Հայերեն   English   Русский  

​Ռազմականացված 2014-ը` սահմանային միջադեպերով ու արիության բազմակի դրսևորումներով


  
դիտումներ: 1778

Անցնող 2014 թվականը հայերիս հիշողության մեջ կմնա որպես ռազմական առումով լարված և սահմանային միջադեպերով հարուստ տարի: Անցած 360 օրերին հետահայաց նայելիս նախ հիշվում են սահմանային միջադեպերի և ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակումների մասին լուրերը:

Ըստ razm.info մասնագիտացված կայքի` 2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին հայկական կողմն ունեցել է 43 զոհ և 34 վիրավոր, իսկ ադրբեջանական կողմը` 86 զոհ և 109 վիրավոր: Ընդ որում, արդյունքները հիմնված են երկու կողմերից բաց աղբյուրներում կատարված հրապարակումների վրա:

Նշենք, որ 2013-ին հայկական բանակն ունեցել էր 30 զոհ, 2012-ին` 52, 2011-ին` 36: Զոհերի թվի ավելացումն արդեն իսկ հուշում է, որ տարին ռազմական առումով հանգիստ չի եղել:

Դիվերսիոն գործողությունների մեկնարկը տրվեց հունվարի 19 լույս 20-ի գիշերը, երբ ադրբեջանցիները երկու` հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով միաժամանակյա ներթափանցման փորձ կատարեցին: Հայկական զինված ուժերը, կասեցնելով հակառակորդի ներթափանցումը, նրան հետ մղեցին: Սակայն մարտական դիրքերը պաշտպանելիս զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Նա, նկատելով թշնամու առաջխաղացումը, տեղյակ էր պահել մարտական ընկերներին ու պայքար մղել մինչև մյուսների օգնության հասնելը: Հովհաննիսյանին հետմահու շնորհվեց «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներ: Նրան հուղարկավորեցին Եռաբլուր պանթեոնում:

Դիվերսիայի հաջորդ փորձը մայիսի 21 լույս 22-ի գիշերը կատարվեց: Այս անգամ, բարեբախտաբար, հայկական ուժերը կարողացան թշնամուն հետ մղել առանց կորուստների:

Թեժ ամռան վրա հասնելուն պես սկսվեցին ադրբեջանցիների` ամեն կերպ Հայաստան ներթափանցելու ոչ պակաս թեժ փորձերը: Հուլիսի 1-ին ադրբեջանցիները դիվերսիայի ձախողված փորձ կատարեցին Տավուշում, իսկ հուլիսի 10-ին ադրբեջանցի դիվերսանտները սահմանը հատելու և թիկունք անցնելու փորձ կատարեցին Քարվաճառում: Խմբի մի մասին մեր զինվորականները ձերբակալեցին, մյուսները կարողացան ճողոպրել: Հայաստան ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտներն առևանգեցին ու սպանեցին Քարվաճառի 16-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին, ապա մայոր Սարգիս Աբրահամյանին, իսկ քաղաքացիական անձ Կարինե Դավթյանը վիրավորվեց: Ադրբեջանցի դիվերսանտների մի մասին ձերբակալեցին, մյուսներին սպանեցին: Այժմ Ստեփանակերտում ընթանում է Արցախի սահմանն ապօրինաբար հատած ու մի քանի անձանց սպանած և վիրավորած դիվերսանտների դատավարությունը:

Հուլիսի վերջին շաբաթվա և օգոստոսի առաջին տասնօրյակի ընթացքում իրավիճակը գրեթե պատերազմական էր. հակառակորդը Արցախ ներթափանցելու մի քանի տասնյակ փորձ կատարեց, իսկ հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները սովորական երևույթ էին դարձել:

Այս օրերին հայրենիքը պաշտպանելիս արիաբար զոհվեցին սերժանտ Արարատ Խանոյանը, շարքային Ազատ Ասոյանը, լեյտենանտ Գոռ Գրիգորյանը, կրտսեր սերժանտ Արամ Գրիգորյանը, զինծառայող Խաչատուր Բադասյանը, կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը, ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը:

Ազատ Ասոյանը հետմահու պարգևատրվեց ՀՀ մարտական ծառայության մեդալով, իսկ Արարատ Խանոյանը` ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» շքանշաններով: Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի դպրոցն անվանակոչվեց Խանոյանի անունով:

Հայկական կողմի` հակառակորդին լռեցնելու քայլերի արդյունքում շուրջ երկու ամիս համեմատաբար կայուն իրավիճակ ստեղծվեց: Սակայն ադրբեջանցիները նոյեմբերին նորից սադրանքի դիմեցին: Նոյեմբերի 12-ին «Միասնություն 2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ժամանակ Արցախի արևելյան հատվածում թռիչքի ընթացքում ադրբեջանցիները խոցեցին ԼՂՀ ՊԲ ՄԻ-24 չզինված ուղղաթիռը: Սկզբում ադրբեջանցիները կատարվածը փորձեցին ներկայացնել որպես ինքնապաշտպանություն, իբրև թե հայկական ուղղաթիռը զինված է եղել ու հարձակվել է իրենց դիրքերի վրա: Սակայն իրենց իսկ կողմից տարածված տեսանյութը հերքեց այդ ամենը: Դեպքից հետո օրեր շարունակ ադրբեջանցիներն ուղղաթիռի անկման վայրը կրակահերթի տակ էին պահում` թույլ չտալով հայկական ուժերին մոտենալ և տարհանել ուղղաթիռի անձնակազմին, որոնք գուցեև այդ պահին ողջ էին: Չօգնեցին ո՛չ Մինսկի խմբի համանախագահների կոչը` ուղղված Ադրբեջանին, որ թույլ տան` օդաչուների դիակները դուրս բերվեն, ո՛չ էլ Կարմիր խաչի միջամտությունը: Միջադեպի հետևանքով զոհվեցին մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և լեյտենանտ Ազատ Սահակյանը: ԼՂՀ նախագահի հրամանագրով օդաչուները հետմահու պարգևատրվեցին «Արիության համար» մեդալով:

Նոյեմբերի 22-ին ԼՂՀ ՊԲ-ն հայտարարեց, որ հատուկ գործողության արդյունքում տարհանվել են մահացած օդաչուների դիակները, ինչպես նաև ուղղաթիռի սև արկղերը: Արդբեջանցիները 2 զոհ տվեցին:

Ադրբեջանական արկածախնդրությունն ամեն անգամ զսպվում է շնորհիվ մեր բանակի մարտունակության, մեր զինվորների քաջության, որոնք մեր խաղաղ կյանքի միակ երաշխավորն են: Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ մեր 18-ամյա երիտասարդները կարող են պայքարել անգամ ադրբեջանցի հատուկջոկատայինների դեմ ու հաղթանակով դուրս գալ: Արիության լավագույն օրինակը դարձավ Նորայր Քամալյանը, որ առանց զենքի, չնայած ստացած բազմաթիվ վնասվածքներին, չնահանջելով պայքարել ու հետ էր մղել ադրբեջանցի դիվերսանտներին:

Բանակի մարտունակությունը կենսական անհրաժեշտություն է մեր երկրի համար, քանի որ մեր հարևանը միայն ուժի լեզուն է հասկանում:

Հայկական բանակի մարտունակության փաստը եկավ ապացուցելու նաև Բոննի միջազգային ինստիտուտի «Համաշխարհային ռազմականացման ինդեքս 2014» հետազոտությունը, ըստ որի` Հայաստանը համարվում էր աշխարհում 3-րդ ռազմականացված երկիրը` հետ մնալով միայն Իսրայելից և Սինգապուրից: Հարևան Ադրբեջանը ցուցակում 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Ամփոփելով տարին` հուսանք, որ Ադրբեջանը, հաշվի առնելով այս տարվա դասերը, եկող տարին էլ չի փորձի դարձնել ռազմական լարվածության ու հակամարտության սրացման տարի:






Մեկնաբանություններ - 1

Elora     02.05.2016 breath-taking crhi8fng&#t230;aey there and thanks with your personal information and details – I’ve certainly found something more fresh from right our following. I would most likely therefore conversely expertise numerous complex challenges applying this sort connected with web-s…
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: