Հայերեն   English   Русский  

ՎԻՐԱՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ


  
դիտումներ: 1444

Դեռ պատանի էի, երբ առաջին անգամ ոտք դրեցի իմ ծննդավայր Ախթալան շրջապատող Վիրահայոց լեռների խորքերում թաքնված միջնադարյան լքված բնակավայրերն ու թավ անտառները:

Դպրոցը դեռ չէի ավարտել: Ավագ ընկերներիցս մեկը՝ Հրայրը, ինձ ու դասընկերոջս՝ Արծրունին, առաջնորդեց դեպի լեռներ:

- Լա՛վ եք սովորում. եկե՛ք, ահագին հետաքրքիր բաներ կան, կտեսնեք: Դու ոնց որ պատմաբա՞ն ես ուզում դառնալ,- դիմեց ինձ:

Հրայրի ցուցումով վաղ առավոտյան, զինված թուղթ-մատիտով, ջրով, թեթև սննդով՝ ճամփա ընկանք դեպի Բենդիկ: Մայիսյան թարմ օդը տրամադրող էր: Դեմ դիմաց՝ բարձրում, երևում էին Վերին Ախթալայի տներն ու այգիները:

Նախկինում ադրբեջանաբնակ գյուղ էր, որ լքվելուց հետո որպես ամառանոց էր ծառայում ախթալացիների ու շամլուղցիների համար: Վերին Ախթալան շատ բարձր էր թվում: Չգիտեի, որ ավելի հեռու ենք գնալու:

Վերելքն ուղղաձիգ էր: Այն անցնում էր մերթ քարքարուտներով, որոնց ծերպերից երբեմն օձեր ու այլ զեռուններ էին դուրս գալիս, մերթ՝ սարալանջերով, թավ ու անանցանելի թվացող անտառներով, ուր թվում էր՝ երբեք մարդու ոտք չի դիպել: Մեր անհամարձակ բողոքներին Հրայրն անվրդով, համբերատար նետում էր՝ քիչ մնաց, եկե՛ք…

Ի վերջո, հասանք մի ընդարձակ սարալանջի, ու մեր առաջ մի ուրիշ աշխարհ բացվեց: Հորիզոնական սփռված կանաչ թավիշի մեջ ստեպ-ստեպ ծառեր էին երևում, ծաղկած ուրցի արբեցնող բույրն ուղղակի խենթացնում էր, ու զմայլված բնության այդ միագույն, բայց չքնաղ ներդաշնակությամբ՝ ուղղակի վազում էինք, երբեմն ուղղակի ճչում անտեղի…

Հրայրը մոտ կանչեց. մեր աջ կողմում փոքրիկ սելավատար էր բացվել: Հեղեղն օրեր առաջ սրբել-տարել էր իր ճանապարհից ամեն բան ու հենց ճամփի եզրին փոս բացել:

Փոքրիկ սենյակ լիներ կարծես բացվածքը, պատերը՝ սպիտակ, կավե փոքրիկ աղյուսներով պատված: Կավե այդ աղյուսներից էլի կային շուրջը սփռված՝ կիսված կամ ամբողջական: Հրայրն ասաց, որ անձրևն այս սենյակի հետ նաև մարդկային կմախքի մասեր է բացել: Գյուղացիք հավաքել են, թաղել: Իսկ այս սենյակը մնացել է այսպես անտեր…

2018 թվական, փետրվար

Վիրահայոց լեռների թավուտներում շատ գաղտնիքներ կան թաքնված: Քանի դեռ կանաչը դուրս չէր եկել, Հայկական հուշարձանների ուսումնասիրման հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի հետ որոշեցինք ձեռնարկել հերթական արշավը դեպի Ախթալայի մատույցներում գտնվող Կկվի բույն միջնադարյան ամրոց:

Մեր արշավախումբը բաղկացած էր 25 անձից, որոնք մասնագետներ և ուսանողներ էին: Վաղ առավոտյան շարժվելով Երևանից՝ արդեն կեսօրին Ախթալայում էինք: Կարճատև դադար առանք եկեղեցում, ուր մեզ միացավ նաև Հրայրը, ապա ավտոբուսով շարժվեցինք դեպի Շամլուղ:

Այս անգամ այլ երթուղի էինք ընտրել: Մեր նպատակը նաև Բենդիկի եկեղեցին էր, որ տեսել էի 10 տարի առաջ, և Կկվի բույնը, ուր վերջին անգամ այցելել էի Հրայրի ուղեկցությամբ ավելի քան 25 տարի առաջ:

Հասանք Շամլուղ: Հայաստանի հյուսիսում գտնվող փոքրիկ քաղաք է՝ մի քանի հարյուր բնակիչներով: Շամլուղ անունը թուրքերեն է: ժամանակին այստեղ շամլու թուրքական ցեղախումբն է ամառանոց հիմնել, որից էլ այս տհաճ անունը: Բայց շատ ավելի տհաճ է քաղաքի այսօրվա վիճակը:

Շամլուղի ընդերքը հարուստ է. բազմամետաղային հանքավայրեր են: Հայաստանի ամենահարուստ հանքերից մեկը հենց այստեղ է , բայց քաղաքը թշվառության մեջ է, կարծես XVIII դարի մի անշուք գյուղ լինի: Մի տարբերությամբ սակայն. այստեղ խորհրդային տարիներին կառուցված բազմահարկ շենքեր կան:

Թշվառ է Շամլուղը, մինչդեռ նրա ընդերքում ամբարված հարստությունը ողջ Հայաստանը կարող է կերակրել:

Շամլուղից շարժվեցինք դեպի Բենդիկ, որ հայ-վրացական սահմանագլխին գտնվող փոքրիկ գյուղ է, հիմնականում՝ հույն բնակչությամբ:

Ճանապարհն անցնում էր թավ անտառի միջով: Ցեխ էր, ձնհալից առաջացած ցեխ: Տեղ-տեղ ձյան ճերմակ շերտ էլ կար: Մեքենան անկարող էր մինչև վերջ գնալ: Ստիպված էինք վերջին կիլոմետրերը քայլել:

Երբեմն անձրև էր մաղում, բայց արշավականների համար վատ եղանակ չկա: Մանավանդ, երբ Լոռվա անտառներում ես, Վիրահայոց լեռներում:

Ի դեպ, Լոռու (այդ թվում՝ Հյուսիսային Լոռու՝ Վրաստանի տարածքի) հույն բնակչության զգալի մասը հայկական արմատներ ունի: Նրանք քաղկեդոնականություն ընդունած հայերն են, որոնց հայությունից օտարեց հայ առաքելական եկեղեցին: Այսօր էլ կողք-կողքի ապրում են հայ Շարմազանյաններն ու «հույն», Շարմազանովները, հայ Մխիթարյաններն ու «հույն» Խիտարովները:

Հույներ էլ կան իհարկե, որոնք Ախթալայում հաստատվեցին հեռավոր 1763 թ., երբ շահագործվեցին Ախթալայի պղնձի հանքերը և Կովկասի հնագույն գործարանը:

Բենդիկ գյուղի անունն էլ հայտնի չէ, թե որտեղից է ծագում: Շրջանառու տարբերակ է Բերդիկը, քանզի մոտակայքում է գտնվում մեր արշավի գլխավոր թիրախը՝ Կկվի բույն բերդը:

Բենդիկի կենտրոնում բազիլիկ եկեղեցի կա: Մինչ մասնագետները չափագրում էին, արշավախմբի մյուս անդամները հենց գյուղամիջում՝ եկեղեցու բակում, ուսապարկում եղած մեր պաշարներով լայն սեղան բացեցին: Բրդուճներ, գինի, կոնյակ, և Լոռու հոնի օղի: Անհամատեղելի՞ են, ամենևին, ամեն ինչ միաձուլված էր մեր բարձր տրամադրության մեջ:

Եկեղեցին բազիլիկ կառույց է: Թե երբ է այն հիմնադրվել՝ անհայտ է: Համենայն դեպս, տարածքում սփռված միջնադարյան խաչքարեր կան: Սամվել Կարապետյանի գնահատմամբ՝ եկեղեցին նախ առաքելադավան է եղել, հիմնավերանորոգվել է մոտավորապես XVII դարում, ավելի ուշ վերափոխվել, դարձել է քաղկեդոնական:

Ի դեպ, եռանավ բազիլիկ էր, սակայն մի հետաքրքիր առանձնահատկություն ուներ. նավերը բաժանված էին ոչ թե սյուներով, այլ պատերով: Եվ հյուսիսային նավ կարելի էր մտնել միայն խորանից: Այսինքն՝ հյուսիսային կողմի նավն ընդարձակ ավանդատուն էր:

Փորձեցինք մի քանի խաչքարերի արձանագրություններ վերծանել: Եղանակը, արևի բացակայությունը, ժամանակը թույլ չտվեցին: Լուսանկարեցինք՝ այդ կարևոր գործը հետաձգելով ավելի նպաստավոր ժամանակ:

Լոռու թավ անտառների, բացատների միջով իջնում ենք ցած՝ դեպի Դեբեդի հովիտը: Առջևում մոտ 10 կմ ճանապարհ էր: Մառախուղը խանգարում էր զմայլվել բնության տեսարաններով: Բայց, միևնույն է, գարունն արդեն նոր շունչ էր հաղորդել անտառին, ու հազարամյա կաղնուտն իր խորհրդավոր հմայքն էր բացել մեր առաջ:

1990 թվական, մայիս

Գնում ենք, քայլում անվերջանալի թվացող կանաչ դաշտերով: Տեղ-տեղ քարեր են կուտակված, ասես բնությունն էր նրանց հավաքել մի վայրում, կլոր տեսք տվել, շարել, կամ երեխաներն են շարել. կլոր, փոքրիկ տներ կառուցել, տուն-տունիկ խաղացել: Հիշեցի բարեկամիս՝ հնագետ Վարշամ Ավետյանի տված բաց դասը Գուգարաց լեռների Ղրաքոթուկ սարում. կռոմլեխ է՝ հին գերեզման: Հետաքրքրությամբ զննեցի ու առաջ անցանք:

Քալեցինք. մեր դիմաց, կանաչը հատող մի սև ստվեր երևաց, քայլում էինք դեպի այդ սև ստվերը: Անտառն էր…

- Ա՜յ էն ծմակն ենք գնում, բերդն ընդի ա,- ասաց Հրայրը,- էնտեղով պիտի իջնենք:

Մայիսյան անտառի բույրն ախորժելի էր: Սխորիկը՝ վայրի սոխը, հասել էր: Աղով շաղախեցինք, կերանք: Փոքր ինչ շունչ առանք ու Հրայրի հրամանով՝ առաջ… Լավ է, որ գոնե վայրէջք էր ճանապարհը: Մեր գյուղացիք այստեղ անցած տարի սինդրիկ հավաքելիս արջի են հանդիպել: Մի պահ վախեցա, հաջորդ վայրկյանին հաղթահարեցի վախս: Հրոն մեծ է, նա արջից չի վախենում…

2018 թվական, փետրվար

Մտանք անտառ: Խիտ մշուշը չէր նահանջում: Անտառում վայրի կենդանիներ շատ կան՝ գայլ, շնագայլ, արջ: Արջերն այս տարի քուն չեն մտել: Տաք ձմեռ էր:

Հրայրը Բենդիկից մեր խմբին միացած փոքր շան հետ տասնյակ մետրեր առաջ էր անցել: Ճամփա՞ն էր որոնում, թե՞…

- Հե՜յ, Հրայր,- ձայնս թնդում էր ողջ ձորով:

Կա՛մ չէր պատասխանում, կա՛մ՝ լսվում էր թույլ ու անտարբեր արձագանքը.

- Արի՛, արի, ըստի եմ:

- Էս ինչի ես, է՜, հաճախ բարձր ձայն տալիս,- հարցրեց արշավականներից մեկը:

- Աղջի՛, հսկանում չե՞ս, ծմակը լիքը գել ու գազան ա,- փորձեց Լոռու բարբառով կատակել մյուսը:

Քանի իջնում ենք դեպի Դեբեդի հովիտը, մշուշը նոսրանում է: Հանկարծ մեր դեմ կարծես ծառս եղավ մի ցից ժայռ, որի վրա երկշերտ սպիտակ քարից պարսպահետքեր էին: Կկվի բույնն էր:

Փոքրիկ մի ամրոց, որ ավելի շատ դիտակետ է հիշեցնում: Հսկում է Դեբեդի հովտի վրա: Այնպիսի դիրքում է կառուցված, որ պարզ եղանակին այստեղից ողջ հովիտը՝ Շնողից մինչև Հաղպատի մատույցներ՝ գրեթե 25 կմ, ասես ափիդ մեջ լինի: Եվ եթե Շնողի Կայծոն բերդից դիտարկեն թշնամու շարժը, այնտեղից մինչև Ախթալայի Լենկ-Թեմուրի բերդ, այնտեղից Կկվի բույն և անդին՝ Հաղպատի քերծերում գտնվող Գադուկ քարանձավային ամրոց և այնտեղից էլ Աթոռիկ ու Կայան բերդ հաշված րոպեների ընթացքում կարելի է կրակով հաղորդակցվելով իմաց տալ:

Մի խոսքով, Կկվի բույնը մի կապող օղակ էր Ախթալա-Շնողի և Հաղպատի պաշտպանական համակարգերի միջև:

Ամրոցը չափագրելուց հետո շտապեցինք ցած: Մթնում էր, հարկավոր էր շուտ հաղթահարել անտառն ու իջնել Դեբեդի հովիտ: Մի քանի կիլոմետր ճանապարհը գրեթե արագ երթով անցանք: Աստղեր չկային, լույսն ապահովում էին արդեն անջատվող հեռախոսներն ու իմ միակ լապտերը: Տեղ-տեղ երկար շարքով, ձեռք- ձեռքի տված էինք իջնում: Ահա և առաջին «զոհը»՝ Արմինեն. սայթաքեց, ձգեց ոտքի մկանը: Շարժվեցինք առաջ: Հասանք Ապրոյի գոմեր լքված գյուղատեղին:

Այս գյուղի վերջին բնակիչը Ապրիհամ Աղաբաբյանն էր, որ հարյուր տարի ապրել է ու ստիպված լքել գյուղը 1930-ականներին: Գյուղում հնավայր կա՝ նախնադարյան դոլմեն, մինհիրներ, միջնադարյան գերեզմանատուն, խաչքարեր, լքված տներ:

Չհասցրեցինք լույսով հասնել այս լքված գյուղը: Բայց և այնպես լապտերի լույսի տակ մասնագետները հասցրեցին լուսանկարել, չափագրել և ուսումնասիրել մի քանի խաչքարեր, անգամ վերծանել արձանագրությունները:

Ապրոյի գոմերից հրաժեշտ տվեցինք մեր ուղեկցին՝ Հրայրին: Նա շարժվեց դեպի մութը՝ բարձրանալով Ախթալայի ժայռերը: Մենք շարունակեցինք մեր ուղին դեպի Դեբեդի հովիտ: Կես ժամ անց հեռվում փայլատակեցին Նեղոց գյուղի լույսերը: Ճանապարհի մնացած մասը մեզ ուղեկցեցին նեղոցեցիների շները, որ հսկում էին տեղացիների գոմերը անցանկալի այցելուներից ու գողերից: Բայց մեր արշավախմբին մի փոքրիկ, զվարճալի փորձություն էր սպասում: Աղջիկները վախով հաղթահարեցին Դեբեդի վրա գցված կախովի, ճոճվող կամուրջը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: