Հայերեն   English   Русский  

Մեր լավագույն հրաձիգներից մի քանիսը լճացման շրջանում են. Սեյրան Նիկողոսյան


  
դիտումներ: 198

Նախորդ շաբաթ Երեւանում կայացավ գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց առաջնության արդյունքները.

«Օդամղիչ հրացան ու օդամղիչ ատրճանակ վարժություններում մեծահասակների ցուցադրած արդյունքներից գոհ չեմ: Շատերի մոտ լճացում եմ նկատում՝ Հրաչիկ Բաբայանը, Զավեն Իգիթյանը…: Նրանք տաղանդավոր մարզիկներ են, պարզապես հոգեբանական խնդիր կա:

Մարզիչներով քննարկել ենք բոլոր հարցերը, փորձել ենք գտնել լուծումներ եւ հետագա աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպել:

Պատանիներից ու երիտասարդներից գոհ եմ, բարձր արդյունքներ ցուցադրեցին»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:

Հրաձիգներն այժմ պատրաստվում են Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարին, ապա կմեկնեն Գերմանիա՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը.

«Դեռ չենք որոշել՝ ովքեր հանդես կգան Գերմանիայում: Գուցե մի քանի մարզիկներ, որոնց հետ հույսեր ենք կապում, չմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը: Ավելի լավ է հնարավորություն տանք երիտասարդներին, քան լճացած մարզիկներին»,- նշեց մարզիչը:

Այս տարին հրաձիգների համար հագեցած է ու կարեւոր. աշխարհի առաջնություն, Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղեր…

«Աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար դեռ շատ ժամանակ ունենք: Տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցեն ամենաուժեղ հրաձիգները, քանի որ խաղարկվելու են Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշեր:

Ինչպես գիտեք, պատանեկան օլիմպիական խաղերի մեկ ուղեգիր ունենք, որը նվաճել է Հայկ Բաբայանը: Նա շատ լավ մարզավիճակում է: Համոզված եմ՝ Հայկը եզրափակիչ կանցնի:

Աղջիկներից Ալլա Պողոսյանին Եվրոպայի առաջնությունում չհաջողվեց անցնել եզրափակիչ ու պայքարել օլիմպիական ուղեգրի համար: Նա հավասար միավորներ ուներ 8-րդ տեղը զբաղեցրած մարզիկի հետ: Դիմել ենք սպիտակ քարտ ստանալու համար»,- եզրափակեց Սեյրան Նիկողոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: