Հայերեն   English   Русский  

«Արցախի ՄԻՊ-ը կուսումնասիրի Ասյա Խաչատրյանի նկատմամբ ապօրինություններ կատարելու վերաբերյալ պնդումները». ԱՀ ՄԻՊ


  
դիտումներ: 692

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ասյա Խաչատրյանի նկատմամբ ապօրինություններ կատարելու վերաբերյալ վերջինիս պնդումները:

«Մարտի 26-ին ժամը 20:20-ին epress.am լրատվականով հրապարակվել է «Ղարաբաղի ոստիկանները Ասյա Խաչատրյանին. Օրենք Հայաստանում կպահանջես» վերտառությամբ նյութ, որին կից տեսանյութում ներկայացվել են Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից քաղաքացի Ասյա Խաչատրյանի նկատմամբ ապօրինություններ կատարելու վերաբերյալ վերջինիս պնդումները:

Ներկայացված տեսանյութի հիման վրա, ղեկավարվելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 15–րդ հոդվածով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում:

Եթե Ա.Խաչատրյանի պնդումները համապատասխանում են իրականությանը, ապա ԱՀ ոստիկանության տվյալ ծառայողների գործողությունները անընդունելի են և ենթակա են խիստ իրավական գնահատականի:

Միաժամանակ պարզաբանում ենք, որ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը տեսանյութում և լրատվական նյութում ներկայացված է ոչ ամբողջական և մասնակիորեն սխալ: Իրականում ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանը Ա.Խաչատրյանին պարզաբանել է նշված իրավիճակում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները, ավելին` խրախուսել է օգտվել դրանցից: Իսկ քաղաքացին նշել է, որ իր պնդումները ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը կներկայացնի գրավոր: Սակայն նշված փաստերով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը որևէ գրավոր բողոք չի ստացել :

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը լինելու է հետևողական Ա.Խաչատրյանի պնդումներին պատշաճ իրավական արձագանք ապահովելու հարցում և այդ ուղղությամբ ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները: Քննարկման հետագա ընթացքի մասին հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ:

Արցախում իրավական մշակույթի ամրապնդումը, մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը եղել և մնում է ԱՀ մարդու իրավունքների հաստատության հավատամքը և առաջնային առաքելությունը»,- գրված է հայտարարությունում:

Նախօրեին Epress.am կայքը հայտնել էր, որ Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի նկատմամբ Արցախում բռնություն է կրառվել.« Փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնում էր քաղաքով, նրան են մոտենում երեք ոստիկաններ, ինչից հետո Ասյան ընկնում է պետական մարմինների աշխատակիցների ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ։ Նրան առանց բացատրության մի քանի անգամ բերման են ենթարկում ոստիկանություն, որտեղ ապտակում են, հայհոյում և սպառնում։ Այդ ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվում նաև Ասյաի ընկերուհին, որը նրա հետ կիսում էր Ստեփանակերտի բնակարանը։

Երբ Ասյան բացատրություն է պահանջում, նրան ասում են, որ Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք՝ թող գնա և Հայաստանում պահանջի։ Իր Ստեփանակերտի բնակարան են այցելում քաղաքացիական հագուստով անձինք և, չներկայացնելով որևէ փաստաթուղթ և անտեսելով դիմադրությունը, ներխուժում և խուզարկում են սենյակները։

Տեղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը առաջարկում է հարցը լուծել «ներքին կարգով», չդիմելով քննչական և դատական ատյաններ և լրատվամիջոցներին, քանի որ «պետք է հասկանալ՝ Արցախի հարց է»»,- մասնավորապես գրել էր կայքը։

Մանրամասները ՝ սկզբնաղբյուրում:

Լուսանկարը՝ սքրինշոթ Epress.am-ի տեսանյութից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: