Հայերեն   English   Русский  

Երվանդ Տեր-Ավետիքյանի 100-ամյա առանձնատունը, որտեղ մինչ օրս ապրում են նրա ժառանգները


  
դիտումներ: 1978

Հանրապետության փողոցը, որ 1856 թ. անվանվել է Գուբերնսկայա, 1921-ին՝ Լենինի, 1950-ին՝ Ալավերդյան, իսկ 1990-ից՝ Հանրապետության, առատ է ցարական ժամանակաշրջանի երևանյան գեղեցիկ շենքերով:

Դրանցից մեկն էլ Հանրապետության 24 հասցեում՝ «Երևան» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող սև տուֆից կառուցված երկհարկանի նրբագեղ շենքն է: Հարյուրամյակը բոլորած այս կառույցը ժամանակին եղել է Երվանդ և Իսահակ Տեր-Ավետիքյանների առանձնատունը: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ այն կառուցվել է 1905 թ., սակայն շենքի հին բնակիչները հավաստիացնում են, որ ավելի հին է՝ 1900-1901 թվականների: Շենքը տեղական նշանակության հուշարձան է, ներառված է Երևան քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում, սակայն անմխիթար վիճակը, կցակառույցները, անճաշակ գովազդային պաստառներն ու ժամանակին իրականացված անօրինական շինարարական աշխատանքները, որոնց հետևանքով որոշակիորեն փոխվել է շենքի նախնական տեսքը, հիմք են տալիս ենթադրելու, որ այն պատկան կառույցների ուշադրությունից բավական հեռու է:

Շենքը բազմաթիվ սեփականատերեր ունի, մեծ մասում բիզնես նշանակության տարածքներ են, սակայն մի հատված դեռևս պահպանված է իբրև բնակելի, որտեղ շարունակում են ապրել շենքի հնաբնակները, իսկ որ ամենաուշագրավն է, Տեր-Ավետիքյանների անմիջական ժառանգները:

Երվանդ Տեր-Ավետիքյան. կառուցապատող, բարերար

Երվանդ Տեր-Ավետիքյանի 100-ամյա առանձնատուն

2013 թ. նոյեմբերի 25-ին Երևանի ավագանին միաձայն հավանություն է տվել Երևան քաղաքի նշանավոր կառուցապատող և բարերար Երվանդ Տեր-Ավետիքյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը (կիսանդրին) Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում տեղադրելուն:

Որոշման ընդունման համար հիմք է եղել ՀՀ Ազգային ժողովից Երևանի քաղաքապետին ուղղված Երվանդ Տեր-Ավետիքյանի ծոռան՝ Զաքար Տեր–Ավետիքյանի դիմումը, որով վերջինս առաջարկել է Երևան քաղաքի կառուցման և զարգացման գործում նշանակալի ավանդ և զգալի ներդրում ունենալու համար Երևանում տեղադրել Երվանդ Տեր-Ավետիքյանի կիսանդրին:

Դիմում-առաջարկում ներկայացված են Երվանդ Տեր-Ավետիքյանի կատարած գործերը, նրա ջանքերով կառուցված հիմնական կառույցները: Այդ ցանկում, օրինակ, ներառված է Ֆիլհարմոնիայի փոքր համերգասրահի շենքը Աբովյան փողոցում, որի կառուցումն ավելի շատ կապվում է Ալեքսանդր Մանթաշյանցի անվան հետ, սակայն դիմումատուն նշել է, որ շենքը, ներառյալ՝ Իտալիայում պատվիրված ջահը, կառուցվել և կահավորվել է բացառապես Տեր-Ավետիքյանի ֆինանսական միջոցներով:

Ըստ Զաքար Տեր-Ավետիքյանի՝ իր մեծ պապի միջոցներով են կառուցվել նաև պետական համալսարանի և 1-ին հիվանդանոցի շենքերը Աբովյան փողոցում, ֆինանսների նախարարության շենքը Նալբանդյան փողոցում, Ռուսական տաճարը Շահումյան հրապարակում, քաղաքի 1-ին փոքրիկ հիդրոկայանը, Թուրքիան Հայաստանին միացնող նշանավոր Մարգարայի կամուրջը, Երևան-Ջուլֆա երկաթուղագծի բոլոր կամուրջները, նրա միջոցներով է վերականգնվել Նորքի Սբ. Մարիամ Աստվածածին ավերված եկեղեցին և այլն:

Ցավոք, Երևանի ավագանու որոշումը մնացել է թղթին. Երվանդ Տեր-Ավետիքյանի կիսանդրին այդպես էլ չի կառուցվել ու չի տեղադրվել իր առանձնատան շենքի հարակից տարածքում և այսօր այնտեղ չկա գեթ մի վկայություն, որ շենքը պատկանել է Տեր-Ավետիքյաններին: Կան տեղեկություններ նաև, որ շենքի ճարտարապետը եղել է հենց ինքը՝ Երվանդ Տեր-Ավետիքյանը:

Խորհրդային կարգեր և ազգայնացում. առանձնատունը՝ հանրային սեփականություն

Երվանդ Տեր-Ավետիքյանի 100-ամյա առանձնատուն

Խորհրդային տարիներին Երվանդ և Իսահակ Տեր-Ավետիքյանների տունը, ինչպես և մյուս երևելի և հարուստ երևանցիների տները, ազգայնացվել են ու դարձել բազմաբնակարան շենքեր: Տեր-Ավետիքյաններին նույնպես շենքից բնակարան է բաժին հասել: Նրանց ժառանգները, մասնավորապես՝ Երվանդ Տեր-Ավետիքյանի թոռն իր ընտանիքով մինչ օրս ապրում է այնտեղ:

Երբ մտնում ես շենքից ներս, հնուց պահպանված ընդարձակ շքամուտքն ու յուրահատուկ փայտե աստիճանները հուշում են, որ այստեղ մեկդարյա պատմություն կա, բայց նաև ցավում ես, որ այդ ամենը սարսափելի անմխիթար ու անխնամ վիճակում է:

Ժամանակին այստեղ 23 ընտանիք է ապրել: Այժմ մնացել են 5-ը, ներառյալ՝ Տեր-Ավետիքյանների ժառանգները: Ցավոք, ինչ-ինչ պատճառներով հնարավոր չեղավ խոսել Երվանդ Տեր-Ավետիքյանի թոռան՝ Արման Տեր-Ավետիքյանի հետ, սակայն հայտնի գերդաստանի մասին պատմեց 1949 թվականից այստեղ ապրող նրանց հարևանը՝ Պոլիտեխնիկի (Ճարտարագիտական համալսարան) դասախոս, դոցենտ Ռադիկ Քրմոյանը:

Երվանդ Տեր-Ավետիքյանի 100-ամյա առանձնատուն

«Հայրս դպրոցի տնօրեն էր, 1949 թվականին այս տունը ստացավ, տեղափոխվեցինք այստեղ: Այդ ժամանակ ես 9 տարեկան էի: Փաստորեն մոտ 70 տարի այստեղ եմ ապրում,- ասում է պարոն Ռադիկը,- Տեր-Ավետիքյանները հենց մեր վերևում էին ապրում: Երբ մենք եկանք, Երվանդ Տեր-Ավետիքյանն արդեն չկար, մահացել էր, բայց կնոջը՝ տիկին Էմմային, հիշում եմ: Մի աղջիկ ու տղա ունեին: Աղջիկը բժշկուհի էր, չամուսնացավ, շուտ մահացավ: Տղան՝ Էմիլը, շատ շնորհալի ճարտարապետ էր, կրթված, քաղաքի հազվագյուտ մարդկանցից էր: Վրդովված էր սովետական իշխանություններից: Էմիլը երկու որդի ուներ՝ Առնոն և Արմանը: Առնոն հիմա Մոսկվայում է, իսկ Արմանն ապրում է հենց մեր վերևում, մի տղա ունի, որը նույնպես ճարտարապետական ուղղությամբ է գնում, պոլիտեխնիկի ուսանող է: Երվանդի եղբոր ժառանգներն էլ էին էստեղ ապրում, տղաներից մեկը սովետի ժամանակ գինու գործարանի տնօրեն էր: Շատ խելացի, ինտելիգենտ մարդիկ էին: Ուրիշ տեղ տուն ստացան, գնացին»:

Բացի 5 հնաբնակ ընտանիքների բնակարաններից, շենքի մնացած հատվածներն օգտագործվում են բիզնես նպատակներով: Օրինակ՝ այստեղ է գտնվում սիրիահայերի հիմնած հայտնի «Զաթար Պիցցա» խորտկարանը:

Հարևաններն ասում են, որ 70-ականներին իշխանությունները որոշել են քանդել շենքը, բայց Երվանդ Տեր-Ավետիքյանի որդու՝ Էմիլի շնորհիվ այն պահպանվել է: Հարևաններից մեկն էլ ասում է, որ իրենց շենքն անվանել են նաև Հին երևանցու շենք:

Երվանդ Տեր-Ավետիքյանի մեխանիկական գործարանը

Պատմամշակութային շենքի անմիջապես աջ թևին կիպ կպած՝ մի բարձրահարկ բիզնես կենտրոն է վեր խոյանում, որը տարիներ առաջ է կառուցվել և բոլորովին համահունչ չէ հուշարձան շենքին: Բարձրահարկի տարածքում ժամանակին եղել է Տեր-Ավետիքյանների մեխանիկական գործարանի մի հատվածը: Խորհրդային տարիներին այն դարձել է տպարան, հետո մասնավորեցվել է, վերջապես վաճառվել ներկա բիզնես տարածքի իրանահայ սեփականատերերին:

Պարոն Ռադիկը պատմում է, որ վերջերս, երբ վերանորոգել են իրենց նկուղը, հին չուգունի կտորներ են գտել, նաև խողովակներ, որոնց վրա գրված է եղել՝ Տեր-Ավետիքով:

Այո, XX դարասկզբին այստեղ (առանձնատան բակային հատվածում) գտնվել է Երևանի ամենահին գործարաններից մեկը, իսկ որոշ տվյալներով՝ առաջին մեխանիկական գործարանը, որը հիմնադրել է Երվանդ Տեր-Ավետիքյանը:

Երվանդ Տեր-Ավետիքյանի 100-ամյա առանձնատուն

Գործարանի պատմությունը, ըստ ճարտարապետ Մարիետա Գասպարյանի, սկսվում է 1891 թվականից, Աստաֆյան (Աբովյան) փողոցում գտնվող փականագործական արհեստանոցից, որն ավելի ուշ սկսել է աշխատել մեխանիզացված տեխնոլոգիաներով, այնտեղ գործել են տարբեր արտադրամասեր, և ձեռնարկությունը վերափոխվել է առավել ընդարձակ կառույցի ու տեղափոխվել Նազարովսկայա (Ամիրյան) փողոց:

« XX դարասկզբին՝ ամենայն հավանականությամբ 1905 թվականին, Գուբերնսկայա (Հանրապետության) փողոցում գտնվող իր սեփական տարածքում Երվանդ Տեր-Ավետիքյանը կառուցել է գործարանի մասնագիտացված հատվածը, որում ներառվել են ձուլարանը, կաթսայատունը, մեխանիկական-մեքենաշինական, ինժեներական, դարբնագործական և այլ արտադրամասերը»,- գրում է Գասպարյանը:

Գործարանն արտադրել է սեղմակներ, պոմպեր, այդ թվում և սեփական «Արաքս» և «Ախուրյան» մեխանիզմներով գինու պոմպեր, աղացներ, բրնձի մաքրման մեքենաներ, կամուրջների և լաստանավերի մեխանիզմներ, ջրամբարներ, սյուներ, աստիճաններ և այլն: «Փաստորեն այս գործարանն Ալեքսանդրապոլում գտնվող Հեքիմյանի մետաղագործական գործարանի հետ ապահովել է ողջ տարածաշրջանը արդյունաբերական սարքավորումներով և մետաղական շինարարական մեխանիզմներով»:

1920 թ. գործարանն ազգայնացվել է և շարունակել է գործել նույն վայրում: 1926 թ. այն անվանակոչվել է Ձերժինսկու անվամբ, իսկ 1930-ին տեղափոխվել է Օրջոնիկիձեի (Արշակունյաց) փողոց:

Երվանդ Տեր-Ավետիքյանի 100-ամյա առանձնատուն

Երվանդ Տեր-Ավետիքյանի 100-ամյա առանձնատուն

Տեր-Ավետիքյանները Երևանում նշանավոր և հարգված գերդաստան են եղել: Նրանց եղբայրներից մեկը՝ Արամ Տեր-Ավետիքյանը, եղել է հայտնի բժիշկ: Նրա առանձնատունը Երևանի Աբովյան 1/1 հասցեում (նախկինում՝ Աստաֆյան 17) գտնվող ամենագեղեցիկ շենքերից մեկն է, որի պատմությունն արդեն ներկայացրել ենք:

Ճարտարապետ Մարիետա Գասպարյանը բժիշկ Տեր-Ավետիքյանի տան մասին գրելիս նշում է. «Տեր-Ավետիքյանների ամբողջ գերդաստանը հին Երևանում հայտնի անձնավորություններ են եղել: Արամ Տեր-Ավետիքյանի հայրը` Նազար Տեր-Ավետիքյանը, ռուս-պարսկական պատերազմում ռուսական զորքերին օգնություն ցուցաբերելու համար ցարական հրամանագրով որպես պարգևատրում ստացել է ազնվականի տիտղոս, որը ժառանգաբար անցել է նրա տղաներին»:

Երևանից դուրս ապրած հայ մեծահարուստ բարերարների՝ Մանթաշյանցի, Արամյանցի և մյուսների կյանքն ու գործունեությունը որոշակիորեն արժևորվել ու գնահատվել են, սակայն երևելի հին երևանցիներից շատերի մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք: Այդպիսի չբացահայտված մի կերպար էլ փաստորեն Երվանդ Տեր-Ավետիքյանն է և առհասարակ Տեր-Ավետիքյանների գերդաստանը:

Երվանդ Տեր-Ավետիքյանի կիսանդրու նախագծի հեղինակներն են եղել ՀՀ ժողովրդական նկարիչ-քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը։ Խաչատուր Իսկանդարյանը, որ երկար ժամանակ պայքարել է կիսանդրու տեղադրման համար, իր նպատակը չիրականացրած՝ մահացել է 2015 թ. մարտի 29-ին: Նախագծի մյուս հեղինակը՝ Ասլան Մխիթարյանը, հիշում է. «Շատ գեղեցիկ նախագիծ էր: Լավ կլիներ, որ այդ կիսանդրու տեղադրմամբ գոնե հին քաղաքի մի կտոր պահպանվեր: Եթե կիսանդրին տեղադրվեր՝ հետագայում շենքի պահպանման համար էլ կարևոր կլիներ: Պարոն Իսկանդարյանը, լինելով պատվավոր երևանցի, բարձրաճաշակ, շնորհաշատ քանդակագործ, շատ պայքարեց, բայց ապարդյուն»:

Ճարտարապետը դժվարացավ ասել, թե որն էր նախագծի չիրականանալու պատճառը: Համաձայն հուշարձանի հեղինակների ներկայացրած նախահաշվի՝ քանդակի մոտավոր արժեքը կազմում էր 8000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Մի՞թե այդ գումարը չի գտնվել: Ցավալի է, որ երևանյան իշխանությունները միջոցներ են գտնում հազար ու մի երկրորդական ծրագրերի համար, բայց միջոցներ չեն գտել Երվանդ Տեր-Ավետիքյանի կիսանդրու կառուցման ու տեղադրման համար: Մինչդեռ Երևանի համար շատ ավելի արժեքավոր կլիներ, եթե իր սրտում հավերժացվեր իր պատմությունը կերտած նշանավոր երևանցու հիշատակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: