Հայերեն   English   Русский  

​Ծաղկին հող է պետք. վերադարձ Շվեյցարիայից 25 տարի անց


  
դիտումներ: 17734

Գերմաներեն՝ կյանքի ճակատագրական որոշումներից մեկը

1980-ականներին Վիկտորյա Հովհաննիսյանը դիմում է Խորհրդային Հայաստանի իշխանություններին, որպեսզի թույլ տան իրեն մեկնել Գերմանիա՝ հանդիպելու հորը՝ հայտնի դաշնակցական Էդուարդ Հովհաննիսյանին (Վահան Հովհաննիսյանի հայրը), որը քաղաքական հայացքների պատճառով 70-ականներին Հայաստանից արտաքսվել էր և հանգրվանել Գերմանիայում: Ընտանիքն այդ ժամանակվանից ի վեր հնարավորություն չուներ նրան տեսնելու: Չնայած մի քանի անգամ դիմել ու մերժվել էին, այնուամենայնիվ այս անգամ էլ աղջիկն է դիմում հույսով, որ չեն մերժի: Եվ մինչ պատասխանը կստացվեր, Վիկտորյան որոշում է գերմաներեն սովորել, որպեսզի մեկնելու դեպքում գոնե մի քիչ գերմաներեն իմանա:

Վիկտորյային մերժում են, բայց գերմաներենն այնքան էր նրան դուր եկել, որ որոշում է մինչև վերջ սովորել: Վեց ամիս անց արդեն բավական լավ տիրապետում էր լեզվին:

1988 թվական, Սպիտակի երկրաշարժ: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան էին ժամանել բազմաթիվ բժիշկներ: Նրանցից մեկն էլ շվեյցարացի օրթոպեդ-տեխնիկ Ռիեդոն էր:

Մի օր Վիկտորյայի ընկերուհին, որն իբրև թարգմանիչ աշխատում էր Հայաստան ժամանած գերմանախոս բժիշկների հետ, ասում է, որ իրենց հիվանդանոցում թարգմանչի կարիք կա: Վիկտորյան մասնագիտությամբ ճարտարապետ էր, աշխատում էր «Երևաննախագիծ» ինստիտուտում, բայց գերմաներենը գործնականում կիրառելու հնարավորությունից չի հրաժարվում և աշխատանքին զուգահեռ սկսում է նաև թարգմանություն անել Նորք-Մարաշ հիվանդանոցում:

Երևանից՝ պանրի հայրենիք

Viktoria Riedo-ի լուսանկարը:Ինչպես ասում են, կյանքում ոչինչ պատահական չի լինում: Գերմաներեն սովորելն էլ պատահականություն չէր, այլ կյանքը վերադասավորող այն ճակատագրական նշաններից մեկը, որը Վիկտորյայի առջև մի նոր ճանապարհ էր բացելու:

Շվեյցարացի օրթոպեդը, որի համար Վիկտորյան թարգմանություններ էր կատարում, սիրահարվում է նրան: Ամուսնանում են: 1990-ին մեկնում են Շվեյցարիա: Վիկտորյան դառնում է Ռիեդո-Հովհաննիսյան:

Շվեյցարական հայտնի պանրով նշանավոր Գրյուեր նահանգի գողտրիկ քաղաքներից մեկը՝ Բյուլը, որն այդ ժամանակ ընդամենը 10 հազար բնակչություն ուներ, դառնում է Վիկտորյայի կյանքի ընտանեկան հանգրվանը: Նրա համար ամեն ինչ նոր էր ու հետաքրքիր: Դա էր պատճառը, որ սկզբում չէր էլ մտածում աշխատելու մասին, այլ զբաղվում էր փոքրիկի խնամքով ու նոր միջավայրին հարմարվելով: Բացի այդ, քաղաքի բնակչությունը ֆրանսախոս էր, պետք էր նաև ֆրանսերեն սովորել:

- Երկու տարի անց ես զգացի, որ արդեն ուզում եմ աշխատել: Բայց ճարտարապետությամբ զբաղվելն անհնար էր, պետք է նորից սովորեի, քանի որ իմ դիպլոմն այնտեղ չէր անցնում: Մի ընկերուհի ունեի՝ կիսահայ-կիսառուս, որ բեյբիսիթինգով (երեխաների խնամք) էր զբաղվում: Մի օր նեղսրտած ասաց. «Գոնե այս քաղաքում մի տիկնիկային թատրոն լիներ, չգիտեմ՝ երեխային ինչով զբաղեցնեմ»: «Նատաշա, սպասի՛ր, ասում ես՝ տիկնիկային թատրո՞ն»,- ասացի ու այդ պահին, ինչպես մուլտֆիլմերում հանկարծ մի լույս է վառվում, գլխումս միտք ծագեց:

«Ֆրուկտուս-Արմենիկուս». հայկական տիկնիկային թատրոնի հաղթարշավը շվեյցարական քաղաքում

Հանկարծակի ծնված միտքը դառնում է լուրջ նպատակ: Վիկտորյան անմիջապես անցնում է գործի: Սկսում է տիկնիկներ պատրաստել: Պարզվում է՝ նրա մասնագիտությունն այդ հարցում շատ է օգնում: Եվ այդ հարցում նրա համար անփոխարինելի էր օրթոպեդ-տեխնիկ ամուսնու արհեստանոցը, որտեղ, ինչպես ասում է, կային աշխարհի ամենահետաքրքիր նյութերն ու տեխնոլոգիաները տիկնիկներ պատրաստելու համար:

- Ես սկսեցի տիկնիկներ ստեղծել: Առաջինը դասական տիկինիկ էր, բայց հետո արդեն դրանք լրիվ իմն էին, տարբերվում էին իրենց ձևով ու տեխնիկայով: Մի փոքր շարժումից կարող էին թռվռալ: Վեց ամիս անց արդեն առաջին ներկայացումը պատրաստ էր: Նախ ընտրեցի պիեսը՝ «Ոսկու կարասը», սարքեցի սցենար, հետո եկա Երևան, մեր Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին (որը եղբորս ու իմ երիտասարդության ընկերներից էր), ասացի, որ նման բան եմ ուզում անել: Տեքստը տվեցի տիկնիկայինի դերասաններին, ձայնագրեցինք ու հենց հայերեն ձայնագրությամբ էլ Բյուլում ցուցադրեցի: Դա 1994 թվականին էր: Փաստորեն, տիկնիկ սարքելուց սկսած մինչև պիեսը գրելը, բեմադրությունը, տիկնիկների խաղը ինքս էի անում:

«Ֆրուկտուս-Արմենիկուսը» հետզհետե մեծ համբավ էր ստանում ոչ միայն քաղաքում, այլև քաղաքից դուրս: Բոլոր դպրոցներից հրավիրում էին ներկայացումների: Վերջին ներկայացումը «Անահիտն» էր: Ի դեպ, Վիկտորյան փորձում էր ներկայացումների միջոցով հնարավորինս տարածել հայկական մշակույթը: «Անահիտում» անգամ Խաչատրյանի «Գայանեից» ու «Սպարտակից» երաժշտական կտորներ էր օգտագործում:

Ճանապարհ դեպի բեմ ու բեմանկարչություն

Viktoria Riedo-ի լուսանկարը:Շուտով Վիկտորյային համագործակցելու են հրավիրում քաղաքի տարբեր թատերական խմբեր: Օրինակ՝ առաջարկում են ոչ տիկնիկային ներկայացման համար մեծ՝ մարդու չափերի տիկնիկներ պատրաստել, որոշ դեպքերում՝ բեմական ձևավորումն իրականացնել կամ, ասենք, ազդագիրը պատրաստել: Մի գեղեցիկ օր էլ նա ծանոթանում է մի շվեյցարացի կին ռեժիսորի հետ, որը նրան ներգրավում է պրոֆեսիոնալ լուրջ նախագծերում: Վիկտորյան կամաց-կամաց թողնում է տիկնիկային թատրոնն ու անցնում «մեծերի» թատրոն:

Մի օր էլ Վիկտորյային առաջարկում են ամբողջությամբ մի ներկայացում բեմադրել: Ընտրում է Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»:

- Ժամանակին ես դա ուզում էի իմ տիկնիկայինով անել, ինձ շատ էր հետաքրքրում այդ գործը, անգամ տիկնիկներն էի պատրաստել, բայց չստացվեց: Այդպես սկսեցի աշխատել այդ ներկայացման վրա, մեծ թվով դերասանների հետ: Աշխատում էի և՛ որպես սցենարի հեղինակ, և՛ որպես բեմանկարիչ, և՛ որպես ռեժիսոր, մի խոսքով՝ ամեն ինչ: Ճիշտ է, դա նաև փորձառություն էր հասկանալու, որ այդպես չի կարելի, քանի որ չես կարող ամեն ինչ լավ անել: Հիմա եմ մտածում՝ ես այդ ի՞նչ ռիսկ էի արել, այդ ի՞նչ առյուծ էի կերել, որ առանց թատերական կրթության մտա այդ աշխատանքի մեջ ու ստացվեց (ծիծաղում է): Ներկայացումը լավն էր, մարդիկ, մեծ-մեծ պապիկներ դուրս էին գալիս և ասում՝ ուզում ենք սիրահարվել: Ներկայացման պրեմիերայից հետո իմ ամուսինը, որ 20 տարի անընդհատ փորձում էր դիմադրել թատրոնի նկատմամբ իմ այդ կրքին (նա շվեյցարացի է, բայց տղամարդիկ ամբողջ Երկրագնդում նույնն են), ասաց. «Դու պետք է գնաս այդ ուղղությամբ, գնա՛ սովորիր, լուրջ կրթություն ստացիր»:

Ցյուրիխի արվեստների ակադեմիա. կյանքը նոր էջից

48 տարեկանում Վիկտորյան ընդունվում է արվեստի ոլորտի աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկը՝ Ցյուրիխի արվեստների ակադեմիա, իբրև ասպիրանտ: Նա տեղափոխվում է Ցյուրիխ` երկու տարի ընտանիքից հեռու ապրելով իսկական ուսանողական կյանքով և կյանքի նոր ռիթմով:

- Կարմիր ֆանարների փողոցում մի փոքրիկ բնակարան վարձեցինք. դա իմ կյանքի ամենահրաշալի շրջաններից էր: Իսկ ակադեմիայում ես ասես եվրոպական նորագույն թատրոնի զարկերակին էի դիպել:

Viktoria Riedo-ի լուսանկարը:Հիմնավոր կրթություն ստանալուց հետո նա պետք է որպես բեմանկարիչ դիպլոմային աշխատանք ներկայացներ: Ակադեմիան շրջանավարտին 6 հազար եվրո էր տրամադրում ավարտական աշխատանքի համար: Այդ ընթացքում Վիկտորյան հերթական այցով գալիս է Հայաստան և ծանոթանում ռեժիսոր Նարինե Գրիգորյանի հետ: Վերջինս աստվածաշնչյան թեմայով մի նախագիծ ուներ՝ «Հովնանը», որ դեռևս չէր բեմադրվել: Հենց դա էլ դառնում է Վիկտորյայի դիպլոմային աշխատանքի նյութը:

Ներկայացումը ցուցադրվում է Երևանի տիկնիկային թատրոնում և ընդգրկվում թատրոնի խաղացանկում: Ցյուրիխի արվեստների ակադեմիայից ժամանած համապատասխան հանձնաժողովն ընդունում է Վիկտորյայի աշխատանքը և բարձր գնահատանքի արժանացնում: Իսկ երևանյան թատերական աշխարհում այն թարմ շունչ է բերում:

Վերադարձ Հայաստան

Վիկտորյա Հովհաննիսյան

Հաջողությամբ ավարտելով Ցյուրիխի արվեստների ակադեմիան՝ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանը վերադառնում է Երևան արդեն իբրև բեմանկարիչ: Նա տեսնում էր, որ Հայաստանում այդ ուղղությամբ շատ անելիք կա: «Հովնանի» ցուցադրությունից հետո նրան հրավիրում են աշխատելու Համազգային թատրոնում, հետո արդեն իբրև անկախ բեմանկարիչ մասնակցում է տարբեր նախագծերի տարբեր թատրոններում և օպերային թատրոնում («Սովորական օր», «Արի երազենք», «Հրեշը լուսնի վրա», «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է», «Կարինե» օպերա-բուֆֆա և այլն):

- Ես իմ կյանքը Շվեյցարիայում սկսեցի կառուցել և չէի մտածում վերադառնալու մասին: Բայց մի ներքին զգացողություն կար, գիտեի, որ մի օր վերադառնալու եմ: Ու կարծում եմ, որ դա ամենաճիշտ որոշումն էր: Կողքից կարող է սխալ թվալ, բայց ինձ համար, անձամբ իմ կյանքի համար դա ճիշտ որոշում էր: Արմատներ, հայրենիք. էս խոսքերը գուցե պաթոսային են թվում, բայց դրանց մեջ իրականություն կա, որովհետև գալիս է մի տարիք, երբ ուղղակի ֆիզիկապես զգում ես դրա կարիքը: Ծաղիկը, որ ծաղկամանի մեջ է, կարող է երկար ժամանակ էդպես մնալ, բայց նրան հող է պետք: Երբ վերջին տարիներին մեկ-երկու շաբաթով գալիս էի Հայաստան, սնուցված, էներգիայով լցված վերադառնում էի ու շարունակում ապրել մինչև հաջորդ գալս: Այսինքն՝ ես բացահայտ, պարզ իմ մաշկի վրա զգացի, որ սնունդը, էներգիան այստեղ է և ես պետք է Հայաստանում լինեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: