Հայերեն   English   Русский  

​Երիտասարդ գործարարը սեփական փորձով է վստահ՝ Հայաստանում բիզնես սկսելը անհամեմատ ավելի լավ է, քան Իսրայելում կամ Դուբայում


  
դիտումներ: 4545

Հայաստանում «ԻՆՈՐԻ» և «ՄԻՐԱԻ» ապրանքանիշերի ներկայացուցիչ, «INORI Armenia & MIRAI Armenia» խանութների համահիմնադիր Վահե Զաքարյանը բիզնես է վարել այլ երկրներում՝ շատերին երազանք թվացող Արաբական Միացյալ Էմիրություններում, Իսրայելում, Ռուսաստանում, բայց վստահեցնում է՝ Հայաստանը բիզնես սկսելու համար իդեալական է:

Մասնագիտությամբ դիզայներ Վահե Զաքարյանը 2007 թ. ավարտում է Գեղարվեստի պետական ակադեմիան ու անմիջապես նախաձեռնում իր առաջին սեփական գործը՝ բացում է դիզայնի գրասենյակ, զբաղվում դիզայնով, տպագրությամբ և այլն: Դրան զուգահեռ աշխատում է մեկ այլ տեղում՝ խանութների ցանցում, այդ ցանցի պահեստային բաժնում: Այդ ժամանակ էլ արդեն մտածում է, որ պետք է զբաղվի բիզնեսով, ընդ որում արդեն հստակ որոշել էր, որ պետք է զբաղվի այնպիսի գործով, որը պահեստների կարիք չունենա:

«Սկզբում մտածեցի ոսկերչական բիզնես հիմնել, բայց հետո հասկացա, որ ոսկին ներդրումներ շատ է պահանջում, ու այդ ժամանակ գաղափար առաջացավ բարձր որակի բիժուտերիայի վաճառքով զբաղվել: Այդպես կնոջս հետ սկսեցինք բրենդ փնտրել, որի ներկայացուցիչը կարող ենք դառնալ: Ահագին «փորփրեցինք» ու վերջապես գտանք»,- «Անկախին» պատմեց Վահե Զաքարյանը:

2008 թվականից սկսում են փնտրտուքն ու ընտրությունը կանգնում է «ԻՆՈՐԻ» ապրանքանիշի վրա, բայց մոտավորապես մեկ տարի տևում է, մինչև ավարտվում են բանակցությունները, նախապատրաստական քայլերը: Ու արդեն 2009 թ. սկսում են իրենց բիզնեսը՝ դառնալով Հայաստանում «ԻՆՈՐԻ» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը:

Բերեցին, բայց քանի որ շատ գումար չունեին հավաքած, սկսեցին անհրաժեշտ գումարը հայթայթել: Տարբեր տեղեր աշխատելով ու գումար վաստակելով՝ խնայողություններ էր անում համահիմնադիր Վահե Զաքարյանն ու խնայողություններով էլ փորձում էր հավաքել անհրաժեշտ գումարը:

«Որ ասում են՝ «կոպեկ-կոպեկ» հավաքել, մեր դեպքում իրոք հենց այդպես է եղել, հավաքեցինք մոտ 3000 դոլար և արդեն կարողացանք ապրանքների առաջին խմբաքանակի պատվերը տալ: Այդ ժամանակ, եթե հիշում եք, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ էր, ու այդ առումով մեր բախտը բերեց, քանի որ գրեթե բոլոր ընկերություններն էլ աշխարհում ճգնաժամային վիճակում էին ու որոշակի կոմպրոմիսների գնում էին: «ԻՆՈՐԻ» ընկերությունն էլ ընդառաջեց ու համաձայնեց, որ քիչ քանակներով, քիչ ծավալով, փոքր պատվեր անենք: Բայց մի ամբողջ խանութ չէինք կարող «լցնել», քանի որ բիժուտերիան, ճիշտ է, թանկ ապրանք է, տեսականին էլ շատ է, բայց ծավալով քիչ է: Այն ժամանակ էլ ամենախոշոր առևտրի կենտրոնը «Տաշիրն» էր, ու հենց այնտեղ էլ ոսկու բաժնում տաղավար վարձակալեցինք: Հետո մի օր Հյուսիսային պողոտայով անցնում էի, այդ ժամանակ էլ Թումանյան փողոցը քանդել էին, շինարարության մեջ էր, ու անցնելիս մի հարմար տարածք աչքովս ընկավ. որոշեցի հենց այդտեղ էլ խանութ բացել: Բայց ինչքան ծանոթ ունեի, բոլորն ասում էին՝ ճգնաժամ է, Թումանյանը քանդած է, այդ ի՞նչ ռիսկի տակ ես մտնում: Բայց ես ոչ ոքի չլսեցի, ինչ ունեի՝ վաճառեցի, գումարը դրեցի գործի մեջ ու խանութը բացեցի: Հետո էլ որոշեցի Հայաստան ներկրել նաև էկզոտիկ կաշվե պարագաներ: Բայց այդ ժամանակ Հայաստանում դա նորություն էր ու վաճառքը լավ չէր ստացվում, դադարեցրի»,- վերհիշեց երիտասարդ գործարարը:

Ի դեպ, պողպատից պատրաստված բրենդային՝ ոչ էժան բիժուտերիայի վաճառքով էլ նա առաջիններից էր, որ սկսեց զբաղվել Հայաստանում: Ու քանի որ մեր հայրենակիցներն ավելի հակված էին բարձր գին վճարել ոսկյա ու արծաթյա զարդերի համար, պողպատից պատրաստված զարդեր գնելու հակված չէին: Բայց ժամանակի ընթացքում այդ հարցը լուծվեց, այդ կարծրատիպը կոտրվեց:

ԻՆՈՐԻ

2010 թվականին, երիտասարդ գործարարը մի օր էլ պատահաբար հանդիպում է մանկության ընկերոջը, որն այդ ժամանակ ապրում էր Դուբայում: Նա էլ առաջարկում է բիզնեսը տանել նաև Միացյալ Էմիրություններ ու տեղափոխվել Դուբայ, նշում է, թե այնտեղ հարկեր չկան, բիզնեսի համար նպաստավոր պայմաններ են գործում, և այլն: 2011 թվականին Վահեն կնոջ հետ մեկնում է Դուբայ՝ տեղում բիզնես սկսելու հնարավորություններն ուսումնասիրելու: Եվ շատ ուսումնասիրելուց, հաշվարկներ անելուց հետո որոշում է ռիսկի դիմել ու ներդրում անել: Ահագին գումար ու ժամանակ են ծախսում թղթաբանության վրա: Եվ արդեն 2012 թվականից Վահե Զաքարյանն ընտանիքով տեղափոխվում է Դուբայ: ԱՄԷ-ում նա բուռն բիզնես գործունեություն ծավալեց. ուներ սեփական ընկերություն, դարձավ «ՄԻՐԱԻ» ապրանքանիշի լոգիստիկ կենտրոնը, որտեղ ստացվում էին ապրանքներն ու ցրվում աշխարհով մեկ, ուներ սեփական վաճառակետերը Դուբայի լավագույն մոլերից մի քանիսում, տարբեր ցուցահանդեսներ էր իրականացնում, մասնակցում տարբեր երկրներում անցկացվող ցուցահանդեսներին և այլն:

«Մինչև 2010 թվականը դեռ Դուբայում որոշակի հնարավորություններ կային: Իսկ արդեն 2010-ից սկսած՝ բիզնես անելը սկսել է էապես դժվարանալ: Այնտեղ ընկերներ ունեմ, որոնք տարիներ շարունակ իրենց լավ են զգացել, հիմա արդեն նրանք էլ են հակված Հայաստան վերադառնալու մտքին: Այնտեղ էլ բազմաթիվ խոչընդոտներ, արգելքներ կան, բավականին շատ սուբյեկտիվ խնդիրներ, մոնոպոլիաներ, հովանավորչություն, թղթաբանություն: Լավ առևտրի կենտրոններում ու մոլերում, որոնք տարեկան տասնյակ միլիոնավոր այցելուներ ունեն, վաճառասրահ ունենալու գներն այնքան բարձր են, որ արդեն դրանց մասին սկսում ես չմտածել»,- նշեց Վահե Զաքարյանը:

Դուբայում մեր զրուցակիցն ապրեց ու աշխատեց մինչև 2015 թվականի մայիսը: Հայաստան վերադառնալուց մի քանի ամիս հետո էլ Վահե Զաքարյանը կնոջ հետ որոշում է տեղափոխվել Իսրայել: Նա նշում է, որ այնտեղ բիզնեսի հնարավորություններ շատ-շատ կան, քանի որ պահանջարկն անհամեմատ ավելի շատ է, քան առաջարկը: Որովհետև, բացի այն ոլոտներից, որտեղ Իսրայելը բավականին առաջ է անցել ու համաշխարհային առաջատարներից է, մյուսներն այնքան էլ զարգացած չեն: Իսկ դա գործարարների համար նոր հնարավորություններ է բացում:

«Բայց Իսրայել տեղափոխվելուց արդեն 6 ամիս հետո հասկացա, որ ուղղակի չեմ կարող այնտեղ ապրել: Իսկ 1 տարի հետո արդեն որոշեցի, որ պետք է վերադառնամ: Ու այդ ժամանակ վերջապես որոշեցի, որ այն ամենը, ինչ պետք է անեմ դրսում, ավելի լավ է՝ անեմ Հայաստանում: Բիզնես սկսելու համար Հայաստանն իդեալական երկիր է, իդեալական պայմաններ ունի: Օրինակ՝ ես Դուբայում ծախսեցի 2 ամիս և 10 հազար ԱՄՆ դոլար, որպեսզի ընկերություն գրանցեմ, իսկ այստեղ ընկերություն գրանցելը տևում է 15 րոպե և արժե մոտավորապես 2000 դրամ... Այնտեղ մոտ 100 հազար դոլար ռեսուրս կարող ես ծախսել, որ սկսես ինչ-որ բան, իսկ այստեղ կարող ես ծախսել, օրինակ, 5 հազար դոլար: Հարկային տեսուչները մի ժամանակ էր, որ խեղդում էին բիզնեսը, իսկ հիմա ամեն ինչ նորմալանում է, արդեն նրանք էլ իրենց բավականին քաղաքակիրթ են պահում: Իսկ եթե մարդիկ շատ են սիրում շեշտել հովանավորչությունը, ծանոթներին, կաշառքն ու ատկատները, ապա կարող եմ ասել, որ նույնը կա նաև Դուբայում՝ ավելի մեծ չափերի, նույնը՝ Իսրայելում, իհարկե մի քիչ մակարդակներն են տարբեր»,- վստահեցնում է Վահե Զաքարյանը:

Ի դեպ՝ բացի Հայաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից ու Իսրայելից, նա «ՄԻՐԱԻ» բրենդի խանութ է ունեցել նաև Ռուսաստանում՝ Մոսկվայում:

Այսպիսով, չորս երկրում բիզնես գործունեութուն ծավալած Վահե Զաքարյանը նշում է՝ բոլոր երկրներում էլ բիզնեսի ու բիզնեսմենի մոտեցումները գրեթե նույնն են՝ պարզապես կան ժողովուրդների մենթալիտետային տարբերություններ: Իսկ հաջողելու համար բիզնեսմենը պետք է ինչքան էներգիա, ինչքան հոգի ունի, ամբողջությամբ ներդնի իր գործում: Եթե դրանով ես ապրում և ոչ թե բիզնես ես սկսել ինչ-որ բանով զբաղվելու համար, անպայման նպատակիդ կհասնես: Ասում է՝ աշխարհում չկա այդպիսի վայր ու այնպիսի ոլորտ, որտեղ դժվարություն չլինի: Բայց դժվարությունները պետք է հաղթահարել, իսկ դրա համար պետք է նպատակին հասնելու ձգտում:

«Բիզնեսում անհաջողությունից խուսափելն անհնար է: Դա նույնն է, որ կազինոյում միշտ հաղթես: Բիզնեսում էլ կա ռիսկի մեծ գործոն: Իհարկե, հոգեպես շատ դժվար է չկոտրվելը, դիմանալը, չհանձնվելն ու համառորեն նպատակին ձգտելը, բայց անհրաժեշտ է»,- նշում է Վահե Զաքարյանը և հավելում, որ ամեն վայրկյան կարող են պատահել այնպիսի բաներ, որոնք քեզնից կախված չեն: Ամեն դեպքում, եզրափակում է մեր զրուցակիցը, եթե սիրես գործդ, նվիրվես ու հաճույքով այն անես, հաջողությունը կլինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: