Հայերեն   English   Русский  

Կայացավ ՀՀ ԱԻՆ անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմի և Վրաստանի թիմի միջև ընկերական խաղը


  
դիտումներ: 371

Մարտի 21-ին Երևանի «ՄԻԿԱ» մարզահամալիրում անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմի և Վրաստանի անվասայլակով բասկետբոլի թիմի միջև ընկերական խաղը:

Խաղին հետևում էին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հ. Ռոստոմյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, ինչպես նաև՝ Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Գիորգի Սագանելիձեն:

Ընկերական խաղի կազմակերպմանն աջակցել են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ինչպես նաև՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Որպես կամավորներ՝ մարզումների ընթացքում հայ և վրացի մարզիկներին աջակցել են Արաբկիրի մարզադպրոցի սաները:

Դիտարժան խաղն ավարտվեց հայ մարզիկների հաղթանակով՝ 33-21 հաշվով: Միջոցառման ավարտին հայ և վրացի անվասայլակավոր մարզիկները պարգևատրվեցին համապատասխանաբար Հայաստանում Վրաստանի դեսպան Գ. Սագանելիձեի և ԱԻ նախարար Դ. Տոնոյանի կողմից:

Ողջունելով մարզիկներին՝ Դ. Տոնոյանը նշեց, որ մարզասարահում ստեղծվել էր արտակարգ տրամադրություն և ոգևորություն, ինչն աննախադեպ դիտարժան խաղ ապահովեց:

-Այսօրվա հանդիսավոր միջոցառումը հարգանքի տուրք էր մեր մարզիկներին, ովքեր այս նախաձեռնության հեղինակներն են: Նրանց՝ սեփական ուժերի և հնարավորությունների նկատմամբ հավատը ոգեշնչման օրինակ է բոլորիս համար: Այսպիսի միջոցառում տարածաշրջանում անցկացվում է առաջին անգամ, և մեզ համար այն պատշաճ մակարդակով անցկացնելը մեծ պատասխանատվություն էր, ինչը հնարավոր չէր լինի առանց մեր գործընկերների աջակցության: Առաջնային նպատակ ունենալով աղետների նվազեցումն ու կանխարգելումը՝ արտակարգ իրավիճակների նախարարությունը կարևորում է նաև առողջ ապրելակերպը և սպորտը, ուստի կանենք ամեն ինչ նման միջոցառումների շարունակակնության ապահովման համար: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ՀՀ սպորտի և երիտասարդաության հարցերի նախարարին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Հայկական կարմիր խաչի ընկերությանը: - եզրափակեց ԱԻ նախարարը:

Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ Գ. Սագանելիձեն նշեց, որ այս բարեկամական հանդիպումը հոգու անհաղթելիության, ներքին տոկունության, անպարտելիության, հույսի և սիրո տոնն է:
- Հաջողություններ եմ մաղթում այսօրվա ընկերական մրցույթի յուրաքանչյուր մասնակցին: Այսօր չկան հաղթողներ և պարտվողներ: Ես խորապես համոզված եմ, որ այս ընկերական մրցույթում հաղթեց վաղվա օրվա հույսը, կյանքի սերը, կամքը, եղբայրությունը և բարեկամությունը, - ասաց Վրաստանի դեսպանը:

Վրաստանի՝ անվասայլակներով բասկետբոի ֆեդերացիայի նախագահ, թիմի ավագ Իրակլի Գիորգիաձեն լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ չէ Հայաստանում, և իր համար հայկական հյուրընկալությունը անակնկալ չէ:
- Այստեղ մարդիկ շատ սիրալիր են և հյուրընկալ: Ցանկանում եմ արտահայտել իմ խորին երախտագիտությունը հայ ժողովրդին: Հաջորդ առաջնությունը նախատեսում ենք անցկացնել Վարաստանում, կհրավիրենք նաև ԱԻ նախարարության թիմին: Այս թիմը շատ ուժեղ է, բացի այդ շատ լավ տղաներ են, - ասաց Ի. Գիորգիաձեն:

Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարարությունը նախատեսում է առաջիկայում ստեղծել «Արտակարգ սպորտային ակումբ», որը կնպաստի նորանոր հաղթանակների ձեռքբերմանը: Այսօր արդեն արված են առաջին լուրջ քայլերը՝ հաշմանդամային սպորտի ակտիվացման ուղղությամբ: Հաշմանդամների բասկետբոլի թիմը, որի կազմում են նաև նախարարության 8 աշխատակից, պարբերաբար մարզվում է և պատրաստվում միջազգային հարթակներում ներկայացնել մեր երկիրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: