Ինչո՞ւ շատ հեռանկարային համարվող բիզնես ծրագիրը փակվեց. Լենա Նազարյան
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Կառավարության հետ հարցուպատասխան:
«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հարցը վերաբերում էր Թեղուտի հանքին:
«Ինչու շատ հեռանկարային համարվող բիզնես ծրագիրը, որի համար հսկայական անտառ հատվեց, գետեր աղտոտվեցին, հանկարծ հայտարարում է, որ փակվում է և ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ են անելու այդ մարդիկ», - հարցրեց տիկին Նազարյանը:
Հարցին պատասխանելով՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը պատգամավորին ուղղեց և նշեց, որ Թեղուտի ծրագիրը ոչ թե փակվել է, այլ գտնվում է ժամանակավոր դադարի շրջանում:
«Կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն: Մենք հույս ենք, որ մինչև այս տարվա վերջ կամ մյուս տարվա սկզիբ Թեղուտը նորից կվերագործարկվի»,-ասաց նա:
Նազարյանը արձագանքեց, թե բացի 1200 հոգու սոցիալական վիճակից, նաև հանքավայրի հետ կապված բնապահպանական խնդիրներ են արձանագրվել և անկախ նրանից կշահագործվի, թե ոչ, հանքավայրի հետ կապված խնդիրներ լինելու են:
Կարայանը նշեց, թե հույս ունեն, որ տեխնիկական դադարի ընթացքում, որը վերցրել է շահագործող «Վալեքսը», բնապահպանական խնդիրների հետ կապված հարցերը ևս կլուծվեն, և հանքը կշահագործվի: