Հայերեն   English   Русский  

ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆ. Հայ բոլշևիկյան շարժման ամենակարկառուն ներկայացուցիչը


  
դիտումներ: 6369

Ալեքսանդր Մանթաշյանցի կենսագիրները նշում են, որ մեծահարուստ բարերարն անձամբ առաջարկել է Շահումյանին ամուսնանալ իր դստեր հետ` խոստանալով փող, հարստություն, ինչպես նաև Բաքվի նավթահանքերի կառավարումը: Շահումյանը մերժել է գրավիչ առաջարկը, քանզի նրա սիրտն արդեն նվաճված էր:

Ստեփան Շահումյանի կերպարը հակասական է ու շղարշով ծածկված: Ոմանք նրան համարում են XX դարասկզբի մեծագույն գործիչ, ոմանք` դավաճան և ապազգային...

Ստեփան Շահումյանը ծնվել է 1878 թ. հոկտեմբերի 13-ին Թիֆլիսում:

Պատանեկության տարիներից սեր ունենալով գիտության հանդեպ` նա սովորեց քիմիա, ճարտարագիտություն, հետագայում նաև` գրականություն և փիլիսոփայություն:

1889-1898 թթ. Շահումյանը սովորել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանում, որտեղ առաջին անգամ հաղորդակից է դառնում հեղափոխական գաղափարներին և կատարում առաջին հեղափոխական քայլերը: 1898 թ. նա մտնում է ՌՍԴԲԿ շարքերը, իսկ 1899 թ. Ջալալօղլիում (այժմ` Ստեփանավան) հիմնում է Հայաստանում առաջին մարքսիստական խմբակը` «Սպարտակը»: Մի տարի անց, Բոգդան Կնունյանցի հետ հիմնում է Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը: Նա ակտիվ կազմակերպչական աշխատանքներ տարավ 1903-1905 թթ. Ալավերդու բանվորական ելույթների և 1903 թ. Հաղբատի գյուղացիների զինված ելույթների նախապատրաստման գործում: Աջակցեց Հաղբատի կոմբջիջի աշխատանքներին: Շահումյանի ուսուցիչներն էին նշանավոր հեղափոխականներ Դեդուշկան (Մելիք Մելիքյան), Բանվոր Խեչոն (Ասատուր Կախոյան) այլք:

Ուսումնարանն ավարտելուց հետո` 1898-1902 թթ. նա սովորում է Ռիգայի ճարտարագիտական համալսարանում: 1902-1905 թթ. նա փիլիսոփայություն է ուսանել Բեռլինի համալսարանում, 1911 թ. էքստեռն կարգով ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:

Այնքան մեծ էր Ստեփան Շահումյանի հեղինակությունն ու ազդեցությունը, որ ժամանակակիցները նրան կոչում էին «Կովկասի Լենին»: Առհասարակ նա ոչ միայն մարտիկ-հեղափոխական էր, այլև մարքսիզմի տեսաբան: Նա խմբագրեց «Նոր խոսք» «Սոցիալ-դեմոկրատ», «Պրոլետարիատ», «Կայծ» թերթերը, բազում հոդվածների և հրապարակումների հեղինակ էր: Հայերեն է թարգմանել Մարքսի, Էնգելսի, Լենինի աշխատությունները:

Ստեփան Շահումյանը հայ մեծանուն բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի հոգեզավակն էր: Մանթաշյանցն էր հովանավորում և ֆինանսավորում Շահումյանի ուսման ծախսերը: Մանթաշյանցի կրտսեր դուստրը սիրահարվել էր Շահումյանին: Ալեքսանդր Մանթաշյանցի կենսագիրները նշում են, որ մեծահարուստ բարերարն անձամբ առաջարկել է Շահումյանին ամուսնանալ իր դստեր հետ` խոստանալով փող, հարստություն, ինչպես նաև Բաքվի նավթահանքերի կառավարումը: Շահումյանը մերժել է գրավիչ առաջարկը, քանզի նրա սիրտն արդեն նվաճված էր…

1917 փետրվարյան հեղափոխությունից հետո, երբ Ռուսաստանում տապալվեց ցարական կարգը, հսկայածավալ կայսրության ողջ տարածքում քաոս սկսվեց: Գավառներում տեղական իշխանությունը կազմակերպելու նպատակով ստեղծվեցին կոլեգիալ մարմիններ: Մասնավորապես, 1917 թ. հոկտեմբերին Թիֆլիսում մենշևիկների, էսէռների, մուսավաթականների և դաշնակցականների համատեղ ջանքերով ստեղծվեց Հասարակական անվտանգության անդրկովկասյան կոմիտեն:

Սակայն այս մարմինը սոսկ ձևական բնույթ ունեցավ, և նրա իշխանությունը Անդրկովկասի վրա այդպես էլ չտարածվեց:

Այլ իրադրություն էր Բաքվում: Բաքուն այդ տարիներին, ինչպես և Օդեսան թերևս ամենաբազմազգ քաղաքներից էր կայսրության տարածքում: Այնտեղ էր կենտրոնացած Անդրկովկասի բանվորական ուժի մեծ մասը: Քաղաքական առումով էլ Բաքվում խառնաշփոթ էր. բանվոր դասակարգը, բնականաբար, համակրում էր բոլշևիկյան կուսակցությանը: Սակայն հայ հոծ բնակչության հաշվին ուժեղ էին նաև ՀՅԴ-ն, ինչպես նաև` տեղական թաթարների կողմից մեծ աջակցություն ստացող մուսավաթականները:

Իշխանության համար պայքարում, սակայն, ուժեղ գտնվեցին բոլշևիկները և 1917 թ. հոկտեմբերի 31-ին գումարված բանվորների և զինվորների պատգամավորների խորհրդի ընդլայնված կոնֆերանսը հայտարարեց քաղաքում իշխանությունն իր ձեռքը վերցնելու մասին: Ձևավորվեց Բաքվի խորհուրդը, որի գործկոմի նախագահ ընտրվեց Ստեփան Շահումյանը: Գործկոմի կազմում ընտրվեցին նաև Պ. Ջափարիձեն, Ի. Ֆիոլետովը, Մ. Բասինը, Ս. էֆենդիևը, Ի. Վացեկը, ձախ էսեռ Մ. Վեզիրովը և ուրիշներ։ Իսկ 1917 թվականի դեկտեմբերին ՌՍՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը Ստ. Շահումյանին նշանակեց Կովկասի գործերի արտակարգ և լիազոր կոմիսար:

Առհասարակ, կոմունայի մեջ մեծ թիվ էին կազմում հայ բոլշևիկները: Հետագայում գնդակահարված 26 կոմիսարներից ութը ազգությամբ հայ էին:

Բաքվի կոմունան սկզբից ևեթ հայտարարեց, որ պաշտպանում է բոլշևիկյան Ռուսաստանի շահերը երկրամասում: Սակայն նույն ժամանակահատվածում Թիֆլիսում այլ զարգացումներ էին ընթանում: 1917 թ. նոյեմբերի 15-ին Թիֆլիսում կազմավորվեց Անդրկովկասյան կոմիսարիատը: Նրա մեջ մտած հիմնական ուժերը, սակայն, տարբեր շահեր ու նպատակներ էին հետապնդում: Վրաց մենշևիկները, հույսը դնելով գերմանա-թուրքական աջակցության վրա, ձգտում էին Անդրկովկասի տարանջատմանը Ռուսաստանից: Դրան դեմ չէին նաև մուսավաթականները, որովհետև այդ միջոցով թուրքական զորքերը հնարավորություն կունենային ճեղքելու կազմալուծված Հայկական ճակատն ու արշավել Բաքու, որի արդյունքում մուսավաթականները այնտեղ կտապալեին Կոմունան և կվերցնեին իշխանությունը:

ՀՅԴ-ն դեմ էր Անդրկովկասի` Ռուսաստանից անջատվելուն: Դա առավել կմեկուսացներ հայությանը և նրան կթողներ անպաշտպան թուրքական ներխուժման դեմ: Այս առումով դաշնակցությունը սերտ համագործակցում էր Բաքվի կոմունայի և Ստեփան Շահումյանի հետ, մանավանդ որ վերջինս հանդես էր գալիս հակաթուրքական միասնական ճակատ կազմելու առաջարկությամբ: Այդ ժամանակաշրջանում Ստեփան Շահումյանն անգամ առաջարկեց Անդրկովկասի վարչական բաժանման տարբերակ, ըստ որի` Անդրկովկասի հայաբնակ տարածքները պետք է մաս կազմեին Արևելյան Անդրկովկաս կոչվող երկրամասի` Երևան կենտրոնով: Արևմտյան Հայաստանի ճակատագիրը, ըստ Շահումյանի, պետք է վճռվեր համաժողովրդական քվեարկությամբ: Առհասարակ, այդ շրջանում Շահումյանը հանդես էր գալիս ընդգծված հայանպաստ դիրքերից. նրան են պատկանում «բոլշևիկ լինելով հանդերձ` ես հայ եմ» արտահայտությունը:

1917 թ. Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի ընդունած «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որում նշվում էր արևմտահայերի ազգային ինքնորոշման իրավունքը, ընդունվեց նաև Ստեփան Շահումյանի ջանքերով:

Իրերի բերումով 1918 թ. Շահումյանի հետ համագործակցության փորձ արեց նաև Արամ Մանուկյանը` հույս ունենալով նրա միջոցով ռուսական նահանջող զորքերը պահել ռազմաճակատի գծում: Սակայն Շահումյանն այլևս անզոր էր որևէ էական բան փոխելու:

Այսինքն` ՀՅԴ աջակցությունը Ստեփան Շահումյանին և Բաքվի կոմունային էական էր: Հետագայում Շահումյանն իր նամակներում գրեց. «Դաշնակցական կուսակցությունը մեզ պաշտպանում է ամեն բանում»: Իսկ նրա որդին` խորհրդային գեներալ Սուրեն Շահումյանը, ավելի ուշ գրել է. «Դաշնակները գնում էին բոլշևիկների հետ, որովհետև հայ բնակչության համար ավելի հուսալի էին համարում այդ դաշինքը: Չլիներ այդ դաշինքը, թուրքերը և ադրբեջանական մուսավաթականներն ավելի շատ հայեր կկոտորեին, կիրականացվեր նոր ցեղասպանություն»: Հետևաբար, անհիմն են խորհրդային պատմագիրների պնդումները, որոնք փորձում են Կոմունայի տապալման մեջ նաև ՀՅԴ-ի մեղքը որոնել:

Ինչևէ: ՀՅԴ-ն անզոր էր մենակ դիմագրավելու դեպքերի զարգացմանը, և ի վերջո Անդրկովկասը հռչակվեց Ռուսաստանից անկախ հանրապետություն:

Ստեղծված իրադրությունը շտկելու և հակաթուրքական միասնական ճակատ կազմելու ծրագրով Ստ.Շահումյանը գնաց Թիֆլիս: Սակայն նրան գրկաբաց չընդունեցին: Մենշևիկները փորձեցին ձերբակալել Շահումյանին, սակայն նա դաշնակցականների օգնությամբ խույս տվեց և ծպտյալ հեռացավ Բաքու:

Ստեփան Շահումյանի և ՀՅԴ-ի միջև համագործակցությունը շարունակվեց մինչև 1918 թ. մարտի 3-ը, երբ Խորհրդային Ռուսաստանը ստորագրեց Բրեստ-Լիտովսկի դավաճան պայմանագիրը, որով նա ճանաչում էր Թուրքիայի իրավունքները Արևմտյան Հայաստանի վրա: Սա առիթ դարձավ, որ հայ քաղաքական ուժերը սթափվեին և այլևս հույսեր չկապեին Ռուսաստանի հետ:

Մարտի 2-ին մուսավաթականներն իրենց կազմած «վայրի դիվիզիայով» Բաքվում խռովություն են բարձրացնում: Բաքվի կոմունայի շահերը պաշտպանում և փաստորեն կոմունայի իշխանությունը փրկում են դարձյալ հայերը` գեներալ Հակոբ Բագրատունին, որ մինչ այդ Պետրոգրադի պարետն էր, և Հայոց ազգային խորհրդի զորամիավորումները` Հմայակ Սրվանձտյանի, Համազասպի, Սեբաստացի Մուրադի հրամանատարությամբ:

Առհասարակ Բաքվի պաշտպանությունն իր վրա էր վերցրել ՀՅԴ-ն իր մարտունակ խմբերով: Այդ օրերին անգամ Հյուսիսային Կովկասի հայության շրջանում ՀՅԴ-ն զորահավաք էր հայտարարել` Բաքվի կոմունայի փրկության համար: Շահումյանը Ասքանազ Մռավյանին զորահավաքին աջակցելու հրաման էր տվել: Հետագայում Հովհաննես Քաջազնունին իր հուշերում գրեց. «Մեզ վրա հենված` բոլշևիկները խորտակեցին Բաքվում Մուսավաթի ուժը 1918 թ. մարտին»:

Սակայն Ստ. Շահումյանը, վախենալով ՀՅԴ աճող հեղինակությունից, ապրիլի 13-ին հրաման է արձակում հայկական ազգային երկրորդ հետևակային գունդը ցրելու մասին: Նրա հրամանով պետք է գնդի հիման վրա կազմվեին Կարմիր բանակի ստորաբաժանումներ` բոլշևիկ հրամկազմով: Իսկ ապրիլի 15-ին նրա գլխավորությամբ ստեղծվում է Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը: Շահումյանը խորհրդի կազմի մեջ դաշնակցականներին էական դերակատարությունից զրկում է, սակայն ՀՅԴ-ն, հավատարիմ մնալով հայության շահերին, իր մոտ 5000-անոց ռազմական ջոկատներն առաջնորդում է ճակատ` թուրքերի դեմ:

Խոսելով հայերի զինված ուժերի՝ Բաքվի կոմունայի պաշտպանությանը մասնակցելու մասին` այն ժամանակ Կովկասյան ռազմաճակատի գլխավոր շտաբի պետ, գեներալ Կորզանովը գրել է. «Հայերը տարածքային հավակնություններ չունեին, այլ միայն սահմանափակվում էին Բաքվի մարզի պաշտպանությամբ, քանի որ Բաքուն

թուրք-թաթարների կողմից գրավվելու դեպքում հայկական խաղաղ ազգաբնակչությունը անխուսափելիորեն կոչնչացվեր: Բացի դրանից, թշնամական ուժերի մի մասի զբաղված լինելը Բաքվի ճակատում հեշտացնում էր Հայաստանի ռազմական ընդհանուր դրությունը»:

Սակայն դա չկարողացան գիտակցել անձամբ Շահումյանը և Բաքվի բոլշիկ պարագլուխները: Նրանց ապաշնորհ գործելաոճի հետևանքով Բաքվի շուրջ թուրքերի օղակը գնալով սեղմվում է: Հուլիսին իրավիճակը ճգնաժամային է դառնում: Կոմունան այլևս անկարող էր պայքարել: ճակատում մնում են միայն հայկական զորամիավորումները: Եվ այս ճակատագրական պահին Բաքվի կոմունան` Ստեփան Շահումյանի գլխավորությամբ, փախուստի է դիմում` թողնելով բնակչությանը թուրքական յաթաղանին: Շահումյանն իր հետ Բաքվից տանում է գանձարանը, զենք- զինամթերքը` քաղաքի պաշտպաններին թողնելով անհույս վիճակում: Հայկական զորամիավորումները պայքարում են մինչև արյան վերջին կաթիլը: Սեպտեմբերի 16-ին թուրքերը, մտնելով Բաքու, արյան նախճիր են սարքում, որին զոհ է գնում 30 հազար հայ:

Շուտով փախուստի դիմած Բաքվի կոմունան գերվում է: 1918 թ. սեպտեմբերի 20-ին Շահումյանին ու նրա զինակիցներին գնդակահարեցին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: