Հայերեն   English   Русский  

Ռեմարկի «Հաղթական կամարը» հայերեն թարգմանությամբ կդրվի ընթերցողների սեղանին


  
դիտումներ: 2103

Հայտնի գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող հեղինակներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» վեպը հայերեն է թարգմանվել:

Մարտի 10-ին, ժամը 17:00-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում տեղի կունենա դասական ստեղծագործության հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, բնագրից՝ գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի:

« «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը արդեն իսկ հայ ընթերցողին է ներկայացրել Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի հայերեն թարգմանությունը: Այժմ հերթը մեծանուն գրողի մյուս՝ «Հաղթական կամարը» գլուխգործոցինն է, որը նույնպես հայերեն է թարգմանվում բնագրից: Հաջորդիվ մեր ընթերցողին ենք ներկայացնելու Ռեմարկի արդեն երրորդ վեպը՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է»: Այս ստեղծագործությունը նույնպես համաշխարհային գրականության գագաթներից է»,-նշում է հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

«Հաղթական կամարը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։

1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ:

Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: