Հայերեն   English   Русский  

​ԳՐԻԳՈՐ Ը ԽԱՆՁՈՂԱՏ


  
դիտումներ: 6982

XIV դարավերջը և XV դարի առաջին քառորդը հայության համար օրհասական տարիներ էին: 1375 թ. կործանվեց Կիլիկիայի հայկական թագավորությունը: Ապա հետևեցին Լենկ-Թեմուրի արշավանքները, որոնք ոչ միայն մարդկային ու նյութական հսկայական կորուստներ պատճառեցին հայությանը, այլև իսպառ խորտակեցին բուն Հայաստանում պահպանված մի քանի կիսանկախ իշխանություններ:

Հայաստանում Լենկ-Թեմուրի արշավանքներին հաջորդեցին կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի ասպատակություններն ու անընդմեջ պատերազմները տարածաշրջանում իշխելու համար:

Թվում է՝ քաղաքական և աշխարհիկ իշխանության չգոյության պայմաններում Հայ առաքելական եկեղեցին պետք է փորձեր ի մի բերել հայության կարող ուժերը, համախմբել հայության բեկորներն ու ժողովրդին կործանումից փրկելու միջոցներ ձեռնարկեր: Սակայն եկեղեցին ճիշտ հակառակն արեց՝ անմիջականորեն նպաստեց Կիլիկիայի հայկական թագավորության կործանմանը, ավելին՝ Հայ առաքելական եկեղեցու ներսում տիրող անբարո բարքերն ու հանցագործ խմբավորումները, չդադարեցնելով միմյանց դեմ անզիջում պայքարը կաթողիկոսական գահին տիրելու համար, ավելի ու ավելի էին խորացնում անջրպետը կառույցի ու հայության միջև: Ժամանակի հայ կղերականության դիմագիծն էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գրիգոր Ը Խանձողատը:

Հայտնի չէ, թե այս կաթողիկոսն ինչու է Խանձողատ կոչվել: Խանձողատ բառի իմաստն էլ մինչ օրս հասկանալի չէ: Ամենայն հավանականությամբ՝ խանձել, այրել բառի հետ է կապված, բայց ինչպես, երբ և ինչու է կաթողիկոսը նման մականուն ստացել՝ մնում է անհայտ: Առհասարակ կաթողիկոսի գործունեության առաջին շրջանը մշուշով է պատված և լավ չի լուսաբանված: Հայտնի չեն նաև Գրիգոր Ը Խանձողատի ծննդյան թվականն ու վայրը:

Գրիգոր Ը-ն կաթողիկոս է դարձել Հակոբ Գ Սսեցի կաթողիկոսի սպանությունից հետո՝ 1411 թ.: Հակոբ Գ Սսեցին թունավորելով սպանել էր իրեն նախորդած Կարապետ Ա կաթողիկոսին, բայց ինքն էլ դարձել էր դավադրության զոհ և դարձյալ թունավորվելով՝ սպանվել:

Թե ինչ անմիջական մասնակցություն ուներ Հակոբ Գ-ի մահվան գործում Գրիգոր Խանձողատը, ստույգ հայտնի չէ: Բայց և Հակոբ Գ կաթողիկոսի դավադիր սպանությունից ամենից շատ հենց նա շահեց:

Գրիգոր Ը-ի կյանքի առաջին շրջանի մասին աղբյուրները համառորեն լռում են: Թե ով էր նա մինչ կաթողիկոսական գահին տիրելը՝ անհայտ է: Ամենայն հավանականությամբ, Սիս քաղաքի կամ Կիլիկիո ազդեցիկ եպիսկոպոսներից մեկն էր, որ իր բաղձանքին հասնելու համար կանգ չառավ որևէ բարոյական և իրավական խոչընդոտի առջև:

Առհասարակ այդ ժամանակաշրջանում հայ եկեղեցում տիրող անմաքուր բարքերի մասին դիպուկ է գրում Թովմա Մեծոփեցի պատմիչը: Նա, նկարագրելով հայ հոգևորականության վարքը, մասնավորապես նշում է. «Զանկեալս ի կարգէ գարշութեամբ վաւաշոտ բղջախոհութեան` ի յաստիճան առաքելական կոչէին: Գայթակղութեամբ զբազումս ի հաւատոցն Քրիստոսի ի բաց հանէին: Անառակութեամբ եւ արբեցողութեամբ եւ պիղծ վարուք շրջէին: Հասարակ ձիթապտղի ձէթով զՀոգին ի բաց բարձին: Արծաթով տային զշնորհս Հոգւոյն Սրբոյ: Ի վերայ միոյ վիճակի երեք եւ չորս եպիսկոպոս ձեռնադրէին: Զանուղղայս եւ զանկարգս ձեռնադրէին: Անիծիւք նզովից եւ բանադրութեամբ կապանաց զաշխարհս մեր լցին: Թողին զօրէնքն Քրիստոսի, եւ թողին զկանոնեալն ի Լուսաւորչէն: Յաջ Լուսաւորչին երդնուին, որ ոչ զԼուսաւորիչն ճանաչէին եւ ոչ զաջ Լուսաւորչին գիտէին»:

Գրիգոր Ը-ի կաթողիկոսական շրջանի պատմությունը խճճված է: Տարածաշրջանում իշխողները հաջորդում էին մեկը մյուսին: Մասնավորապես Յուսուֆ անունով քուրդ ամիրան, կարակոյունլուների ցեղախմբից, հզորանալով գրավում է Բաղդադը և իր իշխանությունը հաստատում Արևելքում: Նրա դեմ պայքարում է Ամիդ քաղաքի Օսման ամիրան՝ ակկոյունլուների ցեղից: Մյուս կողմից՝ դեռևս ռեալ ուժ էին թեմուրյանները, մասնավորապես՝ Լենկ-Թեմուրի թոռ Շահռուխը:

Շուտով Շահռուխը մեռավ, իսկ Յուսուֆի որդի Իսկանդերն ավելի հզորացավ ու կարակոյունլուների հզոր իշխանությունը հիմնեց: Նրանց իշխանության դեմ պայքար սկսեցին ակկոյունլուները:

Իսկ հայ բարձրաստիճան հոգևորականությունը կաթողիկոսական աթոռին տիրելու համար ամեն քայլի գնում էր… Դավեր, սպանություններ, կաշառք, միայն թե հաճոյանային հայոց երկրում հաստատված օտար տիրակալներին և իրենց նկրտումներին հասնելու համար նրանց աջակցությամբ դիրք գրավեին ու հասնեին իշխանության:

Հայոց արևելյան կողմի վարդապետները ևս փորձում էին Սիսում գտնվող կաթողիկոսական աթոռի վրա իրենց վերահսկողությունը սահմանել: Առհասարակ բուն Հայաստանի վարդապետները մտորում էին կաթողիկոսական աթոռը Կիլիկիայից Էջմիածին տեղափոխելու մասին: Բայց դրան հասնելու համար հարկավոր էր նախ գրավել այդ աթոռը: Ի վերջո, այդ առաքելությունը վստահվում է Պողոս Գառնեցի վարդապետին: Բայց նա չէր կարող Սիս մեկնել՝ արևելցուն այնտեղ որպես անկոչ հյուր կընկալեին:

Պողոս Գառնեցի վարդապետը Երուսաղեմ է գնում իբր ուխտի և 1413 թ. հաստատվում Երուսաղեմի պատրիարքի պաշտոնում: Տարիներ անց Արևելքի վարդապետների ցուցումով կաթողիկոսական աթոռի վիճակը բարելավելու համար ուղևորվում է Սիս: Այստեղ ինքն է փորձում կաթողիկոսական աթոռին հաստատվել՝ օգտվելով այն հանգամանքից, որ Գրիգոր Ը Խանձողատը շատ հակառակորդներ ուներ: Եվ 1416 թ. վերջիններս էլ Պողոս Գառնեցուն ճանաչում են հայոց կաթողիկոս:

Երկու կաթողիկոսների միջև անհաշտ թշնամություն ու պայքար է սկսվում: Ի վերջո, Գրիգոր Ը կաթողիկոսը տանուլ է տալիս այս պայքարը: Նրա հովանավոր թուրքմեն ամիրան, ոչ միայն երես թեքելով կաթողիկոսից, սկսում է հովանավորել Պողոս Գառնեցուն, այլև բանտարկում է Գրիգորին:

Ճիշտ է՝ Գրիգորը, անգամ բանտարկված լինելով, կաթողիկոս է համարվում, բայց և այնպես կաթողիկոսական իրական իշխանությունն արդեն Պողոս Գառնեցու ձեռքին էր: Սակայն Գառնեցու կաթողիկոսությունն օրինական չէր կարող համարվել, քանզի Գրիգոր Ը-ն գահընկեց չէր արվել եկեղեցական ժողովի կողմից, ինչպես որ նորընծա կաթողիկոսը չէր հաստատվել որևէ ժողովի կողմից:

Թե որտեղ է բանտարկվել Գրիգոր Ը Խանձողատը՝ անհայտ է: Կան տեղեկություններ, որ Գրիգոր Ը-ն հավատուրաց է եղել բանտում, իսլամ է ընդունել: Մասնավորապես աղբյուրը նշում է, որ նրան «հոգով են սպանել»: Դա նշանակում է՝ ուրացել է հավատքը: Ամենայն հավանականությամբ, դա հակառակորդներից վրեժ լուծելու կամ բանտում տանջանքներից ազատվելու նպատակ է հետապնդել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: