Հայերեն   English   Русский  

​Սպասված «անսպասելին»․ Պուտինը 4-րդ անգամ կղեկավարի Ռուսաստանը


  
դիտումներ: 4704

Ռուսաստանի Դաշնության պատմության մեջ 7-րդ անգամ տեղի ունեցան նախագահական ընտրություններ, և 4-րդ անգամ նախագահի պաշտոնը կզբաղեցնի 65-ամյա Վլադիմիր Պուտինը՝ սահմանելով մի քանի ռեկորդներ։ Նա իշխանության ղեկին է արդեն 18 տարի և կշարունակի պաշտոնավարել ևս 6 տարի։

Ձայների հաշվարկի արդյունքներով Պուտինը ստացել է քվեների 76,6 տոկոսը․ նրա օգտին է քվեարկել ավելի քան 54 մլն մարդ։ Թե՛ ստացած քվեների տոկոսային հարաբերակցությունը, թե՛ իր օգտին քվեարկած մարդկանց բացարձակ թիվը անձնական ռեկորդ են Պուտինի համար։ Նախկինում նրա գրանցած ամենաբարձր ցուցանիշը կազմել էր 71,31 տոկոս 2004-ի ընտրություններում, իսկ 2012-ի ընտրություններում նա ստացել էր ձայների 63,6 տոկոսը։

Քվեարկության արդյունքներով երկրորդ տեղում 11,8 տոկոսով կոմունիստների թեկնածու Պավել Գրուդինինն է, իսկ երրորդ տեղում Վլադիմիր Ժիրինովսկին է, որը 1991-ից է վեր միայն մեկ նախագահական ընտրություն է բաց թողել, սակայն երբեք 3-րդ հորիզոնականից բարձր դիրք չի զբաղեցրել։ Մնացած թեկնածուների քվեները հետևյալ կերպ են դասավորվել. Քսենիա Սոբչակ՝ 1,67 տոկոս, Գրիգորի Յավլինսկի՝ 1,04 տոկոս, Բորիս Տիտով՝ 0,76 տոկոս, Մաքսիմ Սուրայկին՝ 0,68 տոկոս և Սերգեյ Բաբուրին՝ 0,65 տոկոս։

Միջազգային արձագանքը

Պուտինի հաղթանակին կամ ընտրությունների նման ելքին կարծես ոչ ոք չէր կասկածում։ Այդ է վկայում նաև արևմտյան երկրների դիրքորոշումը։ Չնայած ընտրախախտումների մասին բազմաթիվ հաղորդումներին՝ Արևմուտքը զուսպ է ընդունել ընտրությունների արդյունքները Ռուսաստանում։

Գերտերություններից Պուտինին արդեն շնորհավորել են Չինաստանի, Իրանի, Ճապոնիայի, Հնդկաստանի ղեկավարները՝ հույս հայտնելով, որ երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակում կլինեն Պուտինի պաշտոնավարման առաջիկա տարիներին։ Ռուսաստանի նորընտիր և միաժամանակ վաղեմի ղեկավարին շնորհավորել է նաև Գերմանիայի նախագահը՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ նշելով․ «Մենք Ռուսաստանի և Գերմանիայի միջև սերտ համագործակցությունը միշտ համարել ենք մեր մայրցամաքում ամուր կարգեր հաստատելու համաեվրոպական ջանքերի մի մասը «սառը պատերազմի» ավարտից ի վեր»։

Մերկելի գրասենյալից ԶԼՄ-ներին տեղեկացրել են, որ Մերկելն ավելի ուշ ևս կշնորհավորի Պուտինին, սակայն ուղերձում կարծարծվեն երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրները։

ՌԴ նորընտիր նախագահին շնորհավորել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ շեշտելով, որ Ֆրանսիան կողմ է կառուցողական երկխոսության Ռուսաստանի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջև։

Իսկ ահա Սպիտակ տնից հայտարարել են, որ Պուտինի հաղթանակն իրենց համար անակնկալ չէր, այդ իսկ պատճառով շնորհավորական զանգ չի նախատեսվում։

Չնայած արևմտյան քաղաքական գործիչներն այս օրերին իրենց հայտարարություններում նշում են, որ փորձելու են հնարավորության սահմաններում կառուցողական երկխոսություն ունենալ Ռուսաստանի հետ, բարելավել հարաբերությունները, միաժամանակ նշում են, որ այդ մտադրությունների իրագործումը բարդ է լինելու՝ պայմանավորված Պուտինի վերընտրվելու հանգամանքով։

Ավելին, վերլուծաբանների կարծիքով՝ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում առաջիկա 6 տարիներին հնարավոր են միայն վատթարացումներ, իսկ որևէ բարելավում չի ակնկալվում։

Ընտրախախտումների և Արևմուտքի դերը Պուտինի հաղթանակում

Թեև անցած ընտրություններում զանգվածային ընտրախախտումներ են գրանցվել, ըստ հաղորդումների՝ դրանք ծավալով զիջել են նախորդ՝ 2012-ի ընտրակեղծիքներին։ Ռուսական ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների կարծիքով՝ ընտրողների ակտիվության ու Պուտինի ստացած աննախադեպ քվեների առումով մեծ դեր են ունեցել արևմտյան երկրները: Ինչքան Պուտինի կերպարը «հրեշացվում է» Արևմուտքում, այնքան այն հերոսական է դառնում Ռուսաստանում։ Եվ քվեարկությունների նման պատկերում էական ազդեցություն են ունեցել վերջին օրերին ռուս-բրիտանական հարաբերությունների թատերաբեմում ծավալվող իրադարձությունները։

Պուտինը՝ հավերժական նախագա՞հ

Պուտինի վերընտրվելը 4-րդ անգամ թե՛ Ռուսաստանում, թե՛ Ռուսաստանից դուրս քննարկումների տեղիք է տվել, թե նա կարող է դառնալ ցմահ նախագահ։ Գործող սահմանադրության համաձայն՝ վրա-վրա երկու ժամկետից ավելի հնարավոր չէ ընտրվել, ինչից ենթադրվում է, որ Պուտինը չի կարող մասնակցել 2024-ի ընտրութուններին, սակայն կարող է 2030-ին առաջադրվել։ Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք պատրաստվում է 2030-ին առաջադրվել, Պուտնիը պատասխանել է՝ ոչ, կատակով հարցնելով, թե միթե կարծում են, որ մինչև 100 տարեկանը նույն պաշտոնին է մնալու։

Քաղաքական և հասարակական շրջանակներում, սակայն, կարծում են, որ մնալու է: Տեսակետ կա, որ մինչև հաջորդ նախագահական ընտրությունները Պուտինը կարող է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, որոնցով կվերացվի երրորդ ժամկետում առաջադրվելու արգելքը։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ նա երկրի գերագույն կառավարման մարմին կստեղծի, որը նրան բարձրագույն ազգային առաջնորդի կարգավիճակ կտա, ինչպես Իրանում է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: