Հայերեն   English   Русский  

Մարտին Օսյան – 90


Գունեղ դափնեպսակ՝ հոբելյանական ուրվագծերով


  
դիտումներ: 2092

Ստեղծագործական աշխատանքի յուրաքանչյուր ոլորտում, այդ թվում` սպորտում և մանկավարժությունում, կան անհատներ, որոնք անձնավորում են տվյալ ոլորտի զարգացման ուղին:

Նրանց գործունեության մեջ առավել վառ են մարմնավորված ոլորտի հիմնախնդիրներն ու նվաճումները:

Մոտենում է 8 տարին, ինչ ներկան դավաճանեց մարզիչ-մանկավարժ, դոցենտ, վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ջրի տիրակալ լոռեցի Մարտին Օսյանին` ապագային հանձնելով նրա զավակներին, սաներին ու բոլոր ճանաչողներին հասցեագրված մասնագիտական և մարդկային խորհուրդները:

Մարտին Օսյանը ծնվել է 1928 թ., Լոռվա Շնող գյուղում: Ուզում էր օդաչու դառնալ, բայց անհարկի բռնադատված հոր զավակին տրված չէր այդ իրավունքը: Յոթ ամիս սովորելուց հետո հեռանում է Երևանի օդաչուական դպրոցից: 1955 թ. ավարտում է Մոսկվայի Ֆիզկուլտուրայի կենտրոնական ինստիտուտի ֆիզդաստիարակության ֆակուլտետը: Մինչ այդ կարմիր դիպլոմով ավարտել էր Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումը: 1955-65 թթ. աշխատել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի լողի ամբիոնում: Նույն տարիներին եղել է Հայաստանի ջրացատկային սպորտի հավաքական թիմի նաև Հայաստանի դպրոցականների հավաքական թիմի ավագ մարզիչը: Շուրջ կես դար եղել է Երևանի պետական համալսարանի ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնի դոցենտ: Եղել է նաև ջրացատկի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն:

Ծննդավայր էր այցելում սովորաբար ամռանը և ամեն անգամ ժամանակ էր գտնում մի քանի անգամ նետվել գիժ Դեբեդի ջրերը՝ ցատկելով քարե կամրջից: Լոռուց հեռու միշտ մնաց պարզասիրտ ու հյուրընկալ լոռեցի, իսկ տարեց ալավերդցիների հիշողություններում՝ «ջրի տիրակալ» տիտղոսով: Մարտին պապիկը, ինչպես նրան սիրով անվանում էին թե՛ մեծերը, թե՛ փոքրերը, անչափ հարգված էր շրջապատում, նվիրված ամուսին, երեք զավակների հայր: Ինչպես ասում են՝ հայացքն անգամ դաստիարակիչ էր, խոսքը ուժ էր, ներշնչանք:

Նրա պատրաստած ջրացատկի հանրապետական թիմն էր, որ մասնակցեց 1950 թ. ԽՍՀՄ ժողովուրդների առաջին սպարտակիադային: Հատկանշական է, որ թիմի միակ հաշվարկային միավոր բերողը մարզիչ-մարզիկ Մարտին Օսյանն էր, որին էլ հետագայում վերապահվելու էր հանրապետությունում ջրացատկային սպորտի հիմնադրի պատիվը: Ի դեպ, նա 1954 թ. արդեն ջրացատկի, մարմնամարզության և դահուկային սպրոտի առաջին կարգի մարզիկ էր:

Վաստակավոր գիտնականը 8 գրքի, ավելի քան 60 ուսումնա-մեթոդական հրապարակումների հեղինակ է և ամբողջ կյանքում անբաժան է եղել սիրած մարզաձևից` այն զարգացնելու նվիրական առաքելությամբ:

Չարագործ մահից մի քանի ամիս առաջ էր, որ հանդիպեցինք Երևանում: «Յուրաքանչյուր մարդ իր ճակատագրի կրողն . կանգ մի առ, քայլիր, փորձիր, կգտնես»,- նրա այս խոսքերից թեթևացած բաժանվեցի: Ավաղ, վիճակված չէր այլևս հանդիպելու նրան:

Շատերի խոսքն ու գովքն եմ լսել Մարտին Օսյանի մասին: Տպավորվել է հատկապես ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանի խոսքը. «Վերին աստիճանի համեստ, կենցաղում՝ զուսպ, ներքին կարգապահություն ունեցող մարդ էր Մարտինը` տարբեր իմ իմացած շատ մարզիկներից: Ինչպես բոլոր ազնիվ մարդիկ, միամիտ էր, ամոթխած, պարկեշտ, և նրա հմայքը այդ զսպվածության, պարկեշտության մեջ էր»:

«Ցավոք, ջրային մարզաձևերը հանրապետությունում հետընթաց են ապրում: Անհրաժեշտ է, որ Օսյանի ստեղծածին ջրի մի շիթ ավելացնող լինի, որ առուն չբարակի ու օդում ճախրելը, ջրի վայելքով ապրելը շատերի երազանքը լինի»,- ժամանակին զգուշացրել է լրագրող Սուսաննա Մարտիրոսյանը:

Օսյան մարզիկի, մարզչի ու մանկավարժի, Օսյան մարդու վաստակն ու հիշատակը մեզ՝ ապրողներիս հուշում են, որ Օսյանի անվան մրցույթներ և մրցանակներ լինեն, նրա անվան մարզադպրոց լինի կամ մարզական ակումբ: Կարծում եմ՝ ժամանակն է, որ հանրապետությունում սպորտի պատմության թանգարան ունենանք կամ երևելիների ծառուղի:

Շնոհակալ եմ ճարտարապետության դոկտոր Գառնիկ Շախկյանին, որ Օսյանը լուսահոգի հայրիկիս հետ նույն գրքում է` «Պատկերազարդ կենսագրական հայրենագիտարանում»: Մարտին Օսյանի ապրածի ինքնատիպ արձագանքն են նաև Գառնիկ Շախկյանի 2016 թ. հրատարակած «Թումանյանական աշխարհ» ստվարածավալ գրքի եզրափակիչ երեք էջերը, որոնք ներառում են նաև խոսուն լուսանկարների մի անմոռաց փունջ և ընթերցողին հիշեցնում կյանքի դասերը, երբեք էլ չհնացող նրա մարզական հնարքները և մանկավարժական մեթոդները:

Մարտին Օսյանն ինքն է հյուսել իր գունեղ դափնեպսակը, որ ժամանակի սլացքի հետ նոր ուրվագծերով է հարստանում, իսկ մոռացումի փոշին իր անցած ճանապարհից նա վաղուց է հեռացրել: Մարտի 9-ին Մարտին Օսյանի ծննդյան օրն է: Այս համեստ հրապարակումը թող լինի մտերմական մի ուրվագիծ նրա դափնեպսակին կամ հիշատակի կանգառ ժամանակի օսյանական սլացքում: Քանզի ուժերս առավել քան անբավարար են այլ կերպ թեթևացնելու հոգիս ու մխիթարելու ինձ, ընտանիքիս ու մեզ հարազատ դարձած նրա զավակներին` Նաիրային, Երվանդին, Արմինեին, նրա բազում սաներին ու բոլոր մերձավորներին:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Մ. Օսյան

Մոտոակրոբատիկական հնարք, Մոսկվա, 1954 թ.

Դավիթ Համբարձումյանի և Վասիլի Կուվշինկինի հետ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: