Հայերեն   English   Русский  

Սարգիս Մարտիրոսյան. «Հպարտ եմ, որ իմ մասին ֆիլմ են նկարահանել Ավստրիայում»


  
դիտումներ: 2528

Միջազգային ասպարեզում Ավստրիայի պատիվը բարձր պահող հայազգի ծանրամարտիկ Սարգիս Մարտիրոսյանը ոչ միայն Ավստրիայի եռակի չեմպիոն է, այլև երրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Ավստրիայի լավագույն ծանրորդ:

Ավստրիայի ծանրամարտի հեղինակությունը բարձրացնելու գործում մեծ ավանդ ունեցող շնորհալի ծանրորդի մասին վերջերս ֆիլմ է նկարահանվել, որը մեծ արձագանք է ստացել:

«Անկախի» հետ զրույցում Սարգիս Մարտիրոսյանը պատմում է մարզաձևի ընտրության, Ավստրիա տեղափոխվելու, սպորտում դժվարությունները հաղթահարելու և հաջողության հասնելու մասին:

- Ծանրամարտով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից: Այդ տարիքում գրեթե բոլոր երեխաները հրապուրվում են որևէ մարզաձևով: Ընտրեցի ծանրամարտը, քանի որ այլ մարզաձևի խմբակ մոտակայքում չէր գործում: Սկսեցի հաճախել Սամաղարի (Գեղակերտ) Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոց: Ասեմ նաև, որ ընտրությանս հարցում մեծ դեր խաղացին մեր մարզադպրոցի անվանի մարզիկները, որոնց անունները` Յուրի Սարգսյան, Արկադի Բարսեղյան, Արտյոմ Մկրտչյան, Արթուր Ֆահլաբաշյան, ներկայիս Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյան, ամեն օր լսում էի: Նրանք մեծ հարգանք և հեղինակություն էին վայելում: Ավելի ուշ սկսեցի հիանալ աշխարհի ռեկորդակիր Խաչատուր Քյափանկցյանի ելույթներով և պոկում վարժությունս փորձեցի նմանեցնել նրան՝ բռնելով բավական լայն, որը մինչև հիմա բնորոշ է ինձ:

Առաջին մարզիչս է եղել հայկական ծանրամարտում մեծ ավանդ ունեցող, մարզադպրոցի վաստակաշատ ու նշանավոր մարզիչ Ֆելիքս Ալիևը, որի գլխավորությամբ մարզվում եմ մինչ այսօր:

- 2006 թվականից հանդես եք գալիս Ավստրիայում: Կարիերան այնտեղ շարունակելու որոշումն ինչո՞վ էր պայմանավորված:

- 2005 թվականին, դառնալով Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն և չընդգրկվելով Հայաստանի հավաքականի կազմում, որոշեցի ուժերս փորձել Եվրոպայում: Կոնկրետ առաջարկ չեմ ստացել, ինքս եմ փորձել ուղիներ փնտրել և ճանապարհներ հարթել: Եվ ինձ հաջողվեց: Որոշեցի ուժերս փորձել Ավստրիայում, կարիերաս շարունակել այնտեղ: 2014 թվականին վերադարձա Հայաստան, փորձեցի հանդես գալ հավաքականի կազմում, մասնակցեցի 3 ուսումնամարզական հավաքի, բայց քանի որ ընդգրկված էի Ավստրիայի հայտացուցակներում, ինձ թույլ չտվեցին հանդես գալ Հայաստանի հավաքականում: Ժամանակ էր պետք այդ խնդրի լուծման համար, ես չէի կարող մասնակցել գալիք մրցաշարերին, այդ պատճառով էլ վերադարձա Ավստրիա:

Սկզբնական շրջանում Ավստրիայում հաստատվելը շատ դժվար էր: Հետագայում իմ ելույթներն ու բարձրացրած կիլոգրամներն ինձ ճանաչված դարձրին՝ ճանապարհ հարթելով ինձ համար:

2006 թվականից սկսած` բարձրացրած կիլոգրամներով լավագույնն եմ Ավստրիայում, բայց միջազգային մրցաշարերում հանդես գալու իրավունք ստացել եմ միայն 2014 թվականին՝ դառնալով միաժամանակ Ավստրիայի լավագույն մարզիկ:

33 տարվա ընդմիջումից հետո՝ 2016 թվականին, Ավստրիայի համար նվաճեցի բրոնզե, իսկ 2017-ին` արծաթե մեդալ պոկում վարժությունում: Ես կարողացա բավական արագ հարմարվել միջավայրին, իսկ որոշ դեպքերում՝ միջավայրը հարմարեցնել ինձ: Լավ հարաբերությունների մեջ եմ հավաքականի մարզիկների և մարզիչների հետ: Որպես մարզիկ անտարբեր չեմ թողնում ոչ ոքի: Ես պատմություն եմ կերտել ու շարունակում եմ ճանապարհս՝ վայելելով սպորտի տված հարգանքն ու պատիվը:

- Ձեր հաջողություններով մեծապես նպաստեցիք Ավստրիայում ծանրամարտի հեղինակության բարձրացմանը: Գիտենք, որ բարձր գնահատելով Ձեր ունեցած ներդրումը` վերջերս ավստրիացիները ֆիլմ են նկարահանել «Սարգիս. այսպիսին է կյանքը» վերնագրով:

- Ինձ համար դա մեծ պատիվ է: Ֆիլմը նկարահանել է ավստրիացի երիտասարդ կինոռեժիսոր Ստեֆան Լանգթհալերը: Նա ժամանակին զբաղվել է ծանրամարտով և ծանոթ է մարզաձևի գաղտնիքներին ու նրբություններին: Ֆիլմը բավական լավ է ստացվել. իմ կենսագրությունն է ներկայացվում և մեդալի նվաճման պատմությունը: Նրանք վստահեցին ինձ` հավատալով իմ ուժերին, որ անպայման մեդալ կնվաճեմ, ինչը և տեղի ունեցավ: Նկարահանումներն ընթացել են Ավստրիայում, Հայաստանում, Նորվեգիայի Ֆորդե քաղաքում տեղի ունեցած 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում: Լինելով հայ` հպարտ եմ, որ իմ մասին ֆիլմ են նկարահանել Ավստրիայում:

Ֆիլմն ընդգրկվել է Գրացի և Զալցբուրգի կինոփառատոներում, մեծ իրարանցում է առաջացրել և լավ արձագանքների արժանացել: Հպարտ եմ այդ ֆիլմով: Բայց այն ինձ ավելի է պարտավորեցնում:

- Սպորտը մեծ նվիրում է պահանջում. ամենօրյա մարզումներ. ծանրաբեռնված գրաֆիկ: Եղե՞լ են պահեր, երբ մտածել եք այլ ճանապարհ ընտրելու մասին:

- Երբեք չեմ մտածել այլ բնագավառում հանդես գալու կամ այլ մարզաձևով զբաղվելու մասին: Չնայած շատ վնասվածքներ եմ ստացել, դժվարություններ եմ հաղթահարել, բայց ամեն անգամ քայլերս ինձ տարել են դեպի մարզադպրոց, դեպի իմ երկրորդ տուն: Հետագայում էլ կգնամ, արդեն որպես մարզիչ:

- Ի՞նչ է պետք սպորտում հաջողության հասնելու համար: Ի՞նչ է տվել Ձեզ սպորտը:

- Պետք է սիրել այն գործը, որով զբաղվում ես, լրիվ նվիրվել և մեծ պատասխանատվությամբ մոտենալ, ներդնել ամեն ինչ, երբեմն էլ անել անհնարինը: Մարզիկը պետք է պարտաճանաչ և ժամանակին կատարի մարզչի հրահանգները, դահլիճից դուրս մարզիչը կարող է լինել ավագ ընկեր` խորհուրդներով օգնելով ու աջակցելով մարզիկին: Սպորտն օգնել է ինձ կայանալ, ձեռք բերել ընկերներ, հարգանք և պատիվ:

Ամեն մարզիկ ունի իր նպատակներն ու դրանց հասնելու իր մոտեցումները: Ճանապարհը շատ երկար է ու դժվար: Հաջողությունը միանագամից չի այցելում: Հարկավոր է անձնվիրաբար և քրտնաջան աշխատել. օրը 24 ժամ` թե՛ ամռանը, թե՛ ձմռանը, թե՛ շոգին, թե՛ ցրտին: Հաճախ են լինում վնասվածքներ, տարբեր հետաքրքրություններից ես ստիպված լինում հրաժարվել նպատակին հասնելու համար:

Հաղթանակներից ու ձեռքբերումներից հետո պատասխանատվությունն ավելի է մեծանում, քանի որ փորձում ես կրկնել և գերազանցել գրանցած արդյունքը:

Սարգիս Մարտիրոսյան

- Պարապմունքներն ու մարզումները Ձեր առօրյայի հիմնական մասն են կազմում. ինչպե՞ս եք լիցքաթափվում:

- Մրցումներից առաջ նախընտրում եմ պասիվ հանգիստը. ընթերցանությամբ եմ զբաղվում, ֆիլմեր եմ դիտում, ընկերներիս հետ եմ ժամանակ անցկացնում: Իսկ մրցումներից հետո հակառակն է. նախընտրում եմ ակտիվ հանգիստ՝ ճամփորդություն, վոլեյբոլ և այլ հետաքրքրություններ:

- Դուք հաճախ ուսումնամարզական հավաքների եք մասնակցում Հայաստանի հավաքականի կազմում, Սիմոն Մարտիրոսյանի հետ հանդես եք գալիս միևնույն քաշային կարգում: Ի՞նչ հարաբերություններ ունեք տղաների հետ:

- Հավաքականի թե՛ մարզիկների, թե՛ մարզիչների հետ շատ լավ և մտերիմ հարաբերությունների մեջ եմ: Հաճախ եմ լինում հավաքների նրանց հետ: Սիմոն Մարտիրոսյանի հետ մրցակցության առիթ չի լինում. ես ավարտում եմ ելույթս, նա հետո է մոտենում ծանրաձողին: Մենք տարբեր նպատակներ ենք հետապնդում, ես էլ իմ հերթին աշխատում եմ ավելի մոտենալ մրցանակային տեղերի համար մղվող պայքարին: Նշեմ, որ մրցաշարերի ժամանակ միմյանց շատ ենք օգնում` մեկս մյուսին ոգևորելով, հումորի միջոցով փորձելով հաղթահարել հուզմունքը:

- Առաջիկայում Բուխարեստում կայանալու է Եվրոպայի առաջնությունը: Ինչպե՞ս եք նախապատրաստվել:

- Հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի հավաքականի հետ մասնակցել եմ երկու ուսումնամարզական հավաքի, ձեռք եմ բերել լավ մարզավիճակ և վերադարձել եմ Ավստրիա: Այժմ հավաքների մասնակցում եմ Ավստրիայի հավաքականի հետ: Իմ առջև բավական լուրջ նպատակներ եմ դրել: Կփորձեմ անձնական արդյունքներս բարելավել, Ավստրիայի ռեկորդ սահմանել պոկում վարժությունում և մրցանակային տեղ զբաղեցնել, պատվով քննություն հանձնել մարտի 26-ից ապրիլի 1-ը Ռումինիայում կայանալիք մեծահասակների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: