Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն հայտարարել է Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի ավարտի մասին


  
դիտումներ: 239

Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն ավարտված է: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այդ մասին նշված է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի հայտարարությունում:

«Սիրիայում «Իսլամական պետության» ոչնչացման առաքելությունն ավարտվում է: Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները Սիրիայում ներկայումս ոչնչացնում են «Իսլամական պետության» մնացած ահաբեկիչներին: Միացյալ Նահանգները շարունակում են խորհրդակցել իր ընկերների և դաշնակիցների հետ ապագային առնչվող ծրագրերի մասին»,- նշված է հայտարարությունում:

Ավելի վաղ ամերիկյան զանգվածային լրատվական միջոցները, Սպիտակ տան աղբյուրներին հղում կատարելով, տեղեկություն են տարածել, թե Միացյալ Նահանգներն աշխատում են Սիրիայից իրենց զորքերի դուրս բերման ծրագրի ուղղությամբ:

«Սիրիայում Միացյալ Նահանգների ներկայության հիմնական պատճառը եղել է «Իսլամական պետության» դեմ պայքարը, որը, կարելի է ասել, ավարտվել է: Եթե Սաուդյան Արաբիան ցանկանում է, որ ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում շարունակվի, ապա պետք է համապատասխան գումար վճարի: ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դեմ հաջող պայքար է ծավալել, սակայն արդեն տուն վերադառնալու ժամանակն է»,- հայտնել են ԶԼՄ-ները:

Ավելի վաղ Թուրքիան բազմիցս մեղադրել է Միացյալ Նահանգներին այն բանում, որ նրանք չեն պահել իրենց՝ YPG-ն (սիրիական քրդերի ինքնապաշտպանության ուժեր) Մանբիջից դուրս բերելու խոստումն այն բանից հետո, ինչ քրդական խմբավորումները 2016 թ-ի հունիսին քաղաքն ազատել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: