Հայերեն   English   Русский  

​Հայաստանի ծանրամարտի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը մտադիր չէ հեշտ հանձնվել


  
դիտումներ: 1672

Տարեվերջին կտրուկ իրադարձություններ կատարվեցին հայկական ծանրամարտում: Մեր երկրի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն ազատեց զբաղեցրած պաշտոնը: Այսուհետ այդ պարտականությունը կկատարի Փաշիկ Ալավերդյանը, որը միջազգային կարգի մրցավարի կոչում ունի, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երկարամյա պաշտոնյա է, նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Նրան խնդրեցինք նախ գնահատել Հայաստանի ծանրամարտում տիրող վիճակը:

- Գոհանալու առիթ չկա: Վերջերս Ղազախստանում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում մեր երկրի մարզիկները մրցանակակիր դարձած ծանրորդներին զգալի կիլոգրամներ էին զիջում: Թեև ունեցանք մարզիկներ, որոնք տեղեր զբաղեցրին առաջին տասնյակում, մեծ աշխատանք պետք է կատարվի, որպեսզի հետագայում նրանք լավ արդյունք ունենան, մրցանակակիր դառնան: Չեմ կարծում, թե թուլություն կդրսևորեմ և կհանձնվեմ: Պետք է փորձել շտկել վիճակը: Բոլորը, ովքեր պատասխանատու են, սրտացավ ծանրամարտի համար, խոստացել են աջակցել: Խոսքը ղեկավարության, նաև մարզչական անձնակազմի մասին է: Հավաքականի մարզչական կազմ է ընտրվելու` բաղկացած 3-4 անձից, և ինձ հետ միասին բոլորն էլ անելու են հնարավորը, որ հաղթահարենք դժվարությունները:

- Դուք միշտ էլ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում եք եղել: Երբևէ փորձե՞լ եք միջամտել հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքին, ուղղորդել նրան:

- Միանշանակ` ոչ: Սակայն տարիներ առաջ, երբ Հայաստանի հավաքականը գլխավորում էր օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանը, ես երկրորդ մարզիչ էի: Միասին էինք կազմակերպում ուսումնամարզական հավաքները, ծանրորդներին նախապատրաստում Եվրոպայի, աշխարհի առաջնություններին: Պողոսյանի հետ միասին աշխատել եմ միայն մեր երկրի հավաքականի արտասահամանյան մրցելույթների ժամանակ: Եթե իմ օգնության կարիքը զգացվել է, գլխավոր մարզիչը հանձնարարական է տվել:

- Իսկ Ղազախստանում կայացած աշխարհի առաջնության ժամանակ կուլիսների հետևում եղե՞լ եք:

- Ոչ, միայն զբաղվել եմ մրցավարական աշխատանքով:

- Շարունակելո՞ւ եք մրցավարական գործունեությունը:

- Այո, բայց միայն պատանիների, երիտասարդների միջազգային ստուգատեսներում: Իսկ Հայաստանի մեծահասակների հավաքականի մրցելույթների ժամանակ դա բացառվում է, քանի որ լինելու եմ թիմի անդամների կողքին: Հավաքականի մարզիչը պետք է ծանրորդին նախապատրաստի, նաև` հոգեբանորեն, նրան մրցահարթակ ուղեկցի և այլն: Մեկ վայրկյանի ընթացքում կարող է շատ բան կատարվել: Ինձ պետք է օգնեն այն մարզիչները, որոնց սաները հավաքականում են: Բոլորի հետ էլ երկար տարիներ համատեղ աշխատել ենք, այդուհանդերձ յուրաքանչյուր մրցման համար պետք է խորհրդակցենք: Իսկ թե ինչպես է արվելու ամեն ինչ, ինքս պետք է վճիռ կայացնեմ և կատարվածի համար պատասխան տամ:

- 1978-ից ծանրամարտում եք, եղել եք մարզիչ, դպրոցի ուսմասվար, տնօրեն, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար: Քչերն են տեղյակ, որ սկսել եք որպես ըմբիշ: Ինչպես ստացվեց, որ հետո երկաթախաղին նվիրվեցիք:

- Իրավացի եք, բացի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց, բոլոր աշխատանքներով զբաղվել եմ: Իսկ ըմբշամարտ պարապում էի, երբ ընդունվում էի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ: Բանակում ծառայելու տարիներին մրցումներից մեկի ժամանակ կողս կոտրվել էր, չէի կարողանում գոտեմարտեր անցկացնել: Ընկերս` Մաթևոս Ռայիսյանը, ծանրորդ էր, հանրակացարանում նույն սենյակում էինք բնակվում, և նա խորհուրդ տվեց, որ ծանրամարտով զբաղվեմ: Ուսումնառության վերջին կուրսում արդեն լրացրել էի ԽՍՀՄ սպորտի վարպետի նորմը: Հաջողությունների եմ հասել ԽՍՀՄ առաջնություններում, տարբեր մրցաշարերում, համամիութենական ուսանողական խաղերում: Զուգահեռ նաև մարզչական աշխատանքով էի զբաղվում: Սաներիցս Անդրանիկ Մարտիրոսյանը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն:

- Պողոս Պողոսյանի հեռանալուց հետո ի հայտ են եկել նոր հանգամանքներ: Մասնավորապես դժգոհում են Օգսեն Միրզոյանը, նրա որդին` ծանրորդ Առաքել Միրզոյանը, հավաքականի նախկին մարզիչն էլ հակադարձում է, որ մասնագետների մի խումբ իր դեմ է գործել, դիտավորություն ունեցել, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչոյանն էլ, որը ղեկավարում է ֆեդերացիայի աշխատանքը, ծանրամարտում պատահական հայտնված մարդ է: Ընդհանրապես մասնագետների փոխհարաբերություններն ինչպիսի՞ն են, կարո՞ղ են տարաձայնությունները պատճառ դառնալ, որ աշխատանքը ձախողվի:

- Քանի որ Պողոսյանը հեռացել է, այլևս իմաստ չունի տարաձայնությունների թեմային անդրադառնալ: Պետք նրան շնորհակալություն հայտնել արածի, համատեղ աշխատանքի համար: Եվ ընդհանրապես բարոյական չեմ համարում միմյանց դեմ տարբեր խոսակցություններ ծավալելը: Ինքս Պողոսյանի, իմ մյուս բոլոր գործընկերների հետ լավ փոխհարաբերություններ եմ պահպանում:

ծանրամարտ

- Հավաքականի կազմը որոշելու ժամանակ հնարավո՞ր է, որ ճնշումներ գործադրվեն, խնդիրներ առաջանան:

- Ոչ, այդպիսի բան լինել չի կարող: Ամեն հարց վճռելու է մարզչական խորհուրդը:

- Առաջիկա ծրագրերն ինչպիսի՞ն են:

- Հունվարին Հայաստանի մեծահասակների տղամարդկանց և կանանց հավաքականները Ծաղկաձորում առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնեն: Փետրվարի 10-15-ը Երևանում կանցկացվի Հայաստանի առաջնությունը: Այդ ստուգատեսում հանդես կգան բոլոր ուժեղագույնները, բացառության կարգով հնարավոր է, որ չմասնակցի 1-2 մարզիկ: Աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը հավանաբար մրցահարթակ դուրս չգա, քանի որ նա մարզումները վերսկսել է դեկտեմբերի 20-ից:

- Մի քանի պատասխանատու պաշտոն եք զբաղեցնում: Եթե հավաքականում Ձեր աշխատանքը չստացվի, հնարավո՞ր է, որ ամեն ինչ իրար խառնվի, արդեն մի շարք հարցերում մեղադրանքներ հնչեն:

- Չեմ կարծում, որ բարդություններ առաջանան: Ինձ նեցուկ են լինելու, օգնելու են գործընկերներս:

- 2015-ի նոյեմբերին ԱՄՆ-ում` Հյուստոնում, կայանալու է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այն վարկանիշային է օլիմպիական խաղերի համար: Ի՞նչ խնդիրներ են դրվելու մեր մարզիկների առջև:

- Ինչպես հայտնի է, 2015-ին Ադրբեջանում կայանալիք Եվրոպայի մարզական խաղերի ծրագրում չէ ծանրամարտը: Փաստորեն, տարվա գլխավոր ստւգատեսն աշխարհի առաջնությունն է: Մրցահարթակ ենք դուրս բերելու ամբողջական կազմով թիմ:

Նախատեսված է, որ առնվազն 5 ծանրորդ ունենանք 2016-ի օլիմպիական խաղերում: Դա որոշվելու է 2014-ի և 2015-ի աշխարհի առաջնությունների ընդհանուր արդյունքով: Ղազախստանում կայացած աշխարհի առաջնությունից հետո Հայաստանի 5 մարզիկ կարող է հանդես գալ օլիմպիական խաղերում: Պետք է փորձենք այդ դիրքը պահպանել:

- Օգսեն Միրզոյանը կարծում է, որ իր որդուն մոռացության են մատնել: Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն էլ այն կարծիքին է, որ Միրզոյանը վերջին տարիներին 4 ներկայացուցչական ստուգատեսի է մասնակցել, որոնցից երկուսի ժամանակ չի բարձրացրել պատվիրած ծանրությունները, 0 է ստացել: Նա նաև բացասական է գնահատել, որ Առաքելը հավաքականի անդամների հետ երբեք չի պարապում, թիմի գլխավոր մարզչի տեսադաշտից հեռու է մնում: Դուք ի՞նչ կարծիքի եք 25-ամյա ծանրորդի կարողությունների մասին:

- Առաքելը երիտասարդ է, նրանից սպասելիքներ ունենք: Միրզոյանը պետք է փորձի վերագտնել իր լավ մարզավիճակը: Նա, ինչպես նաև հավաքականում ընդգրկվելու ձգտող բոլոր մարզիկները, պետք է բարձր կիլոգրամներ հաղթահարի: Առանց դրա հանարավոր չէ, որ նրանք հայտնվեն մեր երկրի հավաքականում: Առաքելը, եթե վստահություն չունենա, որ հաջող է հանդես գալու, չի ցանկանա մասնակցել որևէ ստուգատեսի: Ընդհանրապես ո՛չ նա, ո՛չ էլ մեկ այլ տիտղոսակիր ծանրորդ հավաքականում իր համար ապահովագրած տեղ չունի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: