Հայերեն   English   Русский  

Սերժ Սարգսյանը գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում ինձ համար առավել ընդունելի թեկնածու է. Թաթուլ Մանասերյան


  
դիտումներ: 766

Չավարտված պատերազմի պայմաններում Հայաստանի համար կարևոր է և՛ նախագահի, և՛ վարչապետի դերը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ այն լիազորությունները, որոնք ունի նոր ընտրված նախագահը՝ քիչ չեն: Նա չի գտնում, որ Արմեն Սարգսյանի լիազորությունները խիստ սահմանափակ կամ ձևական չեն լինելու:

«Լայնախոհությունը, փորձառությունը, մտավորականի կեցվածքը և կենսակերպը մենք պետք է արժևորենք ու ակնկալիքներն այս առումով Արմեն Սարգսյանից ռեալ են », - նշեց Մանասերյանը:

Նա ընդգծեց, որ Արմեն Սարգսյանին սպասվում է մի շատ դժվար գործ. «Հուսով եմ՝ Արմեն Սարգսյանին կհաջողվի հասարակության հետ արդյունավետ աշխատանք տանել՝ հաղթահարելու տարիների ընթացքում հասարակության և իշխանության միջև ձևավորված անվստահության մթնոլորտը»:

Անդրադառնալով վարչապետի թեկնածությանը՝ Թաթուլ Մանասերյանը հիշեցրեց, որ գլխավոր առաջնահերթությունն այստեղ գերագույն գլխավոր հրամանատարի ընտրությունն է:

Ինչ վերաբերում է Հանրապետականների այն կարծիքին, թե Սերժ Սարգսյանը անփոխարինելի է՝ հատկապես հաշվի առնելով, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ոչ ոք նրանից լավ չի տիրապետում իրավիճակին, Մանասերյանն ընդգծեց, որ այս բացառիկ դեպքում այդ կարծիքի հետ ինքը համաձայն է:

«Բոլոր նրանք, ովքեր ուզում են այլ մարդ տեսնել ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում, պարտավոր են սկզբում հիմնավորել, թե որքանով է նա համապատասխանում գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնին, և ինչու Սերժ Սարգսյանը պետք է զիջի: Փորձառությունը և լայնախոհությունը բանակցություններում ու անվտանգության երաշխիքը ինքը ապացուցել է փորձով», - նկատեց նա:

Մանասերյանի խոսքով, այս թեմայով առարկայական խոսակցություն կարող է լինել միայն այնդ դեպքում, եթե ներկայացվի այլընտրանք. «Սերժ Սարգսյանն ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացի, այս պարագայում առավել ընդունելի թեկնածու է: Եթե լիներ որևէ մեկը, դժվար թե ձեռքը բռնեին ու ասեին՝ մի ներկայացրեք: Սա քաղաքական ուժերի խնդիրն է, ոչ թե հասարակության հիվանդ կամ առողջ լինելու»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: