Հայերեն   English   Русский  

​Ճկունության կորո՞ւստ, թե՞ ծերացում


  
դիտումներ: 1719

Երեխան, որ դեռ քայլել չի կարողանում, չորեքթաթ է շարժվում, ապա կանգնում է ոտքերի վրա, իսկ մեծ տարիքում ձեռնափայտի օգնությամբ է առաջ գնում: Ժամանակակից մարդը համակերպվել է այն մտքի հետ, որ 30-ից հետո կորցնում է ֆիզիկական ակտիվությունն ու մարմնի ճկունությունը: Ի՞նչն է այդ փոփոխությունների պատճառը, հնարավո՞ր է վերացնել ծերության ու ճկունության կորստի հավասարման նշանը:

Երեխան, որ դեռ քայլել չի կարողանում, չորեքթաթ է շարժվում, ապա կանգնում է ոտքերի վրա, իսկ մեծ տարիքում ձեռնափայտի օգնությամբ է առաջ գնում: Ժամանակակից մարդը համակերպվել է այն մտքի հետ, որ 30-ից հետո կորցնում է ֆիզիկական ակտիվությունն ու մարմնի ճկունությունը: Ի՞նչն է այդ փոփոխությունների պատճառը, հնարավո՞ր է վերացնել ծերության ու ճկունության կորստի հավասարման նշանը:

Դեռ անցած դարում մասնագետները մշակել են սոմատիկ տեսություն, որի համաձայն՝ այն սթրեսները, տհաճությունները, հուզումները, որ վիճակվել է ապրել մեզ մանկությունից սկսած, արտացոլվում են մեր վիճակի վրա, ազդեցություն թողնում ոչ միայն հոգեկանի, այլև մկանների ու հոդերի վրա, որոնք ակամա կամ ռեֆլեքսային կրճատումներով են արձագանքում դրանց: Ու վատն այն է, որ ցանկությամբ դրանց վիճակի վրա ազդել անհնար է: Հետևանքը լինում է այն, որ 30 տարեկանում, երբեմն էլ ավելի վաղ, մարդն արդեն կարծես մոռանում է՝ ինչ ասել է ազատ տեղաշարժ: Այդ փոփոխություններն անգամ հատուկ տերմին են ստացել՝ սենսորամոտորային ամնեզիա, որն էլ ծերացման կեղծ զգացում է առաջացնում: Տվյալ հիվանդության հիմնական ախտանշաններից մեկն էլ մկանների ու ջլերի առաձգականության կորուստն է, ողնաշարի ծռումը, քրոնիկ հոդացավն ու կաղությունը:

Ցավոք, ճկունության կորուստն արտահայտվում է ոչ միայն արտաքինում: Ավելի լուրջ հետևանքներից են արյան շրջանառության, նյութափոխանակության խանգարումները, որոնք տարատեսակ հիվանդությունների զարգացման պատճառ են դառնում: Մասնագետների կարծիքով՝ կանոնավոր մարզումներով հնարավոր է հաղթահարել կեղծ ծերացման զգացումն ու երկար ժամանակ պահպանել ֆիզիկական ու մտավոր ակտիվությունը:

Ցավոք, ժամանակակից մարդն այնքան է հոգնում, որ մեկ հարկն անգամ չի կամենում բարձրանալ առանց վերելակի: Մինչդեռ հենց դա է սրում մեր վիճակը, սահմանափակում ֆիզիկական ակտիվությունը: Իսկ ամենացավալին այն է, որ մեր երեխաներն այդ վիճակը նորմ են ընդունում ու հետագայում կրկնում՝ հավատացնելով իրենց ու վստահեցնելով ուրիշներին, թե մեր ծնողներն էլ են այդ խնդիրներն ունեցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: