Հայերեն   English   Русский  

​Հարգեք ձեր քունը


  
դիտումներ: 4895

Քնի համաշխարհային օրը նշվում է մարտ ամսվա երկրորդ շաբաթվա ուրբաթ օրը: Հաշվի առնելով, թե որքան մեծ նշանակություն ունի քունը յուրաքանչյուրիս կյանքում՝ զրուցել ենք «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, «Սոմնուս» քնի և շարժողական խանգարումների կլինիկայի ղեկավար, նյարդաբան, սոմնոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Սամսոն Խաչատրյանի հետ:

- Պարոն Խաչատրյան, ի՞նչ գործունեություն են ծավալում Ձեր ղեկավարած ասոցիացիան և կլինիկան:

- Ասոցիացիան ստեղծվել է 2011-ին, և այսօր արդեն ունենք քնի խնդիրներին տիրապետող տարբեր մասնագետներ, որոնք աշխատում են համատեղ կիրառել իրենց գիտելիքները: Քանի որ քնի բժշկությունը կամ սոմնոլոգիան բազմադիսցիպլինար է, գործ ունենք տարբեր մասնագիտությունների բժիշկների հետ՝ նյարդաբանների, հոգեբույժների, հոգեբանների, սրտաբանների, թոքաբանների, քիթ-կոկորդ-ականջաբանների, նույնիսկ դիմածնոտային վիրաբույժների, էնդոկրինոլոգների, ընդհանուր թերապևտների, ընտանեկան բժիշկների: Օրինակ՝ եթե կա անմիզապահություն քնած ժամանակ, բնական է՝ մեզ հետ դրանով պետք է զբաղվեն ուրոլոգները, եթե քնի շնչառական խնդիր է, ապա՝ քիթ-կոկորդ-ականջաբանները, թոքաբանները, սրտաբանները, թերապևտները: Այսինքն՝ մենք ուղիղ դուրս ենք գալիս տարբեր սրտանոթային ռիսկերի վրա: Ներկայումս Հայաստանի տարբեր վայրերում համապատասխան թրեյնինգ անցած խմբով քնի տարբեր խնդիրների տարածվածության համաճարակաբանական հետազոտություն ենք իրականացնում:

Կարելի է ասել՝ քնի խանգարումներով համապարփակ մասնագիտական առումով միայն մեր կենտրոնը՝ «Սոմնուսն» է զբաղվում (սոմնուս լատիներենից նշանակում է քուն, նաև հին հռոմեական քնի աստծո անունն է): Կան նաև քնի առանձին խնդիրներով զբաղվող մասնագետներ: Քունն առաջին հերթին նյարդային համակարգի գործառույթն է: Հաճախ են լինում դեպքեր, երբ մեզ դիմում են բազմաթիվ այլ ուղղություններով բուժում ստացած մարդիկ, որոնց վիճակը կարողանում ենք ճիշտ գնահատել և օգնել համապատասխան դեղորայքով: Այստեղ խոսքը ոչ թե հրաշագործության մասին է, այլ թիրախավորված բուժման: Ցավոք, քնի խանգարումները մինչ օրս համարվում են ոչ առաջնահերթ: Միայն տևական ծանր անքնության, ծանր շնչառական դադարների, հաճախակի կրկնվող լուսնոտության դեպքերն են, որ ստիպում են մարդկանց դիմել բժշկի: Բայց վերջին տարիներին իրավիճակը որոշ չափով փոխվել է. մեզ գտնում են համացանցով, այլ բժիշկներ են ուղղորդում:

- Ի՞նչ է քունը: Քնի ի՞նչ փուլեր գոյություն ունեն, և ի՞նչ ենք հասկանում քնի խանգարում ասելով:

- Քունը շատ կարևոր ֆիզիոլոգիական գործընթաց է, անհրաժեշտ հիշողության ձևավորման, մարմնի ֆիզիկական և հոգեբանական վերականգնման համար: Դրանք գործառույթներ են՝ կապված քնի տարբեր փուլերի հետ: Քնի ֆիզիոլոգիայի մասին խոսելիս առանձնացնում ենք երկու տարբեր փուլեր՝ դանդաղ քուն և արագ քուն: Արագ քունը աչքերի արագ շարժումներով ընթացող փուլն է (երազատեսության հիմնական փուլը): Մյուսն առանց արագ շարժումների քնի փուլն է՝ դանդաղը: Այն շատ կայուն փուլ է: Խորը քնի փուլ կոչվածը դրա մի մասն է: Բայց մինչ խորը քնին հասնելը, դանդաղ փուլի մեջ կան նաև մակերեսային փուլեր: Դանդաղ քունն ավելի գերակշռում է գիշերվա առաջին կեսում, իսկ արագ քունը՝ երկրորդում։ Հետևաբար, այն մարդիկ, որոնք ուշ քնում, բայց շուտ են արթնանում, կարող են կորցնել արագ քնի այդ կարևոր հատվածները: Եթե խորը քունը կարևոր է մեր ֆիզիկական ուժերի վերականգնման համար, ապա արագ քնի փուլը կարևոր է հոգեհուզական դաշտի և հիշողության մեխանիզմների ամրապնդման համար: Մարդիկ կան, որ տարբեր պատճառներով չեն հասնում խորը քնի փուլերին, կամ դա տոկոսային առումով բավականին նվազած է: Հենց այդ պատճառով նրանք առավոտյան կարող են անբավարար քնի զգացողություն ունենալ: Կա նաև մի ուրիշ իրավիճակ, երբ արթնանում ես շատ քնկոտ, էլի քնելու ցանկությամբ: Դա էլ պայմանավորված է նրանով, թե որ փուլից արթնացար: Եթե արթնանում ես խորը քնի փուլից, հենց այդ քնկոտ վիճակն է առաջանում, որովհետև այդ փուլից շատ դժվար է արթնանալը, բայց եթե մարդն արթնանա արագ քնի փուլից կամ ավելի մակերեսային փուլերից, շատ ավելի առույգ կլինի:

Քնին մասնակցում է ողջ օրգանիզմը: Այնպես չէ, որ միայն հանգստանում ենք քնի ընթացքում. քունը պարզապես այլ ֆիզիոլոգիական վիճակ է, որը տարբերվում է արթունից: Քունն ակտիվ գործընթաց է: Զգայական առումով որոշ չափով մարդն անջատված է միջավայրից, բայց ոչ լիովին, ուստի սպառնացող ազդակներ ստանալով՝ կարող է արթնանալ: Քնի ընթացքում կարող են առաջանալ տարբեր խնդիրներ: Շատերը, քնի խանգարում ասելով, միանգամից հասկանում են անքնություն: Սակայն, բացի այդ ամենատարածված խնդրից, կան նաև քնի հետ կապված այլ խանգարումներ: Օրինակ՝ քնի շնչառական խանգարում համարվող խռմփոցը դեռևս մեր հասարակության մեջ դիտվում է որպես սովորական երևույթ: Բայց դա ճիշտ չէ և կարող է հուշել շատ ուրիշ լուրջ խնդրի մասին՝ քնի ժամանակ տեղի ունեցող շնչադադարների (ապնոէ): Այդ դադարները հաշվի են առնվում, երբ տևում են առնվազն 10 վայրկյան չափահասի մոտ, բայց կարող են լինել շատ երկար՝ մինչև 1-2 րոպե: Մարդիկ կարող են ունենալ նաև քնի շարժողական խնդիր՝ այսպես կոչված՝ անհանգիստ ոտքերի համախտանիշ: Ժամանակին Երևանում անցկացրած հեռախոսային հարցման արդյունքում պարզել ենք, որ դա 18-ից բարձր տարիքի երևանցիների շրջանում կազմում է մոտ 8 տոկոս: Երբ մարդը պառկում է քնելու (կամ արդեն նախորդող ժամերին) ոտքերում անհանգստություն է առաջանում ծակծկոցի կամ այլ զգացողական երևույթներով, ինչը ստիպում է շարժել ոտքերը, և նա չի կարողանում հանգիստ պառկել՝ չկարողանալով քնել: Ստացվում է, որ երկրորդային անքնություն է առաջանում ինչ-որ խանգարող երևույթի հետևանքով: Չմոռանանք նաև քնի վարքային խանգարումների մասին. լուսնոտություն, քնի վախեր, մղձավանջային խանգարում, քնի պարալիզ, քնի մեջ անմիզապահություն և այլն:

- Որքան էլ մարդիկ գիտակցեն, որ քունը կարևոր կենսաբանական անհրաժեշտություն է, այնուամենայնիվ ինչ-որ բաներ հասցնելու համար զոհում են հենց քնի ժամերը: Ինչպե՞ս պետք է հասկացնել, որ չպետք է այդպես անխնա վատնել սեփական ուժերը:

- Քնի կրճատումը ժամանակակից հասարակության հիմնական խնդիրներից է: Ես փորձում եմ ավելի շատ ներկայացնել՝ ինչն ինչին կարող է հանգեցնել: Մնացածն արդեն տվյալ անձի ինքնագիտակցության, իր առողջության նկատմամբ ունեցած ուշադրության հարց է: Նախ ասենք, որ քնի նվազագույն նորմը չափահասի համար 7 ժամն է, երեխաների համար, բնականաբար, ավելի շատ: Այն անձը, որ հաճախակի է արհեստականորեն կրճատում իր քունը ընդունված նորմից, հայտնվում է ռիսկի խմբում: Մեծանում է տարաբնույթ հիվանդություններով հիվանդանալու վտանգը. զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, նյութափոխանակության խանգարումներ, ճարպակալում, սեռական խնդիրներ և այլն:

- Պարոն Խաչատրյան, շատ քնելն էլ չունի՞ բացասական հետևանքներ:

- Ոչ թե շատ քնելն ունի բացասական հետևանքներ, այլ պետք է դիտարկել, որ կա ցերեկային ավելցուկային քնկոտություն հասկացություն՝ հիպերսոմնիա, երբ մարդը գիշերը քնում է, բայց ցերեկն էլի շարունակում է քնկոտ մնալ: Սա լուրջ խնդիր է, բայց՝ անտեսված: Հիպերսոմնիաների ամենավառ տեսակը նարկոլեպսիա հիվանդությունն է (հակվածություն քնին): Այս պահին «Սոմնուս» կենտրոնում ունենք այդ հիվանդության սարքավորումով հաստատված 15-20 դեպք: Այս մարդիկ այնպես չէ, որ ամեն գիշեր քիչ են քնում, բայց ողջ օրն անցկացնում են քնկոտ, անարդյունավետ, տրամադրությունն ընկած և չեն կարողանում ապրել նորմալ կյանքով՝ ամենուր բախվելով խնդիրների: Հիվանդությունն ունի դեղորայքային բուժում:

- Ինչպե՞ս կբացատրեք մեծահասակների մոտ ավելի հաճախ հանդիպող անքնություն երևույթը:

- Հասարակության մեջ կան ուշ քնող և ուշ արթնացող մարդիկ, որոնց խնդիրը բժշկության մեջ կոչվում է հետաձգված քնի ֆազայի համախտանիշ կամ կարելի է ասել՝ «բու» տեսակն են: Նրանց հակառակ կան «արտույտներ»: Սրանք շուտ քնում, շուտ արթնանում են, ինչը հաճախ հենց տարեցների մոտ է հանդիպում: Պարզ է՝ եթե տարեցը քնեց 8-ին և արթնացավ գիշերվա 3-ին, պետք է բողոքի անքնությունից: Բայց եթե մոտենում ենք մաթեմատիկորեն, ստացվում է՝ նա իր 6-7 ժամը քնում է: Իհարկե, կան դեպքեր, երբ, իրոք, քչանում է քունը, բայց հաճախ հենց իմ ասածն է՝ «արտույտ» են դառնում: Սակայն այս իրավիճակն էլ է հնարավոր ինչ-որ կերպ շտկել, ուստի խորհուրդ չեմ տալիս անտեսել կամ վերագրել տարիքին, ինչպես ընդունված է Հայաստանում:

- Քունը խանգարող ի՞նչ հանգամանքներ կնշեք:

- Ընդհանրապես սոմնոլոգիայի մեջ կարևոր դեր է խաղում քնի հիգիենան, ինչին հետևելու դեպքում հնարավորինս քչանում է անքնության ռիսկը: Դա կոֆեինի սահմանափակումն է երեկոյան ժամերին: Այն առկա է ոչ միայն սուրճի, այլև թեյի մեջ, կոլաների, էներգետիկ ըմպելիքների, մուգ շոկոլադի, անգամ շոկոլադե տորթի: Մարդիկ կան, որ ասում են՝ սուրճը խմում եմ քնից առաջ ու լավ էլ քնում եմ: Նրանք քնով անցնում են, բայց քնի ընթացքը մակերեսային է, այսինքն՝ քնի որակ չկա: Մյուս կարևոր խնդիրը քնից երկու-երեք ժամ առաջ մեծ քանակի սնունդ չընդունելն է: Իսկ մեզ մոտ հաճախ է ճաշն ու ընթրիքը միավորվում: Ցանկալի չէ նաև քնից առաջ մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Շատ կարևոր է, որ անկողինը լինի միայն քնելու և սեռական հարաբերությունների վայր: Նաև քնի ռեժիմը պիտի լինի կանոնավոր: Անգամ հանգստյան օրերին չպետք է հավելյալ քնել. ապացուցված է՝ դա մեծ դեր չի խաղում: Ավելի ճիշտ է այնպես կազմակերպել աշխատանքային օրերի առօրյան, որ քնի ժամերը շատ չկրճատվեն: Ննջասենյակում պետք է լինի նորմալ ջերմաստիճան՝ ոչ շատ տոթ, ոչ շատ ցուրտ, ինչը ևս նպաստում է լավ քնելուն: Նաև միշտ չէ, որ մարդիկ լիարժեք մթություն են ապահովում սենյակում, իսկ քնի գլխավոր դրդող ուժը մթությունն է: Նույնիսկ ամենաչնչին լուսավորությունն ազդում է քնի որակի վրա:

- Ի՞նչ նշանակություն եք տալիս Քնի համաշխարհային օրվան որպես մասնագետ:

- Նմանատիպ օրերը մեզ համար, որպես հետխորհրդային հասարակության, դեռ խորթ են, իսկ արտասահմանում վաղուց արդեն ընդունված է, որ եթե օրը կա, ուրեմն պետք է առավելագույնս բարձրաձայնվի, ինչն իրոք արդարացնում է իրեն: Այս տարի Քնի համաշխարհային օրը կնշենք մարտի 16-ին: Սա Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությունն է, որը պատվիրակներ ունի տարբեր երկրներում: Ես Հայաստանի պատվիրակն եմ: Ամեն տարի որևէ ծրագիր ենք անում: Լինի դա սեմինար բժիշկների համար, հիվանդների թե նրանց հարազատների: Հեռուստատեսությամբ ենք փորձում ակտիվ լինել, քանի որ իրազեկման լուրջ խնդիր ունենք: Եթե մարդիկ չկարևորեն խնդիրը, հաջողության չենք հասնի:

- Պարոն Խաչատրյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողին:

- Այսպիսի արտահայտություն եմ հաճախ օգտագործում՝ հարգեք ձեր քունը, այսինքն՝ լուրջ վերաբերվեք, և քունն էլ պատասխան հարգանքով ձեզ կօգնի: Եթե քունն ամեն անպատեհ առիթով զոհաբերվում է հանուն այլ առիթների, վաղ թե ուշ որևէ խնդիր ծագելու է: Հետևաբար մարդիկ պետք է գիտակցված գործեն: Եթե օրինակ՝ շաբաթը մեկ օր է քնի կրճատումը՝ կարելի է հասկանալ: Բայց երբ շաբաթվա հինգ օրը քնում են երեքից չորս ժամ՝ արդեն անլուրջ վերաբերմունք է սեփական առողջության նկատմամբ, որի հետևանքները կերևան, ասենք, 20 տարի հետո: Չպետք է ապրել միայն այս օրով, պետք է մտածել ապագայի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: