Հայերեն   English   Русский  

​Ի՞նչ է հայցադիմումը և ինչ պետք է իմանալ հայցադիմում ներկայացնելու մասին


  
դիտումներ: 3451

Շարունակելով քաղաքացիական դատավարության թեման, այս համարում կանդրադառնանք հայցադիմումին և հայցադիմումին ներկայացվող պահանջներին։

Դատարան դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայցադիմում։ Խորհուրդ է տրվում հայցադիմում կազմելու համար դիմել իրավաբանի, սակայն շատերը, չլինելով իրավաբան, ինքնուրույն կարողանում են կազմել հայցադիմում՝ օգտվելով տիպային օրինակներից, ծանոթանալով օրենքով նախատեսված պահանջներին, ինչպես նաև խորհրդակցելով փորձ ունեցող ծանոթների հետ։

Որո՞նք են օրենքով հայցադիմումին առաջադրվող պահանջները։

Հայցադիմումը ներկայացվում է գրավոր: Հայցադիմումում պետք է նշվեն`

- դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.

- գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը (այսուհետ` անուն), իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը դրա առկայության դեպքում, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը.

- հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման.

- հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները.

- հայցապահանջները հաստատող ապացույցները.

- բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը.

- հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս՝ հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները.

- հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Հայցադիմումում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, եթե դրանք անհրաժեշտ են վեճի ճիշտ լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները:

Հայցադիմումը պետք է ստորագրվի հայցվորի կամ լիազորված ներկայացուցչի կողմից:

Դատարանը, ստանալով հայցադիմումը, ընդունում է այն, մերժում է կամ վերադարձնում է։

Հայցադիմումն ընդունվում է, եթե պահպանվել են հայցադիմումին առաջադրվող ձևական պահանջները։ Հայցադիմումը մերժվում է, եթե՝

- վեճը ենթակա չէ դատարանում քննության.

- նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.

- այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.

- նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի:

Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե`

- չեն պահպանվել հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջները.

- հայցադիմումն ստորագրված չէ կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.

- գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին.

- այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.

- չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը կամ նման միջնորդությունը մերժվել է.

- մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողներին ուղղված միմյանց հետ չկապված պահանջներ.

- մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն վերադարձնելու համար.

- ամուսինը կնոջ հղիության ժամանակ կամ երեխան ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության դիմում է տվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: