Հայերեն   English   Русский  

Մենք միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի. Շավարշ Քոչարյան


  
դիտումներ: 743

Կառավարության նիստից հետո այսօր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մի շարք հարցերի:

Հարցերից մեկը վերաբերում էր Արցախի նախագահի այցին ԱՄՆ, որից հետո Ադրբեջանը բողոքի նոտա ուղարկեց Վաշինգթոն:

«Արցախը անկախ պետություն է, վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը, բնական է, սահմանափակ է, քանի դեռ չկա միջազգային ճանաչում, բայց, ամեն դեպքում, այցը չափազանց կարևոր էր: Բնական է, որ Ադրբեջանը պետք է բողոքեր, բա ինչ պետք է աներ»,-ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի զորավարժություններին և այն մեկնաբանություններին, որ պատերազմի է պատրաստվում՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ այդ ամենին հետևում են և միշտ պետք է պատրաստ լինեն ցանկացած քայլի: «Տվյալ պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, նաև նախընտրական շրջան է, բայց պետք չէ միայն դրանով բացատրել, պետք է միշտ ուշադիր լինել Ադրբեջանի գործողություններին»:

Փոխարտգործնախարարը ընդգծեց՝ մենք միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի:

Այն դիտարկմանը, թե ՀԱՊԿ անդամ երկրները չեն ընդունում Արցախի ինքնորոշումը, բայց Արևմտյան երկրներում ընդունում են, պարոն Քոչարյանը պատասխանեց, որ ԱՄՆ-ն այդ տեսակետից իր ուրույն մոտեցումն ունի, դա արտահայտվում է նաև այն հանգամանքով, որ Արցախին հատկացվում է իրենց կողմից համապատասխան օգնություն, որը հաստատվումէ բյուջեով

«Դա նշանակում է, որ Ամերիկան, ընդհանուր առմամբ, շատ ավելի բազմաշերտ, բազմազան մոտեցում ունի արտաքին հարաբերությունների, ինչը պայմանավորված է կոնգրեսի ինքնուրույնությամբ: Շատ այլ երկրներում չենք տեսնի, որ կոնգրեսականներն այնպիսի մտքեր արտահայտեն, որ շատ անգամ չեն համընկնում Սպիտակ տան հետ, այսինքն՝ այդ տեսակետից ԱՄՆ-ն ավելի ճկուն է, սակայն կարևորը դառնում է Սպիտակ տան դիրքորոշումը»,-նկատեց Շավարշ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարությանը, Շավարշ Քոչարյանն ասաց, որ ողջունելի է այդ հանգամանքը, որ ապրիլյան պատերազմից փորձում են հետևություններ անել: «Տպավորություն այն է, որ ինչ-որ հետևություններ արվում են Ռուսաստանի կողմից»,-ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: