Հայերեն   English   Русский  

​Թատերական ժամանակներ և ժամանակակից թատրոն


  
դիտումներ: 4816

Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը, ինչը լավ առիթ է հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ թատերական աշխարհի ձեռքբերումներին և խնդիրներին սևեռելու համար:

Բացի դրանից, «Անկախն» այսուհետ ընթերցողին «Թատերական ժամանակներ և ժամանակակից թատրոն» խորագրի ներքո կներկայացնի Երևանում գործող թատրոնները՝ իրենց ուրույն դիմագծով, աշխարհայացքային մոտեցումներով, հաջողություններով և խնդիրներով՝ փորձելով հասկանալ՝ այս դժվարին ժամանակներում որքանով են երևանյան թատրոնները դառնում ժամանակակից մարդու հոգսերի, ազգային և համամարդկային արժեքների կրողն ու բարձրաձայնողը: Մեր առաջին զրուցակիցը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանն է:

- Մայր թատրոնն արդեն 96 տարեկան է: Քանի՞ տարեկան է իրեն զգում թատրոնը:

- Թատրոնը պետք է միշտ երիտասարդ լինի՝ զգալով ժամանակի շունչը և արտահայտելով հասարակությանն անհանգստացնող կնճռոտ հարցերը: Պատահական չեն Շեքսպիրի հայտնի խոսքերը՝ եթե ուզում ես հասնել փառքի, պետք է քո ժամանակի ճիշտ թարգմանը լինես: Այսօր մեր թատրոնը փորձում է հենց ժամանակի թարգմանը լինել: Ունենք 10-12 ակտիվ խաղացվող ներկայացումներ, ստեղծվում են նորերը, կոլեկտիվը համախմբված աշխատում է, հրավիրում ենք նաև երիտասարդ և միջին սերնդի նոր ներկայացուցիչների: Սունդուկյանի թատրոնը մի վայր է, որտեղ ստեղծվում է խաղ իրականության մասին:

- Ի՞նչ մտահոգություններ ու նպատակներ ունի թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

- Ես ուրախ եմ, որ սունդուկյանցի եմ, որովհետև առաջին քայլերս հենց այստեղից եմ սկսել: Սունդուկյանի թատրոնն ակադեմիական է և խնդիր ունի ուսուցանելու, ինչը չի նշանակում իրեն վեր դասել, այլ ստեղծել մի գեղագիտական մտածողություն, որը կարող է հետաքրքրություն առաջացնել թե՛ արվեստագետների, թե՛ սովորական մարդկանց մոտ՝ հասկանալու՝ ինչու են այս աշխարհ եկել և ինչպես պետք է ապրել: Սրանք հավիտենական խնդիրներ են, որ պիտի բարձրացնեն թատրոնները, և մեր թատրոնը՝ հատկապես: Թատրոն ասածը ոչ թե ինչ-որ բան է փոխում այս աշխարհում, այլ միտք է տալիս, անհանգստացնում, ունկնդրին հանում իր ներհայեցողական վիճակից: Այստեղ ամեն ոք գտնում է իր փնտրածը, որովհետև թատրոնն այս աշխարհի փոքր մոդելն է: Ինչ վերաբերում է մեր թատրոնին՝ այն շատ մեծ ֆինանսական ներդրումների կարիք ունի ներկայացում ստեղծելու համար, որովհետև դա ուղիղ համեմատական է ներկայացման որակին: Թատրոնն ամենօրյա տքնաջան աշխատանք է, որ հետո թեթևությամբ մատուցվում է ունկնդրին:

Ընդհանրապես բեմահարթակ ազգային գրականություն (թե́ դասական, թե́ ժամանակակից) բարձրացնելու ժամանակն է, որովհետև աշխարհին կարող ենք ներկայանալ միայն ազգային մտածողությամբ: Նպատակ կա բեմադրել մեր ժամանակակից ազգային դրամատուրգիան՝ հասցնելով թատերական վիճակի: Խիստ կարևոր է ժամանակի զարկերակը զգացող հեղինակի առկայությունը, որ կգրի թատրոնի համար, որովհետև նա հենց առաջին անմիջական կապը ստեղծողն է հանդիսատեսի հետ: Նաև թատրոնը կարիք ունի մեր ժամանակի մարդկանց մասին ստեղծագործությունների, բայց համապատասխան գրականություն դեռ չկա: Ներկայումս, երբ մարդիկ քիչ են կարդում և շատ դժվար է գիրք հրատարակելը, թատրոնը լավ ամբիոն է հասարակության հետ երկխոսության մեջ մտնելու համար: Միշտ ասում ենք՝ թատրոնը մեռել է, կմեռնի. եթե թատրոնը կենդանի օրգանիզմ է, ուրեմն պիտի մեռնի էլ, ինչպես բոլոր կենդանի օրգանիզմները, բայց նաև պիտի ծնվի, ինչպես և ծնվում է: Հիմա պիտի այնպես անել, որ այն ամենը, ինչն այսօր ծնվում է կամ պիտի ծնվի, ամուր ոտքեր ունենա և նորանոր գույներով ներկայանա ունկնդրին: Երբ ասում եմ ազգային՝ չի նշանակում, որ միայն դրանով պիտի սահմանափակվենք, որովհետև համաշխարհային գրականության մի ամբողջ ցանկ կա, որի շուրջ մտածում ենք: Պարզապես դրա համար ևս ժամանակ ու ֆինանսներ են անհրաժեշտ. ներկայացում ստեղծելը մեկ օրվա գործ չէ:

Մեր մտահգություններից կառանձնացնեմ նաև այն, որ թատրոնն ունի մեկ ծանրաբեռնված բեմ: Շատ կազմակերպություններ կան, որ ցանկանում են այս բեմում միջոցառումներ անել. մերժելը դժվար է, բայց մեզ համար էլ աշխատելու տեղ չկա, ընդամենը մի փոքրիկ փորձասենյակ: Այս տիպի ծանրաբեռնվածություն ունեցող թատրոնները մեծ մասամբ ունենում են երկրորդ բեմահարթակ (գրեթե հիմնական բեմի չափերով), որտեղ իրականացնում են փորձեր: Հիմա ուզում ենք ստեղծել նմանատիպ բեմահարթակ, ինչը ևս ծախսերի հետ է կապված: Այդտեղ հնարավոր կլինի ավելի շատ փորձարարական ներկայացումներ բեմադրել, ինչը երիտասարդ դերասանների և ռեժիսորների համար լավ փորձադաշտ կլինի, մեզ էլ հնարավորություն կընձեռի մեծ բեմ հրավիրելու նրանցից լավագույններին: Նպատակ ունենք նաև թատրոնում գործող դերասանական ստուդիան հասցնել գոնե բարձրագույն մասնագիտական կրթության մակարդակի:

- Հե՞շտ է աշխատել ժամանակակից դերասանի հետ: Նաև հետաքրքիր է՝ սերիալներում դերասանների զբաղված լինելը չի՞ խանգարում թատրոնի աշխատանքին և թատերական մտածողությանը:

- Թատերախումբը երբեք միատարր չի լինում, և յուրաքանչյուրի հետ պետք է անհատապես աշխատել: Կան դերասաններ, որոնք ուրիշ վարպետների մոտ են սովորել, այլ գեղագիտական մտածողության կրող են: Եվ նրանց բոլորին համախոհներ դարձնելը մի օրվա գործ չէ, այլ երկարատև աշխատանք է պահանջում: Կա նաև խիստ կարևոր մի բան՝ դերասանի աշխատանքը առաջնախաղով չի ավարտվում, որովհետև հետո գալիս է նորին գերազանցություն հանդիսատեսը, որը նույնպես դերակատար է և գլխավոր դերակատար: Երբ սկսվում է շփումը նրա հետ՝ այդ ընթացքում շատ բաներ փոփոխվում են թե՛ խաղարկման կերպի մեջ, թե՛ դերասանների ներսում: Առաջնախաղը սկիզբն է նոր աշխատանքի, և ամեն մի հաջորդ ներկայացում երբեք նման չի լինում նախորդին: Նաև յուրաքանչյուր հանդիսատես թելադրում է խաղարկման իր կերպը: Այդ պատճառով ներկայացումը 15, 16-րդ անգամից հետո նոր ավելի ամբողջական տեսք է ստանում: Նրանք, ովքեր իրականում սիրում են թատրոնը, երբեք առաջնախաղով չեն դատում ներկայացման մասին:

Ինչ վերաբերում է սերիալներին, հուսանք՝ դրանք էլ ժամանակի ընթացքում նոր որակ կստանան: Պիտի գործի հեռուստանովել գաղափարը՝ որպես գեղագիտություն: Սերիալում լավ խաղալը դժվար է, որովհետև աշխատանքի պայմանները շատ բարդ են. տեքստն այդ պահին են բերում, չգիտես՝ հաջորդ տեսարաններում ինչ է լինելու, սկիզբն ու վերջն անհայտ է, ինչն էլ կարող է պատճառ դառնալ, որ ամենալավ դերասանն անգամ սերիալում կորչի: Բայց միևնույն ժամանակ հասկանալի է՝ մարդիկ մի քիչ ավելի լավ ապրելու խնդիր ունեն: Բայց դերասաններն այն մարդիկ են, որոնք այնքան փողի հետևից չեն ընկնում, որքան աշխատանքի, որովհետև ինքնադրսևորման կարիք ունեն: Կան, իհարկե, այնպիսիք, որոնք փառքի կարիք ունեն: Այստեղ հորս հայտնի արտահայտությունն եմ ուզում հիշել՝ երբեք մի ընկիր փողի հետևից, գլուխդ կախ աշխատիր, փողը կընկնի քո հետևից, երբեք մի՛ ընկիր փառքի հետևից, գլուխդ կախ աշխատիր, փառքը կընկնի քո հետևից, բայց հենց հասար փառքի, պիտի կարողանաս դիմանալ փառքին: Ես դրան ավելացնում եմ ևս մի միտք, որ չգիտեմ՝ ես եմ հորինել, թե՞ մանուկ ժամանակ եմ լսել. սղոցը չպիտի պարծենա, թե սղոցել գիտի, որովհետև սղոցելու իրավունք նրան Աստված է տվել:

- Ի՞նչ կասեք հանդիսատեսի, թատրոնի հանդեպ ունեցած նրա վերաբերմունքի մասին:

- Հանդիսատեսը դպրոցից է հանդիսատես դառնում: Այն մանկական թատրոնները, որ սպասարկում են դպրոցահասակներին, մեզ համար հանդիսատես են աճեցնում, և ինչ որակով աճեցնում են, այդ որակի էլ հանդիսատես է գալիս: Ես միշտ փորձել եմ հասկանալ, թե ում համար ենք աշխատում: Ամեն մի հանդիսատես այս աշխարհի մասին իր պատկերացումներն ունի, և թատրոնը հետաքրքիր է նրանով, որ երբ մարում են դահլիճի լույսերը, բոլորը հավասարվում են: Թատրոնի խնդիրն է մարդկանց փոխանցել իր մտածածը խիստ թատերային և թատրոնի համար վտանգավոր դարձած մեր ժամանակներում:

- Ի՞նչ նոր ներկայացումներ ունի թատրոնը, և 2018-ին ի՞նչ նորություններ կլինեն:

- Հենց ազգային ստեղծագործությունները բեմահարթակ բարձրացնելու նպատակով բեմադրվեցին «Պեպո», «Մեծապատիվ մուրացկաններ», ժամանակակից գրող Հրաչ Բեգլարյանի «Արծվաբույն» (Ղարաբաղյան ազատամարտի թեմաներով) ներկայացումները: 2017-ի վերջին էլ Լիլի Էլբակյանը ստեղծեց մի շատ հետաքրքիր եռաշերտ մանկական ներկայացում «Սառցե սիրտը» մուլտֆիլմի թեմաներով, որը ևս հանդիսատեսը սիրով նայում է: Նման էֆեկտներով ներկայացում ստանալն այնքան էլ հեշտ չէր, բայց մեծ ջանքերի գնով կարողացանք իրականացնել: Մեր թատրոնի տնօրենը՝ Վարդան Մկրտչյանը, նույնպես մեծ միջոցներ ծախսեց, ինչպես նաև շատ օգնեցին մեր հովանավորները:

Ընթացքի մեջ է «Սասնա ծռերը» (ռեժիսոր` Սամսոն Մովսիսյան), որում բացառապես զբաղված են երիտասարդ դերասաններ, և բեմադրական կազմն էլ է երիտասարդ: Ընթանում են նաև «Հարսնացուն հյուսիսից» պիեսի փորձերը: Ներկայացումը նվիրված է Վարդան Աճեմյանի, Առնո Բաբաջանյանի և հեղինակի՝ Ժորա Հարությունյանի հիշատակին: Իհարկե, հայտնի կինոֆիլմը կա, անգամ դրանից վաղ Աճեմյանը հիանալի բեմադրություն է իրականացրել այդ թեմայով: Մեր նպատակն է ոչ թե փառաբանել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը, այլ երիտասարդներին փոխանցել մեծ սիրո գաղափարը: Ծրագրում ունենք նախատեսած նաև «Գտնված երազը» խորագրով ներկայացում, որի համար բանակցում ենք հայտնի մուլտֆիլմի հեղինակների՝ Գագիկ և Հովիկ Դիլաքյանների հետ, որ այժմ էլ ձևավորեն դրա թատերական տարբերակը: Նրանք ապրում են Նյու Յորքում, բայց Հայաստան կգան և կստեղծեն եռաչափ ներկայացում:

- Պարոն Էլբակյան, ի՞նչ կմաղթեք ընթերցողին Թատրոնի միջազգային օրվա առթիվ:

- Կյանքն այսօր այնքան ծանրաբեռնված է, որ հաճախ աշխատանքային ժամերը թույլ չեն տալիս թատրոն հաճախել: Մարդիկ էլ կան, որ թատրոն չեն սիրում, կան, որ չեն հասկանում: Չմոռանանք նախորդ 20-25 դժվարին տարիները, երբ մի սերունդ եղավ, որ ընդհանրապես չիմացավ՝ ինչ է թատրոնը: Իրենց համար թատրոնն այն մի հոգին է, օրինակ, որ անեկդոտ է պատմում: Բայց թատրոնը շատ կարևոր երևույթ է հասարակության կյանքում: Ասեմ ավելին՝ այն շատ հետաքրքիր բիզնես ներդրում է ապագայի մեջ, ինչն արդեն հաշվարկված է աշխարհում: Այն երեխաները, որոնք հաճախում են թատրոն, դառնում են հրաշալի ֆիզիկոսներ, քիմիկոսներ, պատմաբաններ և այլն, բնավ պարտադիր չէ, որ դերասան ու ռեժիսոր դառնան, որովհետև նրանք զարգանում են բազմակողմանիորեն: Ուրախությամբ պիտի նշեմ, որ մեր թատրոն սկսել են լավ հաճախել, գրեթե լեփ-լեցուն դահլիճներում ենք աշխատում, իսկ մեծ դահլիճ լցնելը հեշտ բան չէ: Ուստի նրանց, ովքեր սիրում են հաճախել թատրոն, շնորհավորում եմ, իսկ թատրոնի մարդկանց ցանկանում եմ ուժ, եռանդ, համբերություն և, իհարկե, հնարավորություն՝ իրականացնելու այն ամենը, ինչ մտածում են այս աշխարհի մասին:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: