Հայերեն   English   Русский  

ԱՐՇԱԿ ՏԵՐ- ՂՈՒԿԱՍՈՎ` քաջ, հմուտ զինվորական և ազնվագույն անձնավորություն


  
դիտումներ: 4399

Դեպի Բայազետ արշավանքից առաջ նա զորքի առաջ ասաց իր նշանավոր ճառը. «Եղբայրնե՛ր, մերոնց սովամահ են անում, մերոնք տանջվում են և մեռնում Բայազետում: Գնանք նրանց հետ մեռնելու»:

Հայ զինվորական միտքը փայլատակել է հազարամյակներ շարունակ: Ցավոք, ոչ միշտ է հայ զորականը զենք բարձրացրել հայոց պետականության համար: Հանգամանքների բերումով հազարավոր հայեր ծառայել են օտար բանակներում: Սակայն անգամ օտար դրոշի տակ բարձր են պահել հայի ու հայ զինվորականության պատիվը:

Այդ երախտավորներից է ռուսական կայսերական բանակի զորավար, 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշակ (Արզաս) Հարությունի Տեր-Ղուկասովը:

Փառապանծ է նրա ուղին:

Դեպի Բայազետ արշավանքից առաջ նա զորքի առաջ ասաց իր նշանավոր ճառը. «Եղբայրնե՛ր, մերոնց սովամահ են անում, մերոնք տանջվում են և մեռնում Բայազետում: Գնանք նրանց հետ մեռնելու»:

Հայ զինվորական միտքը փայլատակել է հազարամյակներ շարունակ: Ցավոք, ոչ միշտ է հայ զորականը զենք բարձրացրել հայոց պետականության համար: Հանգամանքների բերումով հազարավոր հայեր ծառայել են օտար բանակներում: Սակայն անգամ օտար դրոշի տակ բարձր են պահել հայի ու հայ զինվորականության պատիվը:

Այդ երախտավորներից է ռուսական կայսերական բանակի զորավար, 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշակ (Արզաս) Հարությունի Տեր-Ղուկասովը:

Փառապանծ է նրա ուղին:

Ապագա զորավարը ծնվել է 1819 թ. հունվարի 8-ին Թիֆլիսում: Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի հայության կրթական դարբնոցում` Ներսիսյան վարժարանում: Ավարտելով դպրոցը` նա տեղափոխվել է Պետերբուրգ, ընդունվել ճանապարհային հաղորդակցության ինստիտուտը և ավարտել 1839 թ.: Ստանալով ճարտարագետի որակավորում` Արշակ Տեր-Ղուկասովը վերադառնում է Կովկաս և աշխատանքի անցնում Ռազմավիրական ճանապարհի շինարարությունում: Շուտով նրա պաշտոնը բարձրացնում են, և շնորհալի ճարտարագետը նշանակում է ստանում Կովկասի հաղորդակցության վարչությունում որպես երկրորդ վարչության կառավարիչ:

Սակայն Արշակ Տեր-Ղուկասովը, չնայած հաջող աշխատանքին և գրավիչ հեռանկարին, թողնում է ամեն ինչ և 1850 թ. անցնում զինվորական ծառայության: Այս բնագավառում էլ շնորհալի հայորդին արագ աչքի է ընկնում և վեր սլանում ծառայողական սանդղակով:

Արշակ Տեր-Ղուկասովի ծառայությունն անցնում է Կովկասում` Բաքվում: 1852 թ. նա արդեն գումարտակի հրամանատարի պաշտոն էր ստացել Ապշերոնյան գնդում` մայորի զինվորական կոչումով: Այս պաշտոնում նա Դաղստանում մասնակցեց Կովկասի լեռնականների դեմ պատերազմին և աչքի ընկավ Բուրդալա և Դիլիմ աուլների մարտերում:

Մարտերում ցուցաբերած խիզախության և հմտության համար Տեր-Ղուկասովը շուտով (1859 թ.) նշանակվում է գնդի հրամանատար: Հենց նրա առաջնորդությամբ ռուսական բանակը գրավեց Շամիլի ապաստարանը` Գունիբ քաղաքը: Այս օպերացիայի համար Արշակ Տեր-Ղուկասովը պարգևատրվեց Սբ. Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով:

1865 թ. Արշակ Տեր-Ղուկասովն արժանացավ գեներալական ուսադիրների և նոր նշանակում ստացավ` 19-րդ հրետանային դիվիզիայի փոխհրամանատար` միաժամանակ ստանձնելով Թերեքի մարզի կառավարչի պաշտոնը: Մեկ տարի անց նա նշանակվում է 38-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար, իսկ 1874 թ. արժանանում գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման:

1877 թ. սկսվում է ռուս-թուրքական պատերազմը, որը նոր հորիզոններ է բացում գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասովի համար:

Նա ստանձնեց Երևանյան զորաջոկատի հրամանատարությունը և մարտի դաշտ նետվեց: Նրա սուրը փայլեց հատկապես Բայազետի ճակատում: Դեռևս ապրիլ ամսին նրա զորախումբը, առանց դիմադրության, մտավ թուրքերից դատարկված Բայազետ` հին հայկական Դարոյնք քաղաքը: Արշակ Տեր-Ղուկասովի զորաբանակի առաջին իսկ հարվածներից հետո Ալի Քեմալ փաշան փախուստի դիմեց: Տեր-Ղուկասովը, այստեղ թողնելով սակավաթիվ բերդապահ զորք, ճակատի հրամանատար կոմս Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ շարժվում է Էրզրումի (Կարին) ուղղությամբ` ճանապարհին գրավելով Դիադինը, Ղարաքիլիսան, Ալաշկերտի հովիտը:

Այստեղ` հունիսի 4-ին Դրամդաղի ճակատամարտում, Արշակ Տեր-Ղուկասովը ջախջախիչ հարված հասցրեց Մուխտար փաշայի մեծաքանակ զորքերին և շարունակեց հաղթական երթը դեպի Էրզրում: Սակայն Արշակ Տեր-Ղուկասովին վիճակված չէր մասնակցել Էրզրումի ազատագրմանը:

Տեսնելով ռազմաճակատում թուրքական բանակի անհուսալի վիճակը` Վանի Իսմայիլ փաշան, 25000-ոց բանակով հարավից շրջանցելով ռուսական բանակը, հայտնվեց նրա թիկունքում ու արշավեց Բայազետի վրա` պաշարելով ամրոցը: Բայազետի ամրոցը պաշտպանում էին 1600 ռուս զինվորներ ու մոտ 20000 հայ բնակիչներ: Թուրքերը մեծաքանակ բանակով պաշարեցին այն ու գրոհի անցան: Ամրոցի պաշտպանները հերոսաբար դիմադրում էին: Սակայն զենք-զինամթերքի և սննդամթերքի միջոցները սուղ էին: Բայազետի անկումով ռուսական բանակը կհայտնվեր շրջապատման վտանգի տակ: Եվ ահա ռազմաճակատի հրամանատար կոմս Լոռիս-Մելիքովի հրամանով Արշակ Տեր-Ղուկասովը օգնության է շտապում պաշարյալներին: Դեպի Բայազետ արշավանքից առաջ նա զորքի առաջ արտասանեց իր նշանավոր ճառը. «Եղբայրնե՛ր, մերոնց սովամահ են անում, մերոնք տանջվում են և մեռնում Բայազետում: Գնանք նրանց հետ մեռնելու»:

Ութ օրում անցնելով 200 վերստից ավելի ճանապարհ` նա արագ երթով իր զորաջոկատը հունիսի 28-ին հասցրեց Բայազետ, հարվածեց թշնամուն, նահանջի մատնեց նրան և ազատեց պաշարյալներին, որոնք արդեն 27 օր հերոսաբար դիմադրում էին ասկյարներին: Այս սխրանքի համար ռուսական կայսերական կառավարությունը Արշակ Տեր-Ղուկասովին պարգևատրեց «Սպիտակ արծիվ» և Սուրբ Գեորգիի երրորդ աստիճանի շքանշաններով, իսկ հետագայում օտարազգի ռազմագետները Տեր-Ղուկասովի այս արշավանքը համեմատեցին մ.թ.ա 400 թ. հույն զորավար և պատմիչ Քսենոֆոնի նշանավոր նահանջի հետ:

Այս իրադարձությունները հետագայում տեղ գտան մեծանուն վիպասան Րաֆֆու «Խենթը» վեպում:

Բայազետից հետո Արշակ Տեր-Ղուկասովը դարձյալ զորաշարժ է կատարում դեպի արևմուտք և հոկտեմբերի վերջին Դևեբոյնի վճռական ճակատամարտում ջախջախում է Մուխտար փաշայի թվական գերակշռություն ունեցող բանակը:

1878 թ. հունվարին Արշակ Տեր-Ղուկասովը նշանակվեց Ախալցխայի զորախմբի հրամանատար: Իսկ ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո նշանակվեց Անդրկասպյան զորքերի հրամանատար, որոշ ժամանակ անց` Կովկասյան երկրորդ կորպուսի հրամանատար:

Նրա ժամանակակիցները և զինակիցները, առանց բացառության, գեներալ Արշակ Տեր-Ղուկասովին նկարագրում են որպես քաջ, հմուտ զինվորական և ազնվագույն անձնավորություն:

Արշակ Տեր-Ղուկասովը շատ արագ զինվորական կարիերա ապահովեց իր համար: Սակայն դա նրա առողջության վրա թանկ նստեց: 1880 թ. նրան շնորհվեց գեներալ-համհարզի (գեներալ-ադյուտանտ) զինվորական կոչում: Բայց դա այլևս չէր կարող ուրախացնել շնորհալի և քաջ հայորդուն: Նրա առջողությունը քայքայվում էր: Արշակ Տեր-Ղուկասովը մեկնեց արտասահման բուժվելու: Սակայն բուժումը արդյունք չտվեց: Կիսատ թողնելով` նա վերադարձավ Թիֆլիս, իջևանեց Թիֆլիսի «Լոնդոն» հյուրանոցում, ուր անցկացրեց կյանքի վերջին օրերը: 1881 թ. հունվարի 8-ին քաջարի գեներալը 62 տարեկան հասակում կնքեց մահկանացուն:

Ռուսական կառավարությունը ստանձնեց գեներալի թաղման ծախսերը: Աճյունն ամփոփեցին Թիֆլիսի սուրբ Գևորգ եկեղեցու բակում: Տեր-Ղուկասովի թաղմանը ներկա էր ողջ Թիֆլիսը` արհեստավորից մինչև ազնվական: Նրա դագաղը տանողների մեջ էր Կովկասի փոխարքան` կայսեր եղբայր Միխայիլ Նիկոլաևիչ Ռոմանովը:

Ժամանակագիրները նշում են, որ թաղման ավարտին Արշակ Տեր-Ղուկասովի շիրմաթումբը զարդարված էր երկու ծաղկեպսակով` «Ալաշկերտի հայ գաղթականների կողմից» և «Թիֆլիսահայության կողմից»:

ՎահեԱՆԹԱՆԵՍՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: