Հայերեն   English   Русский  

Հայաստանի և Լիբանանի վարչապետները հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով


  
դիտումներ: 366

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում:

Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին Լիբանանի կառավարության մամուլի սրահում հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան. «Հարգելի պարոն Հարիրի, ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և այսօրվա արդյունավետ հանդիպման համար: Կարծում եմ՝ մեր հանդիպումն անցել է կառուցողական և փոխվստահության մթնոլորտում: Մենք մտքեր ենք փոխանակել և արձանագրել ենք, որ մեր երկու երկրների հարաբերությունները բոլոր առումներով գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Մենք իրականում բարեկամ և շատ մոտ երկրներ ենք: Նաև արձանագրել ենք, որ մեր տնտեսական հարաբերությունները հեռու են քաղաքական հարաբերությունների այն բարձր մակարդակից, որ ունենք, և մենք չափազանց մեծ ներուժ ունենք՝ դրանք զարգացնելու համար:
Մենք խոսել ենք այն հնարավորությունների մասին, որ ունեն մեր երկու երկրները: Մասնավորապես, մենք չենք թաքցնում և շատ շահագրգռված ենք, որպեսզի լիբանանյան բիզնեսը գա Հայաստան, և ֆիքսել ենք այն առավելություններն ու հնարավորությունները, որ այսօր Հայաստանն ունի. արձանագրել ենք այն փաստը, որ լինելով Եվրասիական միության անդամ, ունենալով GSP+ ռեժիմ Եվրոպական միության հետ, ազատ տնտեսական գոտի Իրանի հետ սահմանին, ինչպես նաև այն բիզնես հնարավորություններն ու միջավայրը, որն այսօր ձևավորում ենք Հայաստանում, հնարավորություն են տալիս, տեղակայվելով Հայաստանում, մտնել բավական մեծ շուկաներ, որոնց մասին ես քիչ առաջ նշեցի:
Որո՞նք են այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք համագործակցել. դրանք բազմաթիվ են՝ թեթև արդյունաբերություն, ոսկերչություն, դեղագործություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն: Նաև պայմանավորվել ենք այսօր, որ կշարունակենք բանակցությունները հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ, որը կաջակցի երկկողմ նախաձեռնություններին: Խոսել ենք նաև արևային և այլընտրանքային էներգետիկայի զարգացման մասին:
Առանձնակի անդրադարձել ենք նաև, թե ինչ դերակատարում ունի մեր սփյուռքը Լիբանանում, որ լիբանանահայերն իրականում մեր դեսպաններն են այստեղ և Լիբանանի դեսպանները՝ Հայաստանում, ու լինելով առաջին հերթին Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ՝ մեծ դերակատարում ունեն մեր երկու երկրների բարեկամական կապերի մեջ:
Օգտվելով առիթից՝ ես պարոն Հարիրիին հրավիրել եմ այցելել Հայաստան: Նաև պայմանավորվել ենք օգտագործել միջկառավարական մեր հանձնաժողովը, նախապատրաստել այնպիսի օրակարգ, որ պարոն Հարիրիի այցի ժամանակ կարողանանք անցկացնել նաև միջկառավարական հանձնաժողովի նիստ:
Բազմաթիվ հանդիպումներ ենք ունենալու այս երկու օրվա ընթացքում, և համոզված եմ, որ նոր լիցք կհաղորդենք մեր տնտեսական հարաբերություններին:
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրի. «Հիանալի հանդիպում ունեցա պարոն վարչապետի հետ, ով Լիբանան է այցելում Լիբանանի նախագահի՝ Հայաստան կատարած այցից հետո: Դա ցույց է տալիս այն կարևորությունը, որը ցուցաբերում է յուրաքանչյուր երկիրը մյուս երկրի հանդեպ՝ երկկողմ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու համար:
Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները և երկու ժողովուրդների միջև կապերը պատմական են, դարերի խորքից են գալիս, և դա շնորհիվ այն լիբանանահայերի, ովքեր այստեղ միաձուլված, համախմբված կազմում են Լիբանանի հասարակության մի մասը և մեծ մասնակցություն ունեն բոլոր ոլորտներում: Ինձ համար հպարտություն է, որ իմ հայրը՝ Ռաֆիկ Հարիրին, եղել է առաջին անձը, ով Հայաստանի հետ եղբայրական ամուր կապերի հիմքն է դրել 1991 թվականին: Եվ մենք հանձնառու ենք, որպեսզի շարունակենք այս ուղին՝ ի շահ և ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների:
Պարոն վարչապետի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվեցինք ամրապնդել և զարգացնել Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում և ամենատարբեր մակարդակներում. բանկային ոլորտում համագործակցությունը, մանավանդ որ լիբանանյան բանկերը հայտնի են աշխարհում և մեծ ներուժ ունեն, որպեսզի ֆինանսավորեն հանրային և մասնավոր ծրագրեր: Մենք հպարտանում ենք դրանով, և դրա մասին վկայում են շատ ծրագրեր: Խոսեցինք նաև այս ոլորտում համագործակցություն ծավալելու մասին:
Մենք ուշադրություն կդարձնենք, որպեսզի մոտ ապագայում միջկառավարական հանձնաժողովի նիստ գումարվի: Անշուշտ, այն պետք է տեղի ունենա Լիբանանում նախատեսված ընտրություններից հետո:
Մենք համակարծիք էինք, որ մեր երկու երկրների միջև պատմական հարաբերություններն արդեն պետք է կյանքի կոչենք, և ես անձնապես շատ ուշադիր եմ լինելու այդ հարցում: Այո, համաձայն եմ, շատ գեղեցիկ է, որ ունենանք պատմական հարաբերություններ, սակայն պետք է նաև մեր տնտեսական հարաբերությունները զարգացնենք: Այսօր պարոն վարչապետը բազմաթիվ հանդիպումներ ունի, նաև՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, և նպատակն է, որպեսզի խրախուսվեն ներդրումները՝ ինչպես հայկական ներդրումները Լիբանանում, այնպես էլ լիբանանյան ներդրումները Հայաստանում: Դա բխում է երկու երկրների շահերից, և մենք պետք է ուսումնասիրենք այն հարցերը, ինչի մասին խոսեց պարոն վարչապետը: Նա նաև մի գաղափար առաջարկեց, որը պետք է նույնպես ուսումնասիրենք: Դա կխրախուսի ներդրումները, և մենք պետք է սկսենք ամենամոտ ժամանակներս իրականություն դարձնել: Մենք խոսեցինք նաև տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին: Լիբանանում և Հայաստանում տարբեր ոլորտներ ունենք, որտեղ պետք է համագործակցենք:
Ինձ համար Հայաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են, և տա Աստված, որ ես և պարոն վարչապետը, միասին աշխատելով, կարողանանք դրանք զարգացնել ապագայում:
Շնորհակալություն, պարոն վարչապետ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: