Հայերեն   English   Русский  

​ԳՐԻԳՈՐ Ժ ՋԱԼԱԼԲԵԿՅԱՆՑ


  
դիտումներ: 6397

1441 թվականին բախտորոշ իրադարձություն եղավ հայության կյանքում: Ամենայն հայոց կաթողիկոսությունը Կիլիկիայի Սիս մայրաքաղաքից տեղափոխվեց Արևելյան Հայաստան, և Մայր Աթոռը հաստատվեց Վաղարշապատ քաղաքում՝ Էջմիածնում, որտեղ սկզբնավորվել էր դեռևս 301 թվականին: Գրիգոր Թ Մուսաբեկյանց կաթողիկոսը հրաժարվեց Արևելյան Հայաստան տեղափոխվելուց և մնաց Կիլիկիայում՝ հիմք դնելով, փաստորեն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը:

Էջմիածնում հաստատված Մայր Աթոռի համար անհրաժեշտ էր նոր կաթողիկոս ընտրել: Հիմնական թեկնածուներից մեկը Գրիգոր Ջալալբեկյանցն էր, մյուսը՝ Աղթամարի Զաքարիա Գ կաթողիկոսը, որի ընտրությամբ Աղթամարի և Էջմիածնի կաթողիկոսությունները կմիավորվեին: Սակայն կաթողիկոսական ընտրության համար հրավիրված բարձրաստիճան հոգևորականության ժողովը չի կարողանում որոշում ընդունել: Ուժերի հարաբերակցությունը դեռ անորոշ էր, և անթաքույց ու սուր պայքար կար Արևելից կողմի վարդապետների՝ Հաղպատ-Սանահինյան ու Տաթև-Արտազյան դպրոցների (որ ընդգրկում էր նաև Այրարատյան թեմը) և հարավի՝ վասպուրականցիների միջև: Զաքարիայի թեկնածությունը մերժեցին արևելահայերը, մասնավորապես՝ Գրիգոր Տաթևացու աշակերտները, իսկ Գրիգոր Ջալալբեկյանցին ուղղակի չէին սիրում: Ի վերջո, ժողովը որոշում է ընդունում վիճակահանություն անցկացնել՝ որոշելու համար, թե ով է նոր կաթողիկոսը:

Վիճակահանությամբ նոր կաթողիկոս օծվեց Կիրակոս Ա Վիրապեցին, որ ներկայացնում էր Վասպուրականի դպրոցը: Այդ պատճառով էլ դժգոհությունները սաստկացան արևելահայ վարդապետների շրջանում: Սակայն արևելահայ վարդապետները չէին պատրաստվում հաշտվել իրողության հետ: Նրանք Կիրակոս Ա կաթողիկոսին գահընկեց անելու և իրենց թեկնածուին կաթողիկոսական գահ բարձրացնելու համար կտրուկ քայլեր ձեռնարկեցին:

Խախտելով նախապես ձեռք բերված համաձայնությունը՝ արևելյան վարդապետները դիմեցին Երևանի թուրք կառավարիչ Յաղուբ բեկին՝ խնդրելով կաթողիկոս ձեռնադրել իրենց թեկնածուին՝ Գրիգոր Ջալալբեկյանցին: Նրանք իրենց նպատակին հասնելու համար դիմեցին ստորության՝ Յաղուբ բեկի մոտ զրպարտելով նորընտիր կաթողիկոս Կիրակոս Ա-ին, թե նա անգամ մկրտված չէ և քրիստոնյա չէ: Բանսարկուն Գրիգոր Տաթևացու աշակերտ և Տաթևի դպրոցի ուսուցչապետ Հովհաննես Հերմոնեցին էր՝ այդ ժամանակ հայ հոգևորականության մեջ ավագագույններից մեկը:

Յաղուբ բեկի մոտ գումարված ատյանում պատմիչ Թովմա Մեծոփեցին իր խմբով ընդդիմանում է Հերմոնեցուն: Բանը հասնում է հայ հոգևորականության միջև ծեծկռտուքին: Յաղուբ բեկը զայրանալով բոլորին դուրս է հրավիրում պալատից: Սակայն հետագայում Զաքարիա Հավուցթառեցի եպիսկոպոսը, առանձին հանդիպելով Յաղուբ բեկին, կաշառում է նրան ու գործը գլուխ բերում:

1443 թ. Գրիգոր Ժ Ջալալբեկյանցը, իր հետ ունենալով թուրք բեկի զինվորներին և վայելելով նրա աջակցությունը, ներխուժեց Էջմիածին, գահընկեց հայտարարեց Կիրակոս Ա Վիրապեցուն և բռնազավթեց կաթողիկոսական աթոռը: Հրավիրվեց նոր ժողով 12 եպիսկոպոսների մասնակցությամբ, որն էլ Գրիգոր Ժ կաթողիկոս ընտրեց:

Գրիգոր Ժ-ն հալածանքներ սկսեց Կիրակոս Ա Վիրապեցու կողմնակիցների նկատմամբ՝ նրանց վրա դրամական մեծ տուգանքներ նշանակելով: Իսկ Կիրակոս Ա-ն մինչ իր մահը ձևականորեն համարվեց աթոռակից կաթողիկոս, չնայած որևէ կերպ անկարող էր միջամտել կաթողիկոսական գործերին:

Գրիգոր կաթողիկոսը ազնվական գերդաստանից էր, ազնվատոհմիկ իշխան պարոն Ջալալի որդին էր: Հավանաբար ծնվել է Մակու քաղաքում, քանզի կոչվել է նաև Մակվեցի: Սակայն մեզ հասած մի հիշատակարանի համաձայն՝ նա ծնվել է Թավրիզում: Մանուկ հասակում ուսանել է Տաթևի դպրոցում՝ աշակերտելով Գրիգոր Տաթևացուն: Օծվել է քահանա, ապա բարձրացել հոգևոր սանդղակով: Մինչ կաթողիկոս դառնալը եղել է Արտազի եպիսկոպոսը:

Արտազում գործած տարիներին՝ 1420-ական թթ., պայքարել և հալածել է քաղկեդոնական հայերին: Այստեղ Գրիգոր վարդապետը նաև գրչությամբ է զբաղվել: Հայտնի է նրա ձեռամբ գրված մի Ճաշոց:

Կաթողիկոսական գահին Գրիգոր Ժ-ն ձեռնամուխ եղավ Մայր Աթոռի տնտեսության ամրապնդմանը: Նա, օգտագործելով իր կապերը թուրք իշխողների հետ, վերականգնեց Էջմիածնի իրավազորությունը նախկինում վանքապատկան շատ հայկական գյուղերի վրա:

Գրիգոր Ժ-ն ձեռնամուխ եղավ Էջմիածնի վանքի նորոգությանն ու ընդարձակմանը: Կաթողիկոսը վանքի համար այգիներ տնկեց, ջրաղացներ կառուցեց, որով փորձ էր անում բարելավել Էջմիածնի տնտեսությունն ու եկամտաբեր դարձնել կալվածքները: Ի դեպ, կաթողիկոսն անձամբ իր միջոցներով էր նաև կալվածքներ գնում վանքի համար: Գնեց և Էջմիածնի վանքին նվիրեց Վաղարշապատ, Օշական, Առինջ, Նորագավիթ, Աղավնատուն, Թեղենիս, Մուղնի գյուղերը:

Շատ հայ իշխաններ էլ Էջմիածնին գյուղեր ու ագարակներ, կալվածքներ նվիրեցին Մայր Աթոռը ամրապնդելու համար: Առատաձեռն էին հատկապես Լոռու տերերը՝ Բեշքեն և Ռուստամ Օրբելյանները:

1448 թ. Գրիգոր Ժ-ն իրեն աթոռակից կաթողիկոս նշանակեց Արիստակեսին, որը Վասպուրականից էր: Ամենայն հավանականությամբ, կաթողիկոսն այդ քայլով փորձում էր սիրաշահել վասպուրականցիներին:

Միաժամանակ լարված էին հարաբերությունները Էջմիածնի և Աղթամարի կաթողիկոսությունների միջև: Աղթամարի կաթողիկոսական աթոռը զբաղեցնում էր Զաքարիա Գ Արծրունին: Նրա հովանավորն էր կարակոյունլուների տիրակալ Ջհանշահը: Վերջինս սիրաշահում էր հայերին՝ փորձելով հայության միջոցով ամրապնդել իր իշխանությունը Հայաստանում և տարածաշրջանում: Ջհանշահը պատրաստ էր անգամ էական զիջումների գնալ՝ իր գլխավոր ախոյանի՝ ակկոյունլուների դեմ պայքարում հայության աջակցությունն ապահովելու նպատակով: Նա անգամ աջակցեց Աղթամարի Զաքարիա Արծրունի կաթողիկոսին, երբ վերջինս Աղթամարում ցանկանում էր հայոց թագավոր օծել իր եղբոր որդուն՝ Սմբատ Արծրունուն:

Ցավոք, Հայաստանի թագավորության վերականգնման այս փորձն անհաջող էր ու անհետևանք մնաց: Բայց և այնպես, Ջհանշահը ցանկացավ իր ազդեցության տակ վերցնել նաև հայոց կաթողիկոսական աթոռը: Եվ նրա աջակցությունը վայելող Զաքարիան կարողացավ 1460 թ. Էջմիածնից վտարել կաթողիկոս Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին ու նրա տեղապահ Արիստակեսին:

Սակայն մեկ տարի անց, Արիստակես Աթոռակալի նախաձեռությամբ և դարձյալ թուրքերի աջակցությամբ, Գրիգոր կաթողիկոսը վերկանգնում է իր իրավունքները: Ջհանշահը արշավանքի էր ելել մոնղոլների դեմ՝ Հայաստանի կառավարումը թողնելով իր որդի Հասան Ալիին, որի մոտ էլ Զաքարիայի դեմ չարախոսեց Արիստակեսը:

Զաքարիա Գ-ն իր հետ Աղթամար է տանում Լուսավորչի աջն ու այլ սրբություններ:

Դարձյալ նստելով կաթողիկոսական գահին՝ Գրիգոր Ժ Ջալալբեկյանցն իրեն նոր աթոռակից է նշանակում Սարգիս եպիսկոպոսին (հետագայում բարձրացավ կաթողիկոսական գահ որպես Սարգիս Բ Աջատար):

Իր կաթողիկոսության ընթացքում Էջմիածնի վանքապատկան կալվածքները բարելավելուց և վանքի տնտեսությունը շենացնելուց զատ, Գրիգոր Ժ-ն նաև գրական գործունեությամբ է զբաղվել: Հայտնի է նրա ձեռամբ գրված հիշատակարանը, որում կաթողիկոսը թվարկում է նաև Մայր Աթոռում պահպանվող մասունքները: Նա նաև խթանել է ձեռագրերի բազմացման ու ընդօրինակման գործը:

Գրիգոր Ժ Ջալալբեկյանցը մահացավ 1465 թ., Վաղարշապատում: Կաթողիկոսական աթոռին նրան հաջորդեց իր տեղապահը՝ Արիստակես Բ-ն:

Վահէ Լոռենց

Նկարում՝ Մաստարայի եկեղեցին. գտնվում է Արագածոտնի մարզում, կառուցվել է V դարում:

Վաղարշ Բ Արշակունի – Հայոց թագավոր 186-198 թթ.: Երկրից դուրս է քշել հռոմեական կայազորները, Հայաստանը հռչակել անկախ պետություն: Հռոմը Վաղարշ Բ-ին ամենամյա գումար է վճարել Կովկասյան լեռնանցքները պաշտպանելու համար: Նրա օրոք Արշակունիների հարստությունը Հայաստանում դարձավ ժառանգական: Զոհվել է Կովկասի լեռնականների դեմ հաղթական ճակատամարտերից մեկում:

Տրդատ – II դարի հայ զորավար: Հռոմեական զորքերը 164 թ. ներխուժել են Հայաստան, գրավել այն, գահազուրկ արել Բակուր Ա արքային: Տրդատ իշխանի գլխավորությամբ հզոր հակահռոմեական ապստամբություն է բռնկվել երկրում: Տրդատը երկու անգամ ջարդել է հռոմեական բանակները: Հռոմին մեծ դժվարությամբ է հաջողվել ճնշել շարժումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: