Հայերեն   English   Русский  

​«Եթե այդքան կուրորեն չհավատայինք, գուցե այս աստիճան չհղփանային ու չխաբեին մարդկանց»


  
դիտումներ: 1950

Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ իր հուշերն է ներկայացնում շարժման ակտիվիստ, Սահմանադրական խմբերի միության անդամ Թամար Վարդանյանը:

Մասնակցությունը շարժմանը

Մասնակցել եմ հենց սկզբից: Այդ ամենը շատ անսովոր էր ու հետաքրքիր, թե ինչ է կատարվելու: Ամեն ինչ սկսվել էր Աբովյան քաղաքից, բնապահպանական պահանջներից: 1988-ին, երբ հեռուստատեսությամբ ակցիան լուսաբանվեց, ես էլ միացա շարժմանը. բնավորությամբ հետաքրքրասեր մարդ եմ: Բայց հետո շարժումը բոլորովին այլ ընթացք ստացավ։ Երբ առաջ քաշվեց Ղարաբաղի միացման հարցը՝ ավելի հետաքրքիր դարձավ, որովհետև այդ թեման միշտ արգելքի տակ էր, ո՞վ էր մինչ այդ մեզ թույլ տալիս այդ խնդրին անդրադառնալ։ Իսկ երբ առաջ քաշվեց անկախության պահանջը՝ ուրախացանք, որ կազատվենք այդ կապանքներից։ Տարիներ շարունակ արճիճի պես լցրել էին մեր ուղեղը, որ Սովետը չլինի, մենք չենք գոյատևի: Բայց ես անկախության կողմնակից էի. դեռ դպրոցական տարիներից հակակրանք ունեի ռուսների նկատմամբ, երբ պատմությունից տեղեկացել էի, թե ինչպես են զինել թուրքերին ու հանել հայերի դեմ։

Եթե սկզբում ուղղակի հետաքրքրությունից դրդված էի մասնակցում, ինչպես և երևի շատերը, ապա շուտով շարժումը դարձավ համազգային, բոլորս նվիրվեցինք պայքարին:

Կարծես մագնիսի պես ձգում էր. անկախ նրանից՝ սոված էինք, թե ծարավ, երբ հայտարարվում էր, որ միտինգ պետք է լինի՝ ճիշտ ժամին համապատասխան վայրում էինք։ Այնքան էինք քայլում ոտքով, որ հիմա զարմանում եմ, թե ինչպես էր դա հնարավոր: Ոտքով գնում էինք էլ Աբովյան, էլ Արտաշատ, էլ Էջմիածին, էլ Աշտարակ։ Հիմա այդքան քայլել չեմ կարող:

Ոնց որ գերբնական ուժ ստանայինք. սոված էլ ենք մնացել, անձրևի տակ էլ ենք մնացել, բայց չենք նեղվել այդ դժվարություններից։

Ասեմ, որ այդտեղ էլ ծանոթացել եմ լավագույն ընկերներիս հետ, շփվել եմ շատ-շատ լավ մարդկանց հետ, կյանքից դասեր քաղել, թե ինչպես լավն ու վատը տարբերել:

Խոչընդոտները

Աշխատում էի պետական համալսարանի հրատարակչությունում որպես լինոտիպիստ: Իմ աշխատանքի շնորհիվ կարողանում էի տպարանում գաղտնի շարել մեր թռուցիկների տեքստը և կաղապարը դուրս հանել: Հետո գաղտնի տպագրում ու տարածում էինք Թատերական հրապարակում, երբեմն փակցնում էինք տանկերի վրա: Հիշում եմ՝ առաջին թռուցիկները մեր ընկերներից մեկի տանը տպեցինք, որի ծնողները տանը չէին: Աշխատում էինք գաղտնի մնալ, բայց թանաքոտ ձեռքերը մեզ մատնում էին:

Տպարանի տնօրենը շատ բարեհամբույր մարդ էր։ Երբեք չի արգելել, որ մասնակցեմ միտինգներին։ Անգամ նստացույցի մասնակցելիս շաբաթներով աշխատանքի չեմ գնացել։ Պարբերաբար գրություն էր ուղարկում՝ խնդրելով, որ գնամ «Բանբեր» ամսագիրը սրբագրեմ, ես էլ անում էի։ Ասում էր՝ ինչքան ուզում ես՝ բացակայիր, բայց մյուսներին հետդ չտանես։

Փոխարենը ծնողներս էին դեմ, որ այդքան ակտիվ մասնակցում էի շարժմանը ու տնից շատ էի բացակայում. անսովոր էր, որ հայ ընտանիքի երեխան, այն էլ աղջիկը, այդքան դրսում մնա: Հիշում եմ` մի անգամ մայրիկս բարկացավ, որ այդքան շատ էի տնից բացակայում, ասաց՝ խառնվել ես խուժաններին՝ տուն չես գալիս։ Շատ նեղացա։ Որոշ ժամանակ անց Նորքում, որտեղ ապրում էի, միտինգ եղավ։ Եղբորս երեխայի ծնունդն էր, ուստի ընկերներիս տուն հրավիրեցի։ Մայրս դուռը բացեց, ասացի՝ մամ, ծանոթացիր, խուժան ընկերներս են։

Ի վերջո, ծնողներս էլ հոգնեցին դիմադրելուց` համակերպվելով, որ միևնույն է, մասնակցելու եմ:

Պայքար օրենքի սահմաններում

Մենք երբևէ չենք էլ մտածել, որ Սովետին դեմ մի բան ենք անում։ Հետո դա իմացվեց։ Մեր պայքարն օրենքի սահմաններում էր, ուզում էինք գործող օրենքով շարժվել, ոչ թե ուրիշի պարտադրանքով։

Բայց ես հենց սկզբից գիտեի, որ «Պարտիա, Լենին, Գորբաչով» կարգախոսով հարց չի լուծվի: Ավելին՝ «պերեստրոյկային» «պերեստրելկա» էի ասում։ Հարցի խաղաղ, օրենքի շրջանակներում լուծմանը չէի հավատում, բայց մենք պատերազմին էլ պատրաստ չէինք: Հույս ունեինք մեր միտինգներով աշխարհի ուշադրությունը գրավել ու այդպես հասնել հարցի լուծմանը։

Ադրբեջանը, ջարդերը կազմակերպելով, մեզ ներքաշեց այդ ամենի մեջ, իրենց ծրագիրն արդեն ակնհայտ էր, հասկանալի էր, թե մեզ ինչ է սպասում։ Իսկ երբ Երասխի դեպքերը եղան, դա արդեն նախազգուշացում էր, որ պատրաստվենք։ Չէինք վախենում, մտածում էինք, որ մի օր ծնվել ենք, պարզ է` մի օր էլ պետք է մեռնենք, կարևորը՝ մեր պայքարը տեղ հասնի։ Ու երևի հասավ ինչ-որ առումով։

Պարզապես մեր ներկա իշխանավորները ո՛չ զոհերին գնահատեցին, ո՛չ շարժումը, շատ սխալ վարվեցին ժողովրդի հետ։ «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» առակի պես ամեն մեկը սկսեց դեպի իրեն քաշել։ Եթե նման բան չլիներ՝ մենք ավելի լավ Հայաստանում կապրեինք, այսքան արտագաղթ էլ չէր լինի։

Թամար Վարդանյան

Ինչի համար էինք պայքարում և ինչ ունենք

Մենք եվրոպական երկրի նման Հայաստանի մասին էինք երազում, օրինակ` Բելգիայի, որը նույնպես փոքրաթիվ բնակչություն ունի:

Բայց արդեն ՀՀՇ-ի երկրորդ համագումարի ժամանակ, երբ քվեարկություն էր ընթանում, Վանո Սիրադեղյանը ստիպում էր, որ մարդիկ իրենց ուզածով քվեարկեն։ Այդտեղ բացահայտվեց նրանց ով լինելը։ Դուրս եկանք մեր ողջ խմբով։ Սկուտեղի վրա ամեն ինչ մատուցել էինք իրենց, մեր ջահելությունն էինք տվել իրենց, բայց ինչի՞ համար ...

Եթե գործարաններն այդպես ցաքուցրիվ չանեին՝ աշխատատեղեր կունենայիք, թափառաշրջիկներ էլ չէինք ունենա։ Հային հարիր չէ մուրացկան ունենալը։ Մենք աշխատող, ստեղծող ազգ ենք, իսկ նրանք խոչընդոտ եղան մեզ։ Գործազրկությունը հանգեցրեց նրան, որ մարդիկ լքեն մեր հոյակապ երկիրը և թափառական դառնան։

Որտե՞ղ թերացանք

Գայթակղությունը կուրացրեց որոշ մարդկանց, նրանք ընկան շահի, ալան-թալանի հետևից։

Հիշեցի Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրությունները. մեռելների հաշվին ընտրվեց։ Նույնիսկ «Ոզնիում» կատակներ տպագրվեցին, թե տղան գնում է ընտրության ու տեսնում է, որ իր մահացած հայրը ստորագրել ու ընտրել է։

Մի անգամ է Հայաստանում արդար ընտրություն եղել՝ 1990-ի Գերագույն խորհրդի ընտրությունները։ Այդ ժամանակ ժողովուրդն իրոք ընտրել է։ Ընտրություններ կեղծելու մշակույթը մեզ մոտ միշտ էլ եղել է։ 90-ի արդար ընտրություններն էին բացառություն։ Ժողովուրդն աստվածացնում էր ՀՀՇ-ի բոլոր անդամներին ու իր հոժար կամքով գնացել ու ընտրել է, կեղծելու կարիք չկար։

Եթե այդքան կուրորեն չհավատայինք, գուցե ինչ-որ չափով կասկած լիներ մեր մեջ, այս աստիճան չհղփանային ու չխաբեին մարդկանց։ Նրանք մեր ազնվությունից ու միամտությունից օգտվեցին, մեզնից խլեցին ամենակարևոր բանը` հավատը:

30 տարվա հեռավորությունից

Բոլորովին չեմ զղջում, որ այդ ամենի մասնակիցն եմ եղել: Ափսոսում եմ միայն, որ մեր նվիրվածությունը չարաշահեցին։

Բայց ներկայի աչքերով, գիտակցությամբ ոչինչ չէի ուզենա տեսնել։ Ավելի լավ է՝ մնար այն հեղափոխական վիճակը, քան թե այն, ինչ ունենք այսօր, չէի ուզենա, որ մեր ժողովուրդն այս իրավիճակում հայտնվեր:

Շարժումը հուշերում

Օդանավակայանի դեպքերն են, որ մխրճվել են հիշողությանս մեջ: 88-ի հուլիսի 5-ն էր: Թատերական հրապարակում որոշվեց, որ պետք է գնանք համալսարան, այնտեղ գործադուլ պետք է հայտարարվի։ Հետո կազմակերպիչները մտափոխվեցին, ուղևորվեցինք օդանավակայան, որ այնտեղ գործադուլի կոչեր անենք։ Եկան ռուս զինվորականները, և սկսվեց ծեծն ու ջարդը։ Սվինով ոտքիս և թևիս հարված էի ստացել։ Այդտեղ ունեցանք մեր առաջին զոհը՝ Խաչիկը։

Ընդամենն ուզում էինք, որ գործադուլ հայտարարվի, բայց մեր իշխանավորները հրավիրել էին ռուս կարմիրբերետավորներին։ Վայրենու պես էին վարվում, հաշվի չէին առնում՝ ցուցարար է, թե ուղղակի ուղևոր, որը թռիչքի է գնում, բոլորին անխտիր ծեծում էին։

Հիշում եմ, թե ինչպես ռուս զինվորականը մի 3-4 տարեկան երեխայի թևից բռնեց ու պատին ծեփեց:

Օդանավակայանից հեռանալիս՝ Արգավանդի խաչմերուկում ռուս զինվորականներով մեքենա հանդիպեց, կատաղած էինք ու արյունլվիկ: Մեքենան կանգնեցրինք, զինվորներին ծեծեցինք, մեքենան շուռ տվեցինք։ Հիմա նման բան չէինք անի, բայց երբ մարդը հունից դուրս է գալիս, այլևս ճիշտ որոշումներ կայացնել չի կարող։

Հիվանդանոցում վերքերիս կարեր դրեցին: Բայց երկար չմնացի, հաջորդ օրը փախա ու նորից պայքարին միացա:

Լավ հիշում եմ նաև 88-ի նոյեմբերի 24-ը, երբ Գերագույն խորհրդի արտահերթ նիստ պետք է հրավիրվեր: Մենք գնացել էինք Լենինական` դեպուտատներին համոզելու, որ գան ու մասնակցեն նիստին: Ո՜նց էինք մարդկանց համոզում, մնացել էինք մեր վրա զարմացած։ Տասը դեպուտատ բերեցինք, որ մասնակցեն նիստին: Նրանցից միայն Յուրի Վարդանյանը չեկավ, մեր գաղափարներին համակիր չէր։ Այդ օրը պարետային ժամ հայտարարվեց, այսինքն՝ ժամը 6-ից հետո դրսում չպետք է լինեինք: Բայց հաջորդ օրն էլ իմ ծնունդն էր: Հակառակվելու համար փոքր խմբով «Պապլավոկ» գնացինք, խմիչք վերցրինք, որ զինվորականները գան, նկատողություն անեն, մենք էլ պատասխանենք, սրտներս հովանա։ Բայց մեզ անտեսեցին, այդպես էլ բախում չեղավ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: