Հայերեն   English   Русский  

​Արցախյան շարժման 30-ամյակը


  
դիտումներ: 3677

Առաջին վարչապետը

1990 թվականն էր: Ես այդ ժամանակ աշխատում էի ՀԽՍՀ կառավարության աշխատակազմում որպես արդյունաբերության բաժնի պետ:

ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահը (այսօրվա հասկացողությամբ վարչապետը) Վլադիմիր Մարկարյանցն էր:

1988 թվականից սկսված Ղարաբաղյան շարժումն օր -օրի նոր թափ էր առնում: Այն իր բարձրակետին հասավ, երբ 1988-ի դեկտեմբերին ձերբակալվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն ու 6 ամիս անցկացրին մոսկովյան բանտերում: Այդ կոմիտեի ինն անդամների մեջ էր Վազգեն Մանուկյանը, որ նաև «Ղարաբաղ» կոմիտեի համակարգողն էր: 1990 թ. հունիսի 3-ին կայացան Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունները, որոնց արդյունքներով մեծամասնություն կազմեցին Հայոց համազգային շարժման անդամները: Այդ ընտրություններում Վազգեն Մանուկյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր:

Այդ ժամանակ Գերագույն խորհրդի նիստերն անցկացվում էին կառավարության շենքի առաջին հարկի մեծ դահլիճում և հեռարձակվում էին ռադիոյով ու հեռուստատեսությամբ: Մենք լսում էինք նիստերի ընթացքը և արդեն գիտեինք ակտիվ պատգամավորներին, որոնք հաճախ էին հարցեր տալիս ու ելույթներ ունենում:

Նիստերն անցնում էին բուռն քննարկումների մթնոլորտում: Մի քանի պատգամավորներ առաջադրվել էին որպես Գերագույն խորհրդի նախագահի թեկնածու: Շուրջ երկու տասնօրյակ տևած բուռն քննարկումների արդյունքում վերջապես 1990 թվականի օգոստոսի սկզբներին ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահը: Այնուհետև սկսվեց անկախ պետականության ձևավորման առաջին քայլերին ուղղված որոշումների ընդունման գործընթացը: Գերագույն խորհրդի նիստերի ընթացքում հաճախ առաջարկություններ էին հնչում հրավիրել Մարկարյանցին, որպեսզի հաշվետվություն ներկայացնի իր գործունեության մասին: Մարկարյանցն արտաքուստ հանգիստ շարունակում էր իր աշխատանքը, կառավարության նիստերը կայանում էին ժամանակին: Կառավարության՝ նրա ղեկավարած վերջին նիստում, ոչինչ չասելով իր որոշման մասին, մի քանի օրից հրաժարական ներկայացրեց և ընդմիշտ հեռացավ կառավարության շենքից:

1990 թ. օգոստոսին Վազգեն Մանուկյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ: Այդ նշանակման մասին լսելուց հետո պետական համալսարանի ընկերներից և բազմաթիվ այլ աղբյուրներից ստացած տեղեկությունների վերլուծությունից հանգեցի այն եզրակացության, որ Վազգեն Մանուկյանը մեծ հայրենասեր է, ընդհանուր գործին նվիրված անշահախնդիր մարդ, որի մեջ պատանեկությունից ի վեր հասունացել են Հայաստանում անկախ պետականություն հաստատելու, տնտեսական ազատականություն ներդնելու գաղափարները, բացի այդ ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, ԵՊՀ-ի դասախոս:

Վարչապետ Վազգեն Մանուկյանը սկսեց գալ աշխատանքի: Ի զարմանս մեզ, նա բավական ժամանակ գալիս էր իր հին անձնական ավտոմեքենայով: Կարճ ժամանակ անց նա նոր մասնագետների նշանակեց վարչապետի առաջին տեղակալի և ևս մի տեղակալի պաշտոնում, ստեղծեց Հայաստանում իրականացվելիք բարեփոխումները համակարգող վարչություն և նշանակեց վարչության պետ: Վազգեն Մանուկյանը նշեց, որ այդ վարչությունը պետք է մշակի Հայաստանի տնտեսության ազատականացմանն ուղղված օրենսդրական նախագծեր և ընդունված կարգով ներկայացնի հաստատման: Հիմնական նպատակն էր, որ իրականացվի հասարակության փոխակերպումը (տրանսֆորմացիան) և սոցիալիզմի պլանային համակարգը փոխարինվի շուկայական հարաբերություններով:

Կառավարության նիստերն անցնում էին գործարար, համերաշխ մթնոլորտում, ըստ սահմանված կարգի: Նիստերին մասնակցում էին ճյուղային բաժինների պետերը, այդ թվում և ես: Անհրաժեշտության դեպքում մենք ներկայացնում էինք հարցեր, տալիս էինք բացատրություններ: Բայց և այնպես անհանգիստ էինք. տարբեր աղբյուրներից, նաև մեր բաժնի կողմից համակարգվող ձեռնարկությունների ղեկավարներից լսել էինք, որ նշանակվելու են բաժինների նոր պետեր: Վարչապետն իր շրջապատից բազմաթիվ խնդրանքներ էր ստանում, թե իրենց կարծիքով՝ ավելի արժանավոր մասնագետների պետք է նշանակել բաժնի պետեր: Այստեղ ևս երևացին Վազգեն Մանուկյանի անկողմնակալ մարդկային հատկությունները, իր պաշտոնավարման ընթացքում որևէ չհիմնավորված կադրային փոփոխություն չկատարեց: Նա իր շրջապատին ասել էր, որ եթե մասնագետները բարեխղճորեն են կատարում իրենց պարտականությունները, ապա ինքը փոփոխությունների հիմք չի տեսնում:

Իմ հիշողությունների մեջ պահպանվել է մի պատառիկ, որը հերթական անգամ ապացուցում է Վազգեն Մանուկյանի անշահախնդիր նվիրվածությունը Հայաստանի զարգացմանը: Աշխատանքային օրվա մի առավոտ վարչապետի քարտուղարուհին հեռախոսով ինձ ասաց, որ գնամ ընդունարան: Ես տարբեր մտածմունքներով և ենթադրություններով շտապեցի, քարտուղարուհին զեկուցեց վարչապետին, և նա ինձ հրավիրեց իր առանձնասենյակ: Ես նստեցի կից սեղանի մոտ դրված աթոռին: Նա հետաքրքրվեց արդյունաբերության բաժնի կողմից համակարգվող շուրջ 20 միութենական մինիստրություններին ենթակա ավելի քան 150 միավորումների և գործարանների գործունեության և նրանց ղեկավարների մասին և անցավ բուն նյութին: Ասաց, որ Խորհրդային Միությունը շուտով կազմաքանդվելու է, և անհրաժեշտ է ստեղծել տնտեսությունը ղեկավարող կառույցներ, միութենական մինիստրություններին ենթակա ձեռնարկություները ենթարկվելու են Հայաստանի համապատասխան մինիստրություններին, հետևաբար անհրաժեշտ է ունենալ գործունյա, բանիմաց մասնագետներ մինիստրություններում աշխատելու համար: Նա հանձնարարեց խորը ուսումնասիրել մեր բաժնի կողմից համակարգվող ձեռնարկությունների ղեկավարների ունակություններն ու կազմել լավագույնների ցուցակ: Ընդ որում, սկզբունքների անկյունաքարը պետք է լինի ազնվությունը, ղեկավարը պետք է հեռու լինի կաշառակերության հավակնություններից և պետք է տնտեսության զարգացման հարցերի լուծման լավագույն տարբերակ գտնելու ունակ լինի: Մանրակրկիտ վերլուծությունից հետո ես 9 թե 10 անձանց ցուցակը ներկայացրի վարչապետին: Հետո իմացա, որ նման հանձնարարություններ ստացել էին նաև մյուս բաժինների պետերը: Հետագայում նոր ստեղծված արդյունաբերության մինիստրությունում ղեկավար պաշտոնների նշանակվեցին ցուցակում ընդգրկված որոշ մասնագետներ: Իհարկե, հետագայում ոչ բոլորն արդարացրին ղեկավարության հույսերը, բայց որոշ անձինք երկար ժամանակ բարեխճորեն աշխատեցին:

Իմ հիշողության մեջ տպավորվել է այդ տարիների մի նշանակալի իրադարձություն ևս: 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե. հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի, և նույն օրը Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց որոշում ԽՍՀՄ-ից անկախանալու և անկախ պետություն ստեղծելու մասին: 1991 թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը:

Այդ օրն առավոտյան կառավարության աշխատակազմի բոլոր բաժինների պետերը հրավիրվեցին վարչապետի առանձնասենյակ, այնտեղ էին նաև վարչապետի տեղակալները: Մենք մտանք ներս և զարմացանք. առանձնասենյակի մեծ սեղանը կահավորված էր խնջույքի պարագաներով և գինու շշերով: Վարչապետ Վազգեն Մանուկյանը բարձրացրեց գինով լի բաժակը և շնորհավորեց անկախության հանրաքվեում ժողովրդի մեծամասնության դրական արձագանքի համար: Մենք բավական ժամանակ չէինք հեռանում սեղանից…

Հայրենիքին և հայրենական տնտեսության զարգացմանը նվիրված պետական գործիչների գնահատման գործում ևս Վազգեն Մանուկյանը ցույց տվեց իր հեռատեսությունն ու կադրերին ըստ արժանվույն գնահատելու շնորհքը: Նրա շնորհիվ Կարեն Դեմիրճյանը, որ երկար ժամանակ աշխատանք չուներ, նշանակվեց «Հայէլեկտրամեքենա» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն: Դա տեղի ունեցավ 1991 թ. սեպտեմբերին: Վազգեն Մանուկյանը նրան հրավիրեց իր մոտ և կարճ զրույցից հետո իր տեղակալին հանձնարարեց ներկայացնել նրան «Հայէլեկտրամեքենայի» ղեկավարությանը և հասնել հարցի դրական լուծմանը:

Վարչապետի տեղակալը, Կարեն Դեմիրճյանը և ես մեկնեցինք «Հայէլեկտրամեքենա»: Սկզբում անկեղծ զրույց տեղի ունեցավ գործող տնօրենի առանձնասենյակում: Իհարկե, նա ներքուստ դժգոհ էր իր պաշտոնը զիջելու փաստից: Այնուհետև մտանք մեծ դահլիճ, որտեղ հավաքվել էին խորհրդի անդամները, դահլիճի գլխամասի սեղանի մոտ նստած էր նիստը վարողը, որը մեզ հրավիրեց նստել իր կողքին: Նախագահողը ներկայացրեց քննարկվող հարցը, որի էությունը ներկայացրեց վարչապետի տեղակալը, խոսեց նաև Կարեն Դեմիրճյանը: Խորհրդի անդամները հիմնականում դրական արտահայտվեցին: Իհարկե, եղան նաև դժգոհներ: Քվեարկության արդյունքում Կարեն Դեմիրճյանն ընտրվեց խորհրդի նախագահ:

Մեր բաժինը նախապատրաստեց համապատասխան փաստաթղթերը, և դրանք սահմանված կարգով ներկայացվեցին միութենական մինիստրություն: Դեռևս ԽՍՀՄ-ը կար, անհրաժեշտ էր մինիստրության հրամանը: Հրամանը եղավ, և Դեմիրճյանը նշանակվեց գործադիր տնօրեն:

Արցախն արդեն դարձել էր պարտադրված պատերազմի ընդարձակ ռազմաբեմ: Ես, վարչապետի տեղակալների հանձնարարությամբ, հաճախ զանգահարում էի Կարեն Դեմիրճյանին և խնդրում օգնել ռազմաճակատի ռազմական տեխնիկային անհրաժեշտ վառելիքի տրամադրման գործում: Նա սիրահոժար կատարում էր այդ խնդրանքները և տարբեր ճանապարհներով վառելիք էր ուղարկում ռազմաճակատ:

Վազգեն Մանուկյանը 1991 թ. սեպտեմբերի վերջին իր ցանկությամբ անցավ այլ աշխատանքի, բայց շարունակեց իր հայրենանվեր գործունեությունը Հայաստանի լուսավոր ապագայի տեսլականը մոտեցնելու հարցում:

Կիմ ԳԱԼՈՅԱՆ

Գիտության և տեխնիկայի գծով ՀԽՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: