Հայերեն   English   Русский  

Նոր կայք, մրցաշրջանի ամփոփում ու շնորհակալագիր նաև «Անկախի» լրագրողին


  
դիտումներ: 1282

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Նա նախքան մրցաշրջանի ընթացքում կատարվածն ամփոփելը, նշեց, որ 2014-ի ավարտին սարքավորվել է գերատեսչության նոր կայքը, որը նախկինի համեմատ ավելի ընդգրկուն է, ժամանակակից, համակողմանի տեղեկատվություն է պարունակում, նաև մատչելի է բոլորի համար:

Նախարարության տեղեկատվության բաժնի պետ Անուշ Չիթչյանը ներկայացրեց, թե ինչ առավելություններ ունի նորաստեղծ կայքը:

Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, երիտասարդության հարցերի ոլորտներում պետական ծրագրերի իրականացման ընթացքին, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի հայ չեմպիոնների, ինչպես նաև մարզական ֆեդերացիաների և կառույցների մասին տեղեկատվությանը: Կայքում տեղադրված են պետական կառույցի ստեղծման պատմությունը, կառուցվածքի գծապատկերը, ղեկավար կազմի ու կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությամբ գործող մարմինների խնդիրներն ու գործառույթները, տեղեկատու հեռախոսահամարները:

Կայքը համալրված է հարուստ տեսաֆոտոդարանով, ունի որոնման ճկուն համակարգ, և հնարավորություն է տալիս հեշտորեն գտնել փնտրվող տեղեկատվությունը:

«Սպորտ» բաժնի «Մարզադպրոցներ» պատուհանն օգնում է պատկերացում ստանալ Հայաստանի մարզերի և Երևանի մարզադպրոցներում առկա օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերի տեղաբաշխման մասին: Ընտրելով հետաքրքրող մարզաձևը` հնարավոր է հեշտորեն գտնել տվյալ տարածաշրջանում առկա մարզադպրոցի վերաբերյալ տեղեկություններ (հասցե, հեռախոսահամար):

Մասսայական սպորտի և հաշմանդամային սպորտի ծրագրերի միջոցով ներկայացված են բնակչության առողջացման, ֆիզիկական դաuտիարակության գիտականորեն հիմնավորված համակարգի, ինչպես նաև հաշմանդամների` ֆիզիկական կուլտուրայով և uպորտով զբաղվելու համար նպաuտավոր պայմանների ստեղծման ուղղությամբ տարվողաշխատանքները:

Իսկ ահա, «Երիտասարդություն» պատուհանն արտացոլում է երիտասարդության հարցերի ոլորտում տարվող քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, իսկ երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդության խնդիրներով հետաքրքրված փորձագետների ու երիտասարդության լայն շրջանակի համար որպես ուղեցույց տեղադրված են Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցները:

Ապա նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը, համագործակցության համար շնորհակալություն հայտնելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին, անսպասելիորեն հայտնեց, որ պայմանականորեն տարբեր անվանակարգերով 2014-ի դափնեկիրներ են սահմանվել:

Գաբրիել Ղազարյանը, ֆիզիկական կուլտուրան և սպորտի ոլորտի ակտիվ և անաչառ լուսաբանման համար, շնորհակալագրեր հանձնեց լրագրողներ, «Անկախի» աշխատակից Գագիկ Բեգլարյանին, Աշոտ Հակոբյանին, Վադիմ Ղարիբյանին, Արման Գևորգյանին, Աիդա Հովհաննիսյանին, Վարվառա Հայրապետյանին, Հարություն Մինասյանին:

Նշվեց, որ 2014-ին մրցասպարեզներում փառահեղ նվաճումներ են արձանագրվել: Մասնավորապես, աշխարհի չեմպիոն են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը: Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերում ընդհանուր հաշվով 118 մեդալ է նվաճվել:

Նախարարը, անդրադառնալով մերօրյա կարևոր խնդրին, տեղեկացրեց, որ 2015-ից գիտական խումբ է գործելու`հենակատային և հեռանկարային մարզաձևերի ներկայացուցիչների հետ աշխատելո ւհամար: Խմբերում ընդգրկված են լինելու հոգեբաններ, կենսաքիմիկոսներ, սպորտային բժիշկներ և գիտնականներ:

Կարևորվեց, որ անցնող տարում Միջազգային մարզական կազմակերպությունների հետստորագրվել են մի շարք պայմանագրեր, հուշագրեր: Համագործակցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Վրաստանի,Ղազախստանի նախարարությունների հետ:

Վստահեցվեց, որ կատարվող աշխատանքի արդյունքը տեսանելի կլինի 2016-ին կայանալիք օլիպիական խաղերի ժամանակ:

Գաբրիել Ղազարյանը պատասխանեց իրեն ուղղված հարցերին, իսկ վերջում բոլորին շնորհավորեց Ամանորի և Սուրբ ծննդի տոների առիթով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: