Հայերեն   English   Русский  

​ԼԻՍԲՈՆԻ ՔԱՋԵՐԸ


  
դիտումներ: 6160

«Ես հպարտ եմ, որ առանց գիտնալու հերոս մը մեծցուցի, բայց կը ցավիմ, որ շատ զավակներ չեմ ունեցած՝ ուրիշ զինվորներ ալ տրամադրելու համար իմ ազգիս:

Հեղինե Քրջլյան՝ Արա Քրջլյանի մայրը

Ահաբեկչությունը միջազգային հանրությունը դատապարտելի երևույթ է համարում: Սակայն երբ այն կատարվում է ազգային ազատագրական պայքարի բովում և ուղղված է ոչ թե անմեղ մարդկանց, այլ որոշակի թիրախի, շատերը վարանում են ահաբեկչություն որակել՝ ավելի շատ վերագրելով վրիժառության:

Վաչե Տաղլյան, Սեդրակ Աճեմյան, Սիմոն Յահնիյան, Արա Քրջլյան, Սարգիս Աբրահամյան: Հինգ երիտասարդներ, որոնք համաշխարհային հանրության համար հավերժ կմնան ահաբեկիչներ: Բայց այս հինգ երիտասարդների անունները միլիոնավոր հայերի սրտերում կմնան որպես Պատվի, Արժանապատվության, Վրեժի, Պայքարի խորհրդանիշներ: Իսկ նրանց շիրիմները շատերի համար ուխտատեղի կմնան:

1983 թվականի հուլիսի 27-ին համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը սևեռվեց Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի վրա: Այս հինգ երիտասարդները, որ Հայ հեղափոխական բանակի անդամներ էին, հարձակվեցին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղակայված Թուրքիայի դեսպանատան վրա: Նրանց նպատակը համաշխարհային հանրության ուշադրությունը Հայ դատի վրա սևեռելն էր և հայոց պահանջատիրությունը միջազգային դիվանագիտության հարթակ տեղափոխելը:

Եվրոպական մայրաքաղաքի սրտում գրավել թուրքական դեսպանատան շենքը ամենևին հեշտ գործ չէր:

Մինչ բուն գործողությունը, հայ վրիժառուները ուսումնասիրել էին դեսպանատան ելումուտը, հետախուզել ամեն բան, հաշվարկել ամեն մի մանրուք: Հետախուզման նպատակով երիտասարդներից երկուսը մեքենայով մոտեցել էին դեսպանատան պահակակետին, մուտքի արտոնագիր ստանալու պատրվակով փորձել թափանցել ներս: Եվ երբ նրանց արգելել էին, նրանք վիճել էին աշխատակիցների հետ, բայց և արագ հեռացել:

Դեսպանատան անվտանգության աշխատակիցները, կասկածելով ծրագրվող ելույթի մասին, Պորտուգալիայի իշխանություններին խնդրում են ուժեղացնել դեսպանատան անվտանգությունը, և իշխանությունները դեսպանատան անվտանգության աշխատակիցների կազմը համալրում են նոր անդամներով:

Հայ հեղափոխական բանակի անդամները ծրագրել էին գրավել դեսպանատան շենքը և պատանդ վերցնել դեսպանին: Այդ նպատակով հուլիսի 27-ի առավոտյան ուժանակներով (պայթուցիկ) բեռնված երկու մեքենաներով մոտեցան դեսպանատանը:

Անվտանգության աշխատակիցներն աչալուրջ էին և դիմադրում են: Դեսպանատան տարածք մուտք գործելիս փոխհրաձգության մեջ զոհվում է Սիմոն Յահնիյանը:

Տեսնելով, որ նախագծած պլանը տապալվում է, հայ վրիժառուները փոխում են գործողությունների ընթացքը: Բուն դեսպանատան շենք ներխուժելու փոխարեն գրավում են դեսպանատան շենքին հարակից դեսպանի նստավայրը, որտեղ պատանդ են վերցնում դեսպանի կնոջը և զավակին: Պատանդների սենյակը պատում են ուժանակներով և սպառնում պայթեցնել շենքը, եթե ոստիկանությունը գրոհի այն:

Պորտուգալիայի կառավարության արտակարգ նիստ է գումարվում, որի ժամանակ երկրի վարչապետը կարգադրում է գրոհել դեսպանատան շենքը: Ի դեպ, գրոհն առաջին անգամ պետք է իրականացներ Պորտուգալիայում նոր ձևավորված ոստիկանական հատուկ ստորաբաժանումը:

Արհեստավարժներից կազմված այդ ստորաբաժանումը հատուկ վարժված էր ահաբեկչության դեմ պայքարի համար: Եվ ոստիկաններին հաջողվում է շենք ներխուժել: Հայ վրիժառուները բաց են թողնում պատանդներին, սակայն անձնատուր չեն լինում: Պայթեցնում են թե՛ իրենց, թե՛ շենքը:

Նրանք գիտեին իրենց վախճանը: Գիտեին ու նախապես ծրագրել էին ամեն բան: 19-21 տարեկան այս հինգ երիտասարդներն իրենց նահատակությամբ կենսակերպ ու գոյության բանաձև ավանդեցին հետագա սերունդներին:

«Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետև հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ այս գործողությամբ: Հիմա մեր ապրած կյանքը իսկապես որ կյանքե զատ՝ ամեն ինչի կը նմանի: Կ՚ապրինք ուրիշին տիրապետության տակ, ուրիշին խամաճիկներն ենք»,- գրոհից առաջ գրել էր Սիմոն Յահնիյանը:

Հաջորդ օրը թե՛ Պորտուգալիայի մամուլում, թե՛ համաշխարհային լրատվամիջոցներում տարածվեց հինգ անձնազոհների կոչը մարդկությանը.

«Իմացեք` մենք ինչ ենք անում։ Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել։ Մենք ամեն ինչ կորցրել ենք և այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ փլատակների տակ։ Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին։ Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ. ոչինչ։ Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժողովրդի իրավունքները։ Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը։ Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է։ Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»։

Հերոսների մարմիններն ամփոփվեցին Բեյրութի հայկական գերեզմանատանը:

Լիսաբոնի հերոսների օրինակը ոգևորիչ էր: Նրանք հայության համար անձնազոհության ու հերոսության օրինակ դարձան:

Որդու հուղարկավորության ժամանակ Արա Քրջլյանի մայրը՝ Հեղինեն, ասաց. «Ես հպարտ եմ, որ առանց գիտնալու հերոս մը մեծցուցի, բայց կը ցավիմ, որ շատ զավակներ չեմ ունեցած՝ ուրիշ զինվորներ ալ տրամադրելու համար իմ ազգիս»:

Իսկ Սեդրակ Աճեմյանի կոչը ամեն հայի համար հնչում է որպես կենաց բանաձև.

«Մենք առաջինները չենք, որ կը քալենք, մեզմե առաջ շատեր քալած են և կը հուսամ, որ մեզմե ավելի լավերն ալ պիտի գան, մեզմե ավելի գործեր պիտի ընեն»։

Հայ երգահան Գուսան Հայկազունը 2013 թվականին Լիսաբոնի հերոսների հիշատակին գրեց իր «Լիսբոնի քաջեր» երգը, որ այսօր արդեն դարձել է հայության ամենասիրելի կատարումներից մեկը:

Լիսբոնի պայթյունը ցնցեց ողջ աշխարհին

Ու ցույց տվեց վայրագ թուրքերին.

Թեկուզ հազար տարի էլ անցնի՝

Հասնելու է հայը իր նպատակին:

Ձեր մահը իզուր չէր, այլ կոչ էր ու պատգամ,

Կոչ էր՝ ուղղված մեր սերունդներին.

Բոլորս պիտ ապրենք ձեզ նման,

Արդարության ճամփին ընկած մարտիկներ:

Դեռ պատասխան կտա մեզ Թուրքիան ցեղասպան,

Կավարտվի Հայ դատը հաղթական,

Ողջ հայերը կվերադառնան

Դեպ Անկախ, Միացյալ, Հզոր Հայաստան:

Կրկներգ.

Ձեր հոգուն մատաղ, Լիսբոնի քաջեր,

Փառք ձեզ, քաջ Արա, Սիմոն ու Սագո, Վաչե ու Սեդրակ:

Մերն է լինելու անգամ Կիլիկիան,

Քանի ձեզ նման քաջ տղերքը կան…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: