ժողովին, որը նրան դրել էր այդ պաշտոնին, նրան պաշտոնանկ հռչակել, մի բան, որը ծայրաստիճան տխուր փաստ է։ Բացի այդ, ընտրված տեղապահին չճանաչելու մասին մեր պետության կողմից հայտարարություն գոյություն չունի»,- ասված է հայտարարությունում։

Ըստ «Ակոս» թերթի հաղորդագրության՝ այս տարվա փետրվարի 5-ին էլ Ստամբուլի նահանգապետարանը Թուրքիայի հայոց պատրիարքարան նամակ է ուղարկել, որում նշել է, որ ճանաչում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին՝ որպես պատրիարքական գլխավոր փոխանորդ, իսկ արքեպիսկոպոս Բեքչյանի տեղապահի կարգավիճակը չի ճանաչում։

Եվ սա հավատալի է, քանի որ Արամ Աթեշյանը ձեռնտու է երկրի իշխանություններին, որին հայ համայնքի ներկայացուցիչների մեծամասնությունը բնորոշում է որպես իշխանությունների հլու կամակատար և ոչ բնավ որպես համայնքի շահերը պաշտպանող առաջնորդ: Ուստի իշխանությունների համար ցանկալի է պահպանել ստատուս քվոն, քանի որ տեղյակ է՝ համայնքի մեծամասնությունը դեմ է Աթեշյանին և չի ընտրի նրան: Համայնքի անհանդուրժողությունը սրվեց նրա նկատմամբ հատկապես այն ժամանակ, երբ Աթեշյանը ցավակցական ուղերձ հղեց իշխանություններին Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտնի բանաձևի կապակցությամբ:

Ուշագրավ է, որ այս իրավիճակը նախադեպ ունի: 1950 թ. Պոլսի հայ պատրիարքական ընտրությունների ժամանակ գրեթե նույն իրավիճակն էր ստեղծվել, նույն սցենարով: Մի տարբերությամբ միայն. թնջուկն այն ժամանակ մի անձնավորության փոխարեն խճճել էին երեք հոգևորականներ:

Ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս այն ժամանակ քակվեց թնջուկը:

Ժամանակի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Զ նախ երկու կոնդակ արձակեց, որոնցից մեկով կարգալույծ արեց հիշալ երեք հոգևորականներին (տե՛ս Կոնդակ հայրապետական Կոստանդնուպոլսի երեք անարժան հոգևորականների կարգալուծման մասին, «Էջմիածին», 1950, սեպտեմբեր-հոկտեմբեր, էջ 5-9), մյուսով թույլատրեց Պոլսի պատրիարքական ընտրությունը (նույն տեղում, էջ 10-11):

Այնուհետև Գարեգին Զ կաթողիկոսը բողոք հղեց Թուրքիայի նախագահին և դրա պատճենը հեռագրով ուղարկեց Կոստանդնուպոլսի պատրիարքական տեղապահին (նույն տեղում, էջ 15): Բերում ենք այն ամբողջությամբ:

ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՀԵՌԱԳԻՐԸ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀԻՆ՝ ԹՅՈՒՐՔԻՈ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՐԵԶԻԴԵՆՏԻՆ ՈՒՂԱՐԿԱԾ ԲՈՂՈՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Պոլիս

Պատրիարքական տեղապահ տ. Գեորգ արքեպիսկոպոսին

Ստամբուլի կուսակալի արձակած նոր ընտրական հրահանգի դեմ ամսիս 6-ին հետևյալ բողոքն ենք ուղարկել հանրապետության պրեզիդենտին.

«Թյուրքիո Հանրապետության պրեզիդենտին

Պարո՛ն պրեզիդենտ,

Ստամբուլի կուսակալի արձակած նոր հրահանգը Պոլսի հայ պատրիարքարանի ընտրության վերաբերյալ հակասում է Հայ եկեղեցու կանոններին և պատմականորեն սրբագործված իրավունքներին, ինչպես և Թյուրքիո պետության կողմից հաստատված պատմական բնույթ ստացած 1862 թվականի Ազգային սահմանադրության. միաժամանակ նշանակում է միջամտել Հայ եկեղեցու ներքին գործերին, որ թույլատրելի չէ: Ուստի և որպես պետ Հայաստանյայց առաքելական միասնական եկեղեցու՝ բողոքելով բողոքում ենք և վստահություն ենք տածում, որ Դուք կբարեհաճեք չեղյալ հայտարարել Ստամբուլի կուսակալի ընտրական նոր հրահանգը և կկարգադրեք ղեկավարվել Հայ եկեղեցու Ազգային սահմանադրությամբ, որով ղեկավարվել են 1927 թվին Նարոյան պատրիարքի ընտրության ժամանակ և որով ղեկավարվելու տնօրինություն է արված կառավարության կողմից պատրիարքական տեղապահ՝ ամենապատիվ Արսլանյան արքեպիսկոպոսին՝ առաջիկա պատրիարքական ընտրության նկատմամբ: Այլապես ստիպված պիտի լինենք պատրիարքական ընտրությունն անվավեր ճանաչել և ընտրյալին չհաստատել:

Գեորգ Զ

Ծայրագույն պատրիարք և կաթողիկոս ամենայն հայոց»

Ընտրությունները ղեկավարեցեք ըստ Մեր կոնդակի և Սահմանադրության: Առաջիկայում կարևոր տեղեկանքները հեռագրով հաղորդեցեք: Այս հեռագրի և կոնդակների ստացումը հեռագրով հաղորդեցեք:

Գեորգ Զ

Ծայրագույն պատրիարք և կաթողիկոս ամենայն հայոց

7 նոյեմբերի 1950 թ.

Ս. Էջմիածին

Ինչպես տեսնում ենք, մեկնաբանությունների կարիք չկա: Առաջացած իրավիճակը հայտնի ելք ունի: Թուրքիայի կառավարությունը հարցին միջամտելու, հայոց պատրիարքի ընտրությունը չճանաչելու կամ փոխանորդ ճանաչելու որևէ իրավազորություն չունի, բայց յուրաքանչյուր հարմար առիթով հաջողությամբ մոռանում է դա: Պարզապես պետք է արժանապատվորեն հիշեցնել նրան այդ մասին այնպես, ինչպես արել է ոչ անկախ Հայաստանում գահակալող Ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Վեցերորդը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: