Հայերեն   English   Русский  

​Ալբերտ Ամիրջանյան. «Օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկություն ունեմ»


  
դիտումներ: 2360

Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ամիրջանյանը մարտի 10-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում կայացած «Mix Fight» հեղինակավոր մրցաշարում հերթական հաղթանակը տոնեց. պրոֆեսիոնալ մենամարտում հայ մարզիկը հաղթեց մարոկկացի Սուֆիան Բեն Զերուկին:

«Անկախի» հետ զրույցում Ալբերտ Ամիրջանյանը պատմում է մենամարտի, մարզաձևի ընտրության, օլիմպիական խաղերում հանդես գալու ցանկության, սպորտում դժվարությունները հաղթահարելու և հաջողության հասնելու մասին:

- Շնորհավորում ենք Ձեզ հերթական հաղթանակի առթիվ: Այս նվաճումը Ձեզ հնարավորություն ընձեռե՞ց մասնակցելու աշխարհահռչակ «Golden Glory» պրոֆեսիոնալ մարտերին:

- Շնորհակալ եմ: Նշեմ, որ յուրաքանչյուր հաղթանակ ինձ համար անչափ կարևոր է և պարտավորեցնող, քանի որ երկարուձիգ ամիսների քրտաջան աշխատանքի արդյունք է:

Յուրաքանչյուր մենամարտի պատրաստվում եմ ամենայն պատասխանատվությամբ, ուստի և հաղթելու մեծ ցանկությամբ: «Mix Fight» մրցաշարից առաջ օրական երկու անգամ հագեցած մարզումներ եմ անցկացրել մարզադահլիճում: Ամենօրյա պարապմունքներն իրենց դրական արդյունքը տվեցին: Վալենսիայում ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված: Մարոկկացի մրցակիցս բավական ուժեղ էր, սակայն մենամարտն անցավ այնպես, ինչպես նախատեսել էինք: Գոհ եմ ելույթիցս և տպավորված: Կարողացա ինձ ճիշտ դրսևորել և իմ առջև դրված խնդիրն իրականացնել:

Այս հաղթանակն ինձ ավելի ճանաչելի դարձրեց Եվրոպայում: Հետագա հաջող ելույթների դեպքում հնարավորություն կստանամ հանդես գալու «Golden Glory»-ում:

- Մուայթայի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված: Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել այս բարդ և դժվար մարզաձևով:

- 18 տարեկանից եմ սկսել զբաղվել մուայթայով, ավելի հասուն տարիքում որոշում կայացրի: Մարզական կարիերաս սկսել եմ Մոսկվայում` հաջողությունների հասնելով ՌԴ հավաքականի կազմում: Շատ ուժեղ մարզաձև է մուայթայը, այն կոփում է թե՛ ֆիզիկապե,ս թե՛ հոգեպես` դարձնելով մարդուն կարգապահ, նպատակասլաց, դժվարությունների առաջ կանգ չառնող: Այս ամենն ինձ գրավեց, և սկսեցի լրջորեն մարզվել:

- Ի՞նչ է պետք սպորտում հաջողության հասնելու համար: Ի՞նչ է տվել Ձեզ սպորտը:

- Հաջողության հասնելու համար միայն բուռն ցանկությունը բավարար չէ. հարկավոր է կարգապահություն, համբերատարություն, նվիրում, մեծ ծավալի աշխատանք, հետաքրքրություններից և հաճույքներից հրաժարվելու կարողություն:

Յուրաքանչյուր մանրուքի վրա պետք է ուշադրություն դարձնել` սահմանափակումներ մտցնելով սննդի օգտագործման մեջ, ապրելակերպում, սովորություններում: Մարզիկը երբեք չպետք է իր հույսը դնի հաջողության կամ բախտի վրա: Երկրպագուները հետևում են մենամարտերին, ականատես լինում հաղթանակներին, ուրախանում և շնորհավորում, բայց նրանք չեն կարող պատկերացնել, թե հաղթանակն ինչ դժվարությունների ու զրկանքների գնով է լինում: Չնայած այս ամենին` հաղթանակի բերկրանքը ոչնչի հետ չեմ փոխի:

Նշեմ նաև, որ մարզչի դերն անչափ կարևոր է մարզիկի հաջողության հասնելու առումով: Պետք է ժամանակին կատարել մարզչի բոլոր հանձնարարությունները, լսել խորհուրդները մարզումների և մենամարտերի ժամանակ: Մարզիչը միևնույն ժամանակ և՛ ընկեր է, և՛ խորհրդատու, և՛ հարազատ:

- Նշեցիք, որ սպորտը մեծ նվիրում է պահանջում: Եղե՞լ են պահեր, երբ մտածել եք այլ ճանապարհ ընտրելու մասին:

- Չնայած այս ամենին` երբեք չեմ մտածել սպորտը թողնելու և այլ բնագավառ մտնելու մասին: Ինձ դուր է գալիս այս ամենը, այս մթնոլորտը, անընդհատ տեղափոխություններն ու բազմաթիվ երկրները, որտեղ լինում եմ: Այս ամենն ինձ օգնում է շարունակ զարգանալ, ինքնակրթվել տարբեր ուղղություններով: Սպորտն ինձ այս կյանքում տվել է ամեն ինչ. իսկական ընկերներ եմ ձեռք բերել կյանքի բոլոր փուլերի և իրավիճակների համար: Երբ ունենում եմ ազատ ժամանակ, նախընտրում եմ ընկերներիս հետ անցկացնել, ֆիլմեր դիտել ու ֆուտբոլ խաղալ:

- 2017 թվականից հանդես եք գալիս Հայաստանի դրոշի ներքո: Զգացողություններն ինչպիսի՞ն են, երբ ներկայացնում եք հայոց եռագույնը:

- Մեծ պատիվ է ինձ համար հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և պատվով ներկայացնել մեր երկիրը միջազգային ասպարեզում: Հայաստանի մուայթայի ֆեդերացիան ակտիվ աշխատանքներ է իրականացնում մարզաձևը մեր երկրում տարածելու և զարգացնելու ուղղությամբ:

Ապրելով Ռուսաստանում` մշտական կապի մեջ եմ հավաքականի մարզիչների ու մարզիկների հետ: Հիանալի հարաբերություններ ունեմ նրանց հետ: Միմյանց աջակցում ենք մրցաշարերի ժամանակ, օգնում խորհուրդներով, կիսվում փորձով և ոգևորում: Նշեմ, որ ինձ համար ավելի հեշտ է հանդես գալ մրցումներում հավաքականի հետ, քան միայնակ: Երբ զգում եմ, որ կողքիս աջակիցների մեծ բանակ կա, ավելի եմ ոգևորվում: Տարվա մեջ մեկ-երկու անգամ պարտադիր գալիս եմ Հայաստան: Ամեն անգամ մի քանի օրով լինում եմ նաև Արցախում:

- ՄՕԿ-ն արևելյան մուայթայ մարտարվեստն ընդգրկել է օլիմպիական ընտանիք: Օլիմպիական խաղերում հանդես գալու ցանկություն ունե՞ք:

- Մուայթայն օր -րի ավելի մասսայական է դառնում ամբողջ աշխարհում: Մարզաձևով զբաղվողների թիվը զգալիորեն ավելացել է վերջին շրջանում: Այդ պատճառով էլ մուայթայը Միջազգային օլիմպիական կոմիտեն ընդգրկեց օլիմպիական խաղերի ծրագրում: Տոկիո-2020-ում կլինեն ցուցադրական ելույթներ կամ մրցումներ: Դեռևս պարզ չէ, թե ինչ ընթացակարգով, որ քաշային կարգերում կընթանա մեդալների համար պայքարը: Օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկություն ունեմ: Եթե հանդես գամ Տոկիոյում, ամեն ինչ կանեմ ինձ ընձեռված հնարավորությունն օգտագործելու, մրցանակային տեղ զբաղեցնելու և բարձրագույն նվաճման հասնելու համար:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: