Հայերեն   English   Русский  

​Մեծ հաշվով` որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. գիտնականներն ամփոփում են տարին


  
դիտումներ: 1985

Գիտության ոլորտում այս տարվա աղմուկ հանած ձեռքբերումներից մեկն այն էր, որ բարձրացվեցին գիտական աստիճան ունեցող անձանց տրվող հավելավճարները. թեկնածուներինը դարձավ 25 հազար դրամ, դոկտորներինը` 50 հազար: Իսկ ողջ տարվա ընթացքում գիտնականները, ինչպես և նախորդ տարիներին, շարունակել են բարձրաձայնել ոլորտի խնդիրները և ուշադրություն հրավիրել դրանց վրա:

Գործի առաջամարտիկն արդեն չորրորդ տարին «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունն է: Ոլորտի տարեկան ամփոփման համար «Անկախը» զրուցել է նախաձեռնության անդամ, ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանի հետ:

«Ոչ մի առաջընթաց չունեցանք: Պայքարն աննշան արդյունք է տվել. ձեռքբերումները էական են, բայց ոչ որոշիչ: Օրինակ` գիտնականներն ընդգրկվել են սոցիալական փաթեթում, բարձրացվել է գիտական աստիճանի համար թեկնածուներին ու դոկտորներին տրվող հավելավճարը: Սակայն սրանք մանր բաներ են: Մեծ հաշվով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասում է Իշխանյանը:

Նրա խոսքով` գիտական հանրության պահանջը մնում է նույնը` գիտության ֆինանսավորման կտրուկ ավելացում: Այն պետք է հասցնել ՀՆԱ 1 տոկոսին, այսինքն` ներկա ֆինանսավորման համեմատ` մոտ 3,5 անգամ ավելացնել: Երկրորդ` գիտնականները պահանջում են ֆինանսների հասցեական բաշխում: «Չի կարելի բոլորի աշխատավարձերը հավասարապես բարձրացնել: Գաղտնիք չէ, որ ունենք ահռելի քանակությամբ գիտության թեկնածուներ, հիմնականում` հումանիտար ուղղություններով, որոնք գիտության հետ որևէ առնչություն չունեն»,- ասում է Իշխանյանը:

Խոսելով ԳՊԿ-ից` Իշխանյանը նշում է, որ դրական է գնահատում կառույցի գործունեությունը. վերջին հինգ տարվա ընթացքում գիտության ոլորտն արմատապես կանոնակարգվել է: Սակայն դեռ անելիք կա. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» նոր օրինագծի և «Գիտական փորձաքննության մասին» օրենքների ընդունումն անհրաժեշտություն է, մինդեռ գործընթացը տարիներ շարունակ ձգձգվում է: Այդ օրենքների ընդունումը մի շարք հարցեր կլուծի, ինչպես, օրինակ` երկարացված արձակուրդի իրավունքի խնդիրը (գիտնականներն այժմ օրենքով մտավոր և հուզական գործունեությամբ զբաղվող անձինք չեն համարվում, ուստի չունեն երկարացված արձակուրդի իրավունք) կամ կենսաթոշակին գումարվող հավելավճարների հարցը (գիտական աստիճան ունեցող անձինք կենսաթոշակի անցնելուց հետո զրկվում են ամենամսյա հավելավճարից):

Իշխանյանն ասում է, որ նախարարությունների, ԱԺ պատգամավորների, քաղաքական ուժերի մակարդակով խնդրի ըմբռնում և աջակցություն կա: Այս պայմաններում ստեղծված վիճակի պատճառը նա համարում է երկրի առաջին դեմքերի քաղաքական կամքի բացակայությունը` նշելով, որ առաջիկա տարում շարունակելու են պայքարը` փորձելով աջակցություն ստանալ նաև երկրի առաջին դեմքերից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: