Հայերեն   English   Русский  

​«ԳԱՂՏՆԻՔ ՂԱՐԱԲԱՂԻ» ԳՐՔԻ 1, 5 ԴԱՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ


  
դիտումներ: 4789

Սկիզբը` այստեղ

Երեք դարի իրադարձությունների կենսագիր Աբրահամ Բեկնազարյանցը Պարսկաստան գնաց ինչպես Աղա -Մահմատ շահի, այնպես էլ հայ մելիքների խնդրանք-հորդորով: «Ամենասիրելի զորավար, ծանր է ինձ մերժել շահի առաջարկությունը, առավել ծանր է նաև քո ներկայությունից զրկվելը: Սակայն ոչ պակաս օգուտ է հարազատ մելիքությանը շահի մոտ ունենալ քեզ նման մարդու»,- ասում է Մելիք Մեժլումը, որ երկար ձախողումներից հետո հույսն արդեն կտրել էր ռուսներից:

Աբրահամի համար էլ մեծագույն ցավը հայրենիքը նման վիճակում թողնելն ու նրա բազմադարյա թշնամի Պարսկարստան գաղթելն էր: Գնաց Ապրես որդու հետ: Երբ հայր ու որդի Երասխի ձախ ափին հասան, ծնկաչոք հաբուրեց հողը, որդին՝ նույնպես: «Որդիս, ամեն մարդու համար սուրբ է իր հայրենիքը: Մի բուռ հող վերցրու, կապիր թաշկինակումդ և միշտ քեզ հետ պահիր: Երբ մի օր կրկին վերադառնալու բախտին կարժանանաս, վերստին այն կթափես մայր հողում»:

Թավրիզ հասնելուն պես Բեկնազարյանցը շահի կողմից զորավար կարգվեց և 10 հազար զինվորով գնաց կանխելու Հերաթի և Ղանդահարի ապստամբությունը, որից հետո շահը հաղթական փառքով Պարսից աթոռանիստ քաղաք` Թեհրան մտավ:

Իսկ մելիքների բացակայության դեպքում հայ հարազատ զորքը նա էր կառավարում: Նրա հմտությունն ավելի դրսևորվեց հատկապես Ծակ քարի հերոսամարտում, որով կանխվեց պարսից կանոնավոր և անկանոն մեծաթիվ զորքերի առաջխաղացումը Ղարաբաղ, որոնց միացել էին նաև տեղի թուրքերը: Հիմնական մարտը Խնածախ և Բալուջա գյուղերի մերձակայքում տեղի ունեցավ և կոչվեց Ծակ քարի ճակատամարտ:

«Տղերք, իմ հրամանին պատրաստ սպասեք, այնպես նշան բռնեք, որ պատերազմի դաշտում ոչ թե վիրավոր թողնեք, այլ միայն սպանված»,- եղավ հրամանատարի հրամանը: Մի օրում երեք ահեղ մարտ կայացավ: Թշնամու ուժը 50 անգամ գերազանցում էր մերին: Վերջին մարտին հրամանատարը լիարժեք մասնակցել չկարողացավ, որովհետև երբ գլխի ընկավ, որ Ապրես որդին չկա, իրեն կորցրեց: Կնոջ ու երեք որդիների կորստից հետո Ապրեսը միշտ իր հետ էր: Գտնվեց, երբ թշնամին արդեն ճողոպրել էր, երբ խնածախցի և բալուջեցի քաջերը հաղթանակած իրենց շեներն իջան և դրանք ավերակ ու թալանված գտան:

Ղարաբաղի հինգ հզոր մելիքություններն ինքնուրույն իշխանություններ էին, սակայն յուրաքանչյուր վտանգի դեպքում նրանք միավորվում և հետ էին շպրտում թշնամուն: Նրանց անկախությունը պահպանվեց մինչև 1818 թ.:

Խոստման համաձայն՝ Ղարաբաղ ճանապարհվող Մահմատ շահին յուրայինները Մուղանի դաշտում դիմավորեցին: Նրանք շահի բռնկված բարկությունը միայն Իբրահիմ ճըռխանի վրա կենտրոնացրին:

Աղդամ հասնելուն պես շահը կոտորեց ճըռխանի համախոհ բոլոր երևելի թուրքերին և այրել տվեց որպես ձմեռանոց ծառայող նրա տունը, որն արդեն չորրորդ անգամ էր այրվում: Շահի անգութ հրամանով նաև շատ դաշտեր այրեցին: Իսկ Շուշիում նրա առաջին գործը Ջրաբերդի,Դիզակի, Գյուլիստանի,Վարանդայի հարազատ մելիքների շահական հրովարտակները հաստատելը եղավ: Խաչենինն էլ հաստատել խոստացավ, երբ որ ժողովրդի կողմից կընտրվեր համապատասխան հարազատ մելիքացուն, որով էլ կամբողջանար հինգ հարազատ մելիքների թիվը: Նորընծա մելիքներին տրվեցին «Ադամ բեկ» և«Աբաս բեկ» կնիքները: Չգոհանալով նա ճըռխանի բոլոր կասկածյալ մարդկանց խուզարկեց, շատ զինվորների էլ խողխողեց:

«Մենք պարտավոր ենք հանգուցյալ Մելիք Մեժլումին տված երդումը կատարել: Այսօր Ղարաբաղի ավերիչների կեսի վերջը տվեցինք, մնացածինն էլ վաղը կտանք և Ղարաբաղի հարազատ մելիքությունները կվերականգնվեն իրենց դարավոր անկախ իրավունքներով: Այժմ Ղարաբաղը, այդ թվում նաև Շուշի բերդը ձեզ եմ հանձնում,- ավարտում իր ոգեշունչ ելույթը Աղա-Մահմատ շահը, որ իր խաներին մեկ այլ երդում-պատգամ էլ էր տվել:- Քանի Աղա-Մահմատը ողջ է, ռուսները չեն կարող արմատակալել Անդրկովկասում»:

Նա հինգ հարազատ մելիքներից պահանջեց, որ միշտ հավատարիմ հպատակ մնան Պարսկաստանի գահին և ժամանակին վճարեն արքունիքի տարեկան հարկերը: Ըստ շահական պայմանագրի՝ Շուշին այդուհետ հայոց մելիքանիստ քաղաքը պիտի լիներ իր բերդով, իսկ մյուս բերդերը, եկեղեցիները` հասարակությանը, ինչն այլևս երկպառակության առիթ չէր տա: Շահի և մելիքների կնիքներով և ստորագրություններով հաստատված պայմանագրի մի օրինակը շահի մոտ մնաց, մյուսը՝ մելիքների: Պայմանագիր, որ նույնպես թղթի վրա մնաց, քանզի գիշերը շահի սենեկապետ գլխատեց շահին, որով, ըստ Բեկնազարյանցի, գլխատվեց նաև Ղարաբաղի հարազատ մելիքության գլուխը` բոլոր ձեռնարկումներն անկատար թողնելով: Թեհրանում կատարված հետաքննությունը պարզեց, որ այդ գործում չառչի Փանահի որդի Իբրահիմ ճըռի մատն էր խառը: Այդ նա էր կաշառել սենեկապետին:

Ղարաբաղում սաստիկ սով սկսվեց: Աղա-Մահմատի կրկնակի արշավանքները, արտերի հրդեհումը և չորքոտանիների Պարսկաստան փոխադրելը, Հերակլի և Իբրահիմ ճըռխանի, Զուբովի արշավանքները ժանտախտ բերեցին այդ հողին, որին զոհ գնացին շատերը: Շատերն էլ գաղթեցին: Պատկերը նույնն էր նաև Վերին Խաչենում, Ղափանում ու Մեղրիում, որոնք գրեթե ամբողջությամբ դատարկվեցին: Բեկնազարյանցի բերած թվերը առավել քան խոսուն են:

ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԳՐԱՎՈՐ ԵՎ ՔԱՐԵՂԵՆ ՎԿԱՆԵՐԸ

Ասում են՝ երբ լռում են մուսաները, ալեհեր անցյալի մասին խոսում են քարեղեն վկաները: Ուստի բնավ պատահական չէ մեր պատմագրի մորմոքը, երբ երկուսի առկայության դեպքում էլի բզկտված հայրենիք ունենք: Ավելին, երբ Ղարաբաղի լեռնային և դաշտային հողերը միշտ հարազատ մելիքությունների և վանքերի բազմադարյա հարստությունն են եղել, որոնք որդոց որդի միշտ հաստատվել են նրանց վրա յուրաքանչյուր գահակալող շահի կողմից: Միտք, որ կարմիր թելի պես ոչ միայն միշտ ուղղորդել, այլև հանգիստ չի տվել հեղինակին, որովհետև այդ շահերի կոտրած ձեռքով հաստատված շատ հրովարտակներ են նրա ձեռքի տակով անցել, թարգմանվել: Նույնաձև օրինակներ, որ տրվել են Աղվանքի յուրաքանչյուր նորանշանակ կաթողիկոսին` ՎԱԳԻՖ տիտղոսով ու հետևյալ հիմնավորմամբ.

«...Որովհետև Ղարաբաղը Աղվանից երկրի մի մասն է կազմում և հինգ հարազատ մելիքներն Աղվանաց թագավորների հետագա հարազատ իշխող սերունդներն են, հանուն որի, ինչպես մեր շահ պապերը, իբրև բազմադարյա սեփականություն, հաստատել են այդ երկրի հողերը հինգ հարազատ մելիքների վրա, որդոց որդի տեր և իշխան կարգելով, հանուն որի մենք ևս մեր շահական բարձր հրովարտակով ԱՅՍ ԻՆՉ ՄԵԼԻՔԻՆ ՏԵՐ ԵՎ ԻՇԽԱՆ ԵՆՔ ԿԱՐԳՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՄԱՍԻ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ իր բոլոր սահմաններով ի ժառանգություն որդոց որդի»:

«Մեր բոլոր վանքերի, եկեղեցիների որմերի արձանագրությունները նույնպես այդ ամենի կենդանի, անկործան վկաներն են»,- ասվածն առավել համոզիչ դարձնելու համար եզրափակում է հեղինակը: Այստեղ ես էլ հիշեցի Արցախի թեմի ներկայիս առաջնորդի հետևյալ խոսքերը. «Արցախից բացի, ոչ մի ուրիշ տեղ չես գտնի, որ 17 քառակուսի կիլոմետրի վրա մեկ վանք ու եկեղեցի լինի: Այլ կերպ ասած, այդքան քրիստոնեական դիմագիծ չի ունեցել և չունի աշխարհի ոչ մի երկրամաս, այսինքն՝ Արցախը մեր մոլորակի ամենաքրիստոնեական, ամենահայկական հողակտորն է: Արցախի հիմնախնդիրները լուծելիս համաշխարհային դիվանագիտությունը պետք է հաշվի առնի այս փաստը» («Հայաստանի Հանրապետություն», 1998, 5 մարտի): Այո, այստեղ ամեն մի բուռ հող հայերեն է խոսում, բայց կարդացող չկա, որովհետև այսօրվա դիվանագիտությունն էլ, ինչպես նախկինում, մոլորվել է շահերի բախման խճճված մաքոքում:

ՄԻ՞ԹԵ ՂԱՐԱԲԱՂԸ ԾԱԽՎԵՑ ԿԱՄ ՄԱՍՆԱՏՎԵՑ 1000 ԵՎ ԱՎԵԼԻ ՈՍԿՈՎ

Հայազգի կնյազ Մադաթովն էլ իր հերթին էր խոստանում մեկընդմիշտ լուծել Ղարաբաղի հինգ հարազատ մելիքություների հարցը` իրենց նախկին իրավունքներով, միայն թե Դաղստանից վերադառնալուց հետո: «Իսկ հիմա ռուսաց ամենաողորմած կայսրն իմ բերանով ձեզ Դաղստան է հրավիրում»,- վստահեցնում է կնյազն ու Դաղստան շտապում, ուր Պարսկաստանը նույնպես զորք է ուղարկում 1818-ի գարնանը: Մադաթովը ղարաբաղյան քաջերի հետ փայլուն հաղթանակ տարավ, որի դառը պտուղները մենք քաղեցինք: Իսկ Աբաս-Միրզան էլ, այդ ցավալի պարտությունից դառնացած, Բեկնազարյանցին նամակ պիտի գրեր, որը մեջբերում եմ ամբողջությամբ այն նկատառումով, որ եթե մի տարի Ս.Պետերբուրգում գրաքննության ենթարկվելուց, մաղվելուց հետո այսքան բան այնուամենայնիվ թողել են, կնշանակի մենք առավել քան պարտավոր ենք իմանալ ճշմարտությունը.

«Ղարաբաղի հայերը, բացի վնասից, ի՞նչ օգուտ տեսած են ռուսներից, որ չբավականացան, Անդրկովկասի ռուսական բոլոր արշավանքներին աջակցելով, երևելի քաջություններով էլ վազեցին Դաղստան: Եթե մեր անքաղաքագետ շահ պապերը,-Հազկերտ, Լէնկ-Թեմուր, Չինգիզ-խան, Շահ-Աբասներ,-սպանեցին Հայոց թագավորությունը և Աղվանքի տերությունը, սակայն կենդանի պահեցին Հայաստանում նախարարությունը, մարզպետությունը, զորքը և զորապետությունը, նույնը և Աղվանքում... Թագավորությունը, մելիքությունը միայն մոտ չորս հարյուր տարի ապրեց Պարսից հովանու տակ: Սակայն, ցավոք սրտի, ստիպված ենք ասել,որ շուտով կմեռնեն ոչ միայն այդ մելիքություններն իրենց բոլոր իրավունքներով, այլև մելիքապատկան և վանքապատկան հողերը, որոնք մեր շահ պապերի հրովարտակներով մինչ օրս խնամքով պահպանված են որպես սուրբ ավանդ: Ժամանակը հղի է և շուտով կծնի ինչ որ ասացինք: Առածն ասում է՝ հայի վերջին խելքը: Ուրիշ անգամ ևս ասել ենք՝ հայերն ամենահավատարիմն են այլոց համար, իսկ ամենաանհավատարիմը իրենց համար»:

Սրա մեջ թերևս ճշմարտության նշույլ կա, բայց մեր խելքը դեռ հացի հետ չէինք կերել, որ հավատափոխ լինեինք, ուրիշ բան, որ հայի բախտի մասին հիշեր, քանզի մեր հացի մեջ աղ չկա. ում լավություն ենք անում, վերջում վատություն ենք ստանում: Թեև դա քաղաքական կատեգորիա չէ, հասկանում եմ, բայց ինչ անես, երբ դրան հաջորդող դրվագները ևս դա են ապացուցում:

Բեկնազարյանցի պատասխանն էլ հեռու չէր իրականությունից: Նամակագրին հիշեցնում է, որ Պարսից պետությունը Հայոց և Աղվանքի պետության գոյությամբ էր զորեղ ու հաղթող, բայց երբ Պարսկաստանը սպանեց Հայոց և Աղվանքի բազմադարյա թագավորությունները, ինքը ևս զգաց իր սխալը, քանի որ Հայաստանի ուժի տկարացմամբ տկարացավ նաև Պարսկաստանը: Եթե Փանահին ու նրա որդիներին կարգի հրավիրեին, Շուշին էլ գայթակղությունների թատերաբեմ չդարձնեին, քանզի շատերը, այդ թվում նաև Աբաս Միրզան, Անդրկովկասի գրավման բանալին Շուշին էր համարում: Ուրեմն հանցավոր չեն հայ մելիքները, որ ռուսներին էին հարում:

Աղա-Մահմատին հաջորդած Ֆաթալի շահն Անդրկովկասի բոլոր խաներին ուղարկած իր շրջաբերականով հրամայեց թողնել նախկին բռնպետական ոգին և քաղցրությամբ շահել քրիստոնյաների սիրտը: Իսկ Իբրահիմ ճըռին առանձին խիստ նամակ ուղարկեց. «Ոչ այնքան շահերի անխոհեմ արարքները պատճառ դարձան, որ ղարաբաղցիները սառեն, երես թեքեն պարսից գահից և Ռուսաստանի գիրկն ընկնեն, որքան քո հոր և քո տմարդի վերաբերմունքը»: Առիթն օգտագործելով՝ Բեկնազարյանցը խնդրեց իրեն Ղարաբաղ ուղարկել, բայց ապարդյուն:

Մինչ Մադաթովն իր ղարաբաղյան քաջերով Դաղստանում կհաղթեր, Մեյտի ճըռն էլ Մադաթովի հայրենիքում իր կիսատ մնացած սև գործն ավարտին հասցրեց: Նախ իր խարդախությունների մասին նամակով տեղեկացրեց Աբաս-Միրզային: Վերջինս իր հավատարիմ մարդկանցով գաղտնի խորհուրդ ստեղծեց և կեղծ փաստաթղթերով Ղարաբաղի որոշ հողատարածքներ բաժանեց իր հավատարիմ մարդկանց, որոնք էլ ապագայում թև ու թիկունք պիտի լինեին իր խանությանը: Այդ կեղծիքը վավերացնում է Իբրահիմ և Մեյտի Ղուլի խաների անձնական «աղա» կամ «բեկ» տիտղոսներով: Անգամ հին թղթեր են օգտագործել` թվականները հարմարեցնելով Իբրահիմ խանի (Մեյտի խանի հոր) կենդանության զանազան տարեթվերի հետ, որպեսզի դրանց շինծու լինելն աննկատ մնա ռուս պաշտոնյաների աչքից: Իսկ եթե նկատվեր, հոգ չէ, գաղտնի խորհուրդն այդ մասին էլ էր հոգացել. դատն ամեն կերպ շահել դրամով:

Կեղծիքը երկար կյանք չունեցավ, որովհետև Բեկնազարյանցն այդ մասին իմացավ, մելիքներն էլ բողոքեցին Անդրկովկասի կառավարիչ գեներալ Երմոլովին, որի հրավերով Մեյտի ճըռն անմիջապես Թփղիս շտապեց:

«Մադաթովի ներկայությամբ Երմոլովն ինձ հայտնեց, որ ես քաղաքական հանցագործ եմ, որովհետև կեղծ թալղաներով Ղարաբաղի վանքապատկան և մելիքապատկան հողերը ծածուկ ուզածիս պես բաժանել եմ: Ես էլ խոստովանեցի, որ բացի Աղդամից, ոչինչ չունեմ: Երմոլովը գոռաց. «Քանի որ այս բոլոր հանցանքներն անհերքելի փաստերով հաստատված են քեզ վրա, ուրիշ ոչ մի միջոցով չես կարող ազատվել պատժից, եթե ձեռ չքաշես քո խանությունից և չհեռանաս Ղարաբաղից, որովհետև դու քրեական և քաղաքական հանցագործ ես»,- խոստովանում է Մեյտի ճըռը Աբաս Միրզային ուղարկված նամակում:

Շատերին էր թվում, թե Մեյտի ճըռի վերջն եկել է, քանզի Մադաթովն էլ իր հերթին նրան Սիբիր աքսորելու, խանությունը ջնջելու սպառնալիք է ներկայացնում: Մադաթովին առաջարկվեց Վարանդում իր հավանած 15 գյուղերն իրենց բնակիչներով որպես ընծա ընդունել: Գործարքը չկայացավ ոչ այն պատճառով, որ Մադաթովի սրտով չէր, այլ որովհետև գեներալ Կուտուզովն այդ մասին իմացավ ու նույնչափ պարգև էլ ինքը պահանջեց: Թեև այլ դավեր էլ ի հայտ եկան: Արդեն դժոխքի ճամփեն վեր ու վար անող Մեյտին կրկին խորամանկեց. «Ես իմ կամքով հօգուտ Ռուսաստանի թողնում եմ իմ խանությունը և երդվում ոչնչացնել իմ մտերիմներին նվիրած բոլոր շինծու թալղարները, միայն թե ազատեք ինձ ու իմ ընկերների կյանքը»:

Ռուս պաշտոնյաները, չհավատալով նրա հորինած հեքիաթին, նրան երեք ժամ ժամանակ տվեցին Ղարաբաղից հեռանալու համար: Եվ ճըռը Սիբիր գնալու փոխարեն Երևան փախավ: Սակայն հասցրեց իր հավատարիների մոտ թողնել 1000 ոսկի՝ խոստանալով այդ չարաբաստիկ խորհրդի 5 անդամներից յուրաքանչյուրին ևս 600-ը գումարել, եթե գործը գլուխ բերեն, կեղծիքն իրական դարձնեն: Իզուր չեն ասում, որ փողը մութ տեղն էլ լույս է տալիս:

Գեներալ Երմոլովի հրամանով Շուշիում ստեղծված այդ վայ-խորհուրդն ընտրեց կեղծիքի ճանապարհը, հայ ժողովրդից խլեց իր հազարամյա իրավունքն ու վավերացրեց Մեյտի ճըռի ընդամենը մի քանի ամսվա կեղծ իրավունքները:

Ուզում ես հասկանալ՝ որտեղ է թաքնված շան գլուխը, այդ հինգ հոգու գրպանո՞ւմ, թե՞ ավելի վերև` կայսեր պալատում: Փաստ է, որ Պարսկաստանից Ղարաբաղ փախած և ռուսների դեմ հավերժ կռվող այդ ճըռերը հենց ռուսի ձեռամբ տեր դարձան մեր հայրենիքին, այն էլ մեր կողմից նրանց պարգևած փայլուն հաղթանակից հետո: Դա էր մեր հավատարմության գինը:

Ռուսներն էլ 1813-1823 թթ., պարսից արտաքին քաղաքական ձևերից և կեղծ հարաբերություններից խաբված, կարծում էին, թե իրենց և պարսիկների միջև խաղաղությունը հաստատված է Գյուլիստանի պայմանագրով, սակայն Պարսկաստանը միանգամայն հակառակ կարծիքի էր: Սա է պատմագրի համոզմունքը, որին հանգել է՝ ելնելով իր տասնամյա փորձից:

Այս գլխապտույտ հաջողությունից ուշքի եկած Ֆաթալի շահը մի քանի խիստ որոշում ընդունեց Ռուսաստանի դեմ, ըստ որոնց` արտաքնապես սերտ պահել Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ ներքուստ խզել՝ գաղտնի գրգռելով Անդրկովկասի և Կովկասի բոլորը մահմեդական ցեղերին, նրանց տրամադրելով Ռուսաստնի դեմ և ամեն կերպ գրավել հայ մելիքների ու քաջերի սրտերը, որոնք արդեն սառել են ռուսներից, գաղտնի հարձակվել ռուսների վրա, և այլն: Իսկ Մեյտին, երբ իմացավ,որ իր կեղծիքը հաղթեց, Երմոլովն էլ ազատվեց, իր բոլոր մեղքերը բարդելով նրա, Մադաթովի և Կուտուզովի վրա՝ հրեշտակի թևերով Շուշի վերադարձավ: Ահա դժվար չէ հասկանալ, որ Մադաթովը որքան օգտակար եղավ Ռուսաստանին, նույնքան էլ՝ վնասակար Հայաստանին:

Իսկ 1827-ին կնքված Թուրքմենչայի պայմանագրով Պարսկաստանը Ռուսաստանին պատերազմական մեծ տուգանք վճարեց: Նրան թողեց ոչ միայն Անդրկովկասը, այլև Արարատյան նահանգը՝ սահման որոշելով Երասխ գետը: Եթե Գյուլիստանի պայմանագրի լռության ներքո Ղարաբաղը բնակեցվեց թուրք քոչվորներով, ապա 1921-ին արդեն «բարեկամության քողի» տակ մեր հայրենիքի մի հատվածը ռուսի ձեռքով նվիրվեց նրանց: Պատմությունը կրկնվեց նաև 1991-ին և 1992-ին, երբ հայաթափվեցին Գետաշենն ու Մարտունաշենը, այնուհետև Շահումյանը: Ի՞նչ է սա, եթե ոչ հայի բախտ...

Երբ 1828 թ. սեպտեմբերին Գանձասարի եպիսկոպոս Հասան Ջալալյանից Բեկնազարյանցը նամակ ստացավ, արդեն վատառողջ էր: Նամակում խնդրանք կար նամակագրի միջոցով հայտնել Գանձասարից տեղափոխված ձեռագրերի երեք թաքստոցների տեղերը: Իմացողներն արդեն կենդանի չէին: Միակ հույսը Բեկնազարյանցն էր մնացել, որը, թեև ոչ ստույգ, գոնե մոտավոր գիտեր, որ մեկը Գանձասարի և Խոթավանքի միջև գտնվող մի քարայրում է, որի մուտքը փակված էր քարակիր պատերով, երկրորդը` Ջրաբերդի մելիքարանի տակ, իսկ երրորդը Գյուլիստանի Հոռեկա վանքի մոտ (հիմա այդ վանքը Թալիշում է գտնվում):

Ցավալի լուրն անչափ վշտացրեց ծերունուն, որ հոկտեմբերին մահացավ: Մարմինն ամփոփվեց Թավրիզի Հայոց եկեղեցու գավիթում: Բայց մինչ այդ հասցնում է որդուն հանձնել ողջ կյանքը մեջքին կապկպած «Գաղտնիք Ղարաբաղի» գրքի խունացած, տեղ-տեղ տառերը ջնջված ձեռագիրը, այլ նամակներ, փաստեր: Հանձնում է պատվիրելով. «Չկորցնես, ինչպես կորած են Ղարաբաղի շատ ձեռագիր պատմությունները, շտապ տպագրության էլ չտաս, որ քո կյանքը վտանգի չենթարկես: Ապրիր քո հայրենի երկրում, ինձնից կենդանի օրինակ առնելով` սիրիր քո հայրենիքը, եկեղեցին, դավանանքը, լեզուն»:

Եվ 39-ամյա դեգերումներից հետո տարեց Ապրեսը հարազատ Խնածախ վերադարձավ: Առաջինը գերեզմանատուն այցելեց: Դժվարությամբ գտավ մոր և եղբայրների շիրիմները: Մի կուշտ լաց եղավ, նոր միայն տուն վերադարձավ: Ու էլի տխրեց: Իրենց բակում չգտավ կենաց ծառը, որ Ղարաբաղում տանձենին էր համարվում: Խնածախում ապրող թուրքերը 3 օր առաջ էին այն կտրել: «Մեր ազգատոհմի հիշատակությունը գոնե այս ծառով պիտի կենդանի մնար Խնածախի հասարակության մեջ, ահա այդ ևս մեռավ, շուտով ես էլ կմեռնեմ»:

Հինգ տարի անց տպագրվեց «Գաղտնիք Ղարաբաղի» գիրքը` ժամանակի դավերի ու ցավերի, խարդավանքների խոսուն վկան՝ կենդանի պահելով հոր և որդու փառավոր հիշատակը:

Ե. Ա





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: