Հայերեն   English   Русский  

​Հայ հեղինակների 2014-ի նոր գրքերը


  
դիտումներ: 1654

Շատերը պնդում են, որ հայ նորագույն գրականությունն անկախության տարիներին անկում է ապրել, սակայն վերջին տարիներին նոր հեղինակների ի հայտ գալը, նոր հրատարակված գրքերի շարքը հակառակն են վկայում:

2014 թվականն այս առումով բավականին արգասաբեր էր. ընթերցողների դատին հանձնվեցին թե′ արդեն ճանաչված, թե′ դեռևս անծանոթ հեղինակների գործեր: Ընդ որում, դրանց շարքում ընթերցողը կարող է գտնել իրեն հետաքրքրող բոլոր ժանրերը` էպոսի նորագույն մեկնաբանությունից մինչև ցմահ ազատազրկվածի «վկայությունները»:

2014 փետրվարին լույս տեսավ Լևոն Խեչոյանի երկար սպասված «Մհերի դռան գիրքը», որի վրա գրողն աշխատել էր 14 տարի: Հեղինակը լեզվական և ոճային անսովոր միջոցներով ներկայացնում է հայկական էպոսի իր ընկալումը, խոհերը և մեկնաբանությունները: Տեքստը շարադրված է դասախոսությունների ձևով, ինչի շնորհիվ գիրքը վերածվում է կենդանի զրույցի էպոսի մասին նոր խոսք ասող հեղինակի և նրա հետ ենթադրաբար վիճող ընթերցողի միջև:

Քաղաքականությամբ հետաքրքրվողների և դետեկտիվի սիրահարների համար «համեղ պատառ» է Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը, որի գործողություններն ընդգրկում են տարբեր դարաշրջաններ՝ հայ ժողովրդի ու Արևելյան Միջագետքի պատմության փուլերը` պատմական լայն համապատկերով:

Փետրվարին լույս տեսավ բանաստեղծ Կարեն Անտաշյանի «Ծիլի-Ծովը» ժողովածուն: Գիրքը բովանդակում է բանաստեղծություններ, երազահաններ և հմայիլներ` հայ բանահյուսության ոճավորմամբ: Հեղինակը գրում է. «Ծիլի-Ծով մետաֆորը սահմանում եմ իբրև մեռելների լուծվող հիշողությունն ու ապրողների շարունակելի-ընդհատական վարքը ջրածին կենսոլորտի ամբողջության մեջ: Կյանքի ինքնարարումը ջրից նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզվի բնազդին հետևելով բանաստեղծելը՝ իրականություն հրահրող հմայություն»:

2014-ի գրքերի շարքում իր յուրահատուկ տեղն է զբաղեցնում Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքը: Գիրքը լույս է տեսել սահմանափակ քանակով և չի վաճառվել, սակայն այն կարելի է գտնել համացանցում: Պատմվածքը ցմահ ազատազրկվածի պատմությունն է. մղձավանջի նմանվող իրականությունը մերկ փաստերով և գլխավոր հերոսի անհավատալի լավատեսությունը: Ներկայացնելով անհատի ողբերգությունը՝ Ենոքյանը միայն իրեն հատուկ պարզությամբ բարձրացնում է հասարակության առջև ծառացած լուրջ խնդիրներն իրավական համակարգում:

Վերջապես, դեկտեմբերին լույս տեսավ ժամանակակից գրականության վառ դեմքերից մեկի՝ Արամ Պաչյանի «Օվկիանոս» ժողովածուն: Գրքում ընդգրկված էսսեներից և պատմվածքներից շատերը տարբեր տարիներին տպագրվել են մամուլում: Գրողի նախորդ գիրքը՝ «Ցտեսություն, Ծիտ» վիպակը, լույս էր տեսել 2012-ին:

Ժողովածուն նվիրված է հայ արձակագիր Ռուբեն Ֆիլյանին, որն իր կյանքի վերջին ամիսներն անցկացրել է Հնդկաստանում՝ օվկիանոսի ափին, և ինչ-որ առումով կապ կա գրքի և Ֆիլյանի գրականության միջև: Պատմածքները նվիրված են տարբեր թեմաների՝ ընկերություն, բանակ, մարդկանց ճակատագրեր և այլն:

Սա ընդամենը մի մասն է այն գրքերի, որոնք այս տարի լույս տեսան: Եթե 2014-ին ժամանակ կամ հնարավորություն չեք ունեցել ընթերցելու, լրացրեք այդ բացը 2015-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: