Հայերեն   English   Русский  

​Քաղաքացիական գործին մասնակցող անձինք և նրանց իրավունքները


  
դիտումներ: 4310

Շարունակելով քաղաքացիական դատավարությանն առնչվող հիմնական հարցերի վերաբերյալ մեր հոդվածաշարը` այժմ կանդրադառնանք քաղաքացիական գործին մասնակցող անձանց և նրանց իրավունքներին։

Այսպես, քաղաքացիական գործին մասնակցող անձինք են կողմերը՝ հայցվորը և պատասխանողը, երրորդ անձինք՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող և այդպիսի պահանջներ չներկայացնող անձինք, ինչպես նաև դիմողները՝ հատուկ հայցային և հատուկ վարույթներով։

Հայցվորներ են այն քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք հայց են հարուցել: Պատասխանողներ են այն քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել: Կողմերն ունեն հավասար դատավարական իրավունքներ և կրում են հավասար դատավարական պարտականություններ: Ընդ որում, հայցը կարող է հարուցվել մի քանի հայցվորների (համահայցվորներ) կողմից համատեղ կամ ընդդեմ մի քանի պատասխանողների (համապատասխանողներ): Հայցվորներից և պատասխանողներից յուրաքանչյուրը դատավարությունում հանդես է գալիս ինքնուրույն:

Համահայցվորները կամ համապատասխանողները կարող են գործը վարելը հանձնարարել իրենցից մեկին:

Դատարանը պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի կողմից, որին պատկանում է պահանջի իրավունքը կամ ոչ այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ նա կամ պատասխանողը փոխարինվեն պատշաճ հայցվորով կամ պատասխանողով:

Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն՝

- ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.

- հայտնել բացարկներ.

- ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.

- հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.

- գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.

- առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.

- բողոքարկել դատական ակտերը.

- օգտվել օրենքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:

Գործին մասնակցող անձինք կրում են նաև օրենքով սահմանված դատավարական պարտականություններ: Գործին մասնակցող անձինք պետք է իրենց վերոնշյալ դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությոՍւնները կատարեն բարեխղճորեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: