Հայերեն   English   Русский  

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ուղղակի վարչապետի անձնական ծառայություններն են դառնում. Ավետիք Իշխանյան


  
դիտումներ: 721

Մեր երկրում ցանկացած համակարգ նախևառաջ ուժերի դասավորություն է , իսկ ժողովրդավարական երկրներում, որտեղ իշխանությունները ներկայացնում են ժողովրդի կամքը, երևույթները ձևավորվում են իրավունքներով, ոչ թե ուժերի հավասարակշռությամբ:

Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Այս սահմանադրության մեջ փնտրում էի այն կետը, որտեղ երևում է, որ ԱԺ-ն իշխանության բարձրագույն մարմինն է: Սահմանադրության մեջ նման կետ չկա: Գրված է, որ ունի այն գործառույթները, որոնք սահմանված են Սահմանադրությամբ»,- ասաց տիկին Խառատյանը:

Ըստ տիկին Խառատյանի՝ եթե կառավարությունը կարիք համարի դիմել ԱԺ-ին, կարող է դա անել, եթե ոչ՝ կարող է և չդիմել:

«Կառավարությունը՝ վարչապետը, կարող է արտակարգ դրություն հայտարարել, որից հետո դիմել ԱԺ-ին: ԱԺ-ն կարող է այդ արտակարգ դրությունը հանել: Կարող է և չհանել: Իմպերատիվ բան չկա, ամբողջը հայեցողական է: Ամեն ինչ թողնված է մեկնաբանությունների»:

Նա ընդգծեց, որ երկրի հիմնական ղեկավար շարունակում է մնալ նախագահը՝ պետության գլուխն է: Ազգային ժողովը կարող է վերահսկել գործադիր իշխանության, պետբյուջեի կատարումը: Մնացած բոլոր գործառույթները կատարում են կառավարությունը և վարչապետը:

«Հասկանալի է, որ ուժերի հավասարակշռություն չկա: Երևում է, որ մեկ անձի վրա ձևած սահմանադրություն է, և այն հնարավորություն է տալիս, որ եթե այդ մեկ անձը չլինի, ապա հնարավոր լինի նաև մեկ այլ անձի վրա իրացնել դա»,- նշեց Հրանուշ Խառատյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ համակարգի անունը կարող է լինել խորհրդարանական, բայց այն ոչ մի աղերս չունենա խորհրդարանականի հետ:

Ավետիք Իշխանյանը ընդգծեց, որ նույնիսկ ՀՀԿ-ական 60 տոկոսանոց ԱԺ-ն վստահություն չունի. «ԱԺ-ն վերահսկողություն չի ունենում ոստիկանության, ԱԱԾ-ի, քննչական մարմինների նկատմամբ, քանի որ դրանք ուղղակի վարչապետին անձնական ծառայություններն են: Ցույց տվեք եվրոպական երկրներ, որտեղ վարչապետն ունի նման լիազորություններ: 2008-ի մարտի 1-ի ողբերգության պատճառն այն էր, որ մեզ մոտ ուժային կառույցները իշխանության հիմնական հենարանն են, և չկար որևէ վերահսկողություն: Սահմանադրական փոփոխություններն ընդունելուց հետո ԱԺ-ն, որ կողմ քվեարկեց դրանց, այդպիսով արդարացնում է 2008-ի մարտի 1-ի դեպքերը: Այդ օրենքներնն ըդնունելով չի բացառվում առաջիկայում հերթական մարտի մեկեր լինեն»,- նշեց Ավետիք Իշխանյանը:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: