Հայերեն   English   Русский  

​Ինչպես պահպանել բիզնես էթիկան ու սկզբունքները. «Արտ Բրիջի» հաջողության գրավականը


  
դիտումներ: 16945

Երևանի առաջին գրախանութ-սրճարանը «Արտ Բրիջն» էր, որը նոր մոտեցումներ ու նոր գաղափար, նոր որակի միջավայր առաջարկեց Երևանին դեռևս 17 տարի առաջ՝ 2001 թ.:

Երկար տարիներ հաջողությամբ գործող ու իրավամբ հազարավոր մարդկանց սիրելի վայրերից մեկը դարձած «Արտ Բրիջի» հիմնադիր տնօրեն Շաքե Հավանն այս վայրը հիմնելուց երկու տարի առաջ՝ 1999 թ., իր երկու երեխաների հետ Բոստոնից տեղափոխվեց Երևան՝ նախատեսելով, որ միայն մի տարի կապրի այստեղ, բայց հետո որոշեց՝ մնում է: Ու քանի որ արդեն որոշել էր, պարզ էր՝ ինչ-որ բանով պետք է զբաղվեր. «Ես նախապես չէի մտածում, որ կմնամ, էլ ուր մնաց՝ բիզնեսի մասին մտածեի,- «Անկախի» հետ զրույցում ծիծաղելով նշում է Շաքե Հավանը:- Պետք է մի բանով զբաղվեի: Տարածքը տեսա ու դա էլ թելադրեց, թե ինչ է ուզում դառնալ: Որոշեցի, որ պետք է այս տարածքը դառնա գրախանութ-սրճարան: Ես Քեմբրիջում եմ ապրել, իսկ այնտեղ գրախանութներն ու սրճարաններն ուրիշ տարբերակով էին գործում: Այդպես 2001 թվականի մայիսի 30-ին մեր գրախանութ-սրճարանի դռները բացեցինք ու սկսեցինք աշխատել»:

«Արտ Բրիջն» ահա ստեղծվեց այն մոտեցումով, որ յուրաքանչյուր կին կարողանա լիովին իր ազատ ժամանակը վայելել այս տարածքում, և այս վայրը պետք է սերտ կապ ունենար արվեստի ու գրականության հետ: «Արտբրիջ» անունն էլ նպատակ և ուղերձ ունի՝ գրախանութ-սրճարան, որը կապող կամուրջ է արվեստի հետ: Եվ դա լիովին ստացվել է:

«Կանայք այն ժամանակ խմբով էին գնում տարբեր վայրեր՝ ռեստորաններ, ճաշարաններ, սրճարաններ, ու բոլոր ժամանցի վայրերում առանձնասենյակներ կային, որտեղ նրանք իրենց ազատ էին զգում: Երբ այս տարածքը եղավ, բոլորն ասում էին՝ առանձնասենյակ չունես, չի աշխատի, ոչ ոք գիրք չի կարդում, լուսավորությունդ շատ է, երաժշտությունդ ցածր է և այլն: Բայց այդ ամենն իմն էր, ինձ թվում է՝ այն, ինչ քեզանից է գալիս, ճիշտ է: Մի խոսքով, այդպես սկսեցինք»,-հիշում է Շաքե Հավանը:

Սկսեցին մայիսին, բայց հենց նույն տարվա սեպտեմբերին՝ 4-5 ամիս անց, արդեն հասկացան, որ երկրորդ սրահն էլ պետք է շատ արագ բացեն: Առաջին երեք ամիսներին «Արտ Բրիջում» բիզնես կոնցեպտը պահպանելու խնդիր ունեին, որպեսզի նկարիչների, արվեստագետների գործերը կարողանային կախել իրենց մոտ: Արվեստագետներն առանձնակի ոգևորություն չէին ցուցաբերում «Արտ Բրիջում» իրենց աշխատանքների ցուցադրություն-վաճառքը կազմակերպելու հարցում: Այդ ժամանակ ամսական մեկ անգամ էին ցուցադրված նկարները փոխում:

«Բոլորին խորթ էր այն կոնցեպտը, որը մենք էինք առաջարկում: Այդ պատճառով աշխատանքի առաջին երեք ամիսներին նման խնդիրներ ունեինք, իսկ դրանից հետո արդեն արվեստագետները հերթագրվեցին: Բոլորն էլ հասկացան, որ սա այն տարածքն է, որտեղ, օրինակ, նկարիչը կարող է իր նկարները կախել ու վաճառել: Ու հիմա մենք արդեն 10 օրը մեկ ենք փոխում ցուցադրվող նկարները: Ընդ որում, մեզ մոտ իրենց աշխատանքները կախում են թե՛ ինքնահաստատված, թե՛ սկսնակ հեղինակները»,- ասաց «Արտ Բրիջի» հիմնադիրը:

Շաքե Հավանն իր բիզնեսը Երևանում սկսեց անձնական միջոցներով: ԱՄՆ-ում իր տունը վաճառեց, այստեղ տուն գնեց և այս տարածքը: Կին գործարարն ընդգծում է, որ թեև սկզբում տարբեր կողմերից հնչում էին թերահավատ կանխատեսումներ, թե իր գաղափարը չի գործի, բայց կյանքը հակառակը ցույց տվեց: Եվ շատ ծախս էլ չեն արել՝ ամեն բան փորձել են շատ պարզ անել: Այդ առնչությամբ նշենք, որ «Արտ Բրիջն» առաջին վայրն էր, որտեղ հիմնական տուֆ-քարերով պատը որոշեցին ոչ թե ծածկել, այլ բացել ու բնական տեսքով թողնել, մնացած պատերն էլ ոչ թե հարդարվեցին, այլ պարզապես ներկվեցին, առաստաղի հետաքրքիր լուծում էլ գտան, ու այդ ամենը միանգամից գրավեց մարդկանց:

Մեր զրուցակիցը նշում է՝ առանձնակի դժվարություններ չեն ունեցել, ինքը միշտ հավատացել է ու հավատում է այն տեսակետին, որ եթե լուծում չես առաջարկում, ուրեմն գանգատվելու տեղ էլ չունես:

Արտ Բրիջ

Բիզնես կամ մարքեթինգային կրթություն Շաքե Հավանը չի ունեցել, բիզնեսի սկզբունքներին, նրբություններին ծանոթացել և գործարար հմտություններ ու գիտելիքներ է ձեռք բերել աշխատանքին զուգահեռ, ինչպես ինքն է ասում՝ ներքին նախազգացումներով առաջնորդվելով. «Մենք 17 տարի աշխատել ենք առավոտյան 8:30-ից մինչև գիշերվա ժամը 12-ը: Այն ժամանակ կարող էիր առավոտ ժամը 5-ին ծաղիկ գնել, բայց մինչև ժամը 11-ը ոչ մի տեղ չէիր կարող սուրճ խմել, որովհետև ոչ մի տեղ բաց չէր: Դրա համար մենք 8:30-ին սկսեցինք»,- պատմում է հաջողակ կին գործարարը:

Մեկ այլ խիստ կարևոր սկզբունք էլ է մատնանշում Շաքե Հավանը՝ սոցիալական պատասխանատվության գիտակցումը. «Ես միշտ հավատացել եմ, որ բիզնեսը պարտավորություններ ունի: Եթե բիզնեսը հանրության շնորհիվ գումար է աշխատում, ուրեմն պիտի մի բան վերադարձնի այդ նույն հանրությանը: Դա սոցիալական պատասխանատվությունն է: Մենք, իհարկե, կարող էինք մի քանի մասնաճյուղեր ունենալ, կարող էինք ավելի շատ փող ունենալ, բայց գիշերը ես շատ վատ կքնեի: Ոչ ոքի չեմ խանգարել, այլ միշտ փորձել եմ իմ քայլերով այնպես անել, որ այլոց բիզնեսներն էլ կայանան, ոտքի կանգնեն, որովհետև երբ բոլորը հաջողության են հասնում՝ դա վերջիվերջո վերադառնում է քեզ»,- նշում է Շաքե Հավանը:

Ինչ վերաբերում է գործարար հարաբերություններին՝ իրենք շատ են աշխատել, նվիրված են աշխատել ամբողջ թիմով, «Արտ Բրիջը» միշտ հիանալի թիմ է ունեցել: Բայց նաև ասում է՝ բիզնեսում, ինչպես մարդկային ու ցանկացած այլ հարաբերություններում, կարևոր է այն գիտակցումը, որ պետք է տաս, որպեսզի ստանաս: Այս առումով վստահ է՝ այն օրը, երբ անձամբ ինքն այլևս տալիք չունենա իր գործին, «Արտ Բբրիջն» ուրիշ «տեղում» կլինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: