Հայերեն   English   Русский  

​Ապացույցները քաղաքացիական դատավարությունում


  
դիտումներ: 4442

Շարունակելով քաղաքացիական դատավարության թեման` այս համարում կանդրադառնանք ապացույցներին և ապացուցման գործընթացին։ Թերևս ապացուցումը քաղաքացիական դատավարության առանցքային հարցերից է, քանի որ հենց ապացուցման շնորհիվ է դատարանը հաստատված համարում որոշակի փաստեր և վճիռ կայացնում։

Որո՞նք են համարվում գործով ապացույցներ։ Գործով ապացույցներ են քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով: Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

Ինչպե՞ս են որոշվում այն փաստերը, որոնք ենթակա են ապացուցման, և ո՞վ է կրում ապացուցման պարտականությունը։

Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: Ապացուցման պարտականությունը դրվում է այն կողմի վրա, որը վկայակոչել է ապացուցման ենթակա փաստը։

Եթե կողմը հրաժարվում է (խուսափում է) պատասխանել դատարանի կամ դատավարության մասնակիցների հարցերին կամ ցուցմունքներ տալ դատարանին, ապա դատարանը մյուս կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուսափելը) ցուցմունքներից և պատասխանից, իսկ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, կարող է համարել ապացուցված: Ամեն դեպքում պատասխանից կամ ցուցմունքից հրաժարումը (խուսափումը), որ դատարանը գնահատում է որպես անհիմն, մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի): Իսկ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերելու գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմելու դատարան:

Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտումը և գնահատումը՝ դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը։ Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակը ապացուցելու պարտականությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: